Վիճակը ծանր է.Գևորգ Յազըճյան
«Թեև տարեվերջին արևելյան Հալեպի հարցը ռազմական լուծում գտավ, սակայն դա չի նշանակում, որ պատերազմն ավարտված է:Աստանայում շուտով բանակցություններ են սկսելու, այնտեղ տարբեր խաղացողներ կան, որոնցից մեկին՝ քրդերին, Թուրքիայի պահանջով արդեն հասցրել են դուրս դնել բանակցությունների սեղանից: Սակայն այսօր անհնար է Սիրիայում քրդական գործոնն արհամարհել, որովհետև նրանք գետնի վրա ուժ ունեն», -Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց պատմաբան Գևորգ Յազըճյանը:
«Հայության վիճակը ծանր է և պետք է որոշել՝ արժե արդյոք Մերձավոր Արևելքի, մասնավորապես, Հալեպի հայկական գաղութը պահպանել այնպես, ինչպես կար:Պետք է որոշենք, արժե այդքան ջանքեր թափել, տասնյակ միլիոնավոր ծախսեր անել, երբ դեռ հստակ չէ, այդ երկրներն ինչ են մեզ համար, հյուրընկալ երկրնե՞ր են, թե՞ հայրենիք: Այդ քարոզչությունն, ի դեպ, անում է Արամ 1-ին կաթողիկոսը: Մարդկանց մեծ մասը ճամպրուկային տրամադրության մեջ է: Պետք է լինի համահայկական լուծում, որն, առանձնապես չեմ տեսնում: Կարկատաններ են, ամեն մի կառույց իր կողմից առաջարկություններ է անում, ծրագրեր է ներկայացնում, բայց մենք չենք որոշել հիմնական հարցը՝ պետք է մնանք այդ երկրներում, թե՝ ոչ», - հայտարարեց Գևորգ Յազըճյանը:
