«Լևոն Երանոսյանի պարգևը հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունի»․ Արտակ Զեյնալյան
Հայաստանի կառավարությունը չի ապահովել խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառելու համար պատասխանատու իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց ողջամիտ և վստահելի հաշվետվողականություն։ Այս մասին ասվում է օրերս հրապարակված Human Rights Watch-ի 2017թ. Համաշխարհային զեկույցում: Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը շեշտեց, որ ինքը լիովին համամիտ է վերոնշյալ զեկույցում տեղ գտած այս գնահատականի հետ։ «Այդպիսի գնահատականներ մենք նախկինում տվել էինք և ընդհնարապես Human Rights Watch կազմակերպության նմանատիպ մոտեցումը ձևավորվում է մեր տված գնահատականների հիման վրա, այսինքն, ես ամբողջությամբ կիսում եմ դրանք»,-նշեց Արտակ Զեյնալյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ դերակատարում ունի այդ հաշվետվողականությունը՝ ինչի մասին, որ խոսվում է զեկույցի մեջ, Արտակ Զեյնալյանը պատասխանեց․ «Պետությունը կլիներ ավելի ժողովրդավարական, ավելի իրավական, մարդիկ իրենց կզգային որպես իրենց երկրի տեր և նաև կզգային, որ երկրում փոփոխությունների շանս կա և կարելի կլիներ հասնել արդյունքի, որ երկրում իշխանությունը հնարավոր է փոխել և ընտրական ինստիտուտների միջոցով ձևավորել նոր իշխանություն և հավատալ դրան»։ Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում մատնանշվում է նաև, որ 2016թ․ հուլիսին և օգոստոսին ՀՀ իշխանությունները կամայականորեն կալանավորել են բողոքի ցույցերի հետ առնչություն ունեցող տասնյակ մարդկանց: Նկատենք նաև, որ 2016թ-ի դեկտեմբերին Սերժ Սարգսյանը ոսկե մեդալով է պարգևատրել Երևանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին «հասարակական կարգի գերազանց պահպանության» համար, ով հուլիսի 29-ին մասնակցել է ընդդեմ ցուցարարների իրականացված ոստիկանական գործողություններին, ինչին անդրադարձ է կատարվել նաև այս զեկույցում։ Այս համատեքստում պարոն Զեյնալյանը ընդգծեց․ «Կարծում եմ, որ այդ պարգևը ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի ժողովրդի անունից է տրված, այլ Սերժ Սարգսյանի անունից։ Դա անհատական, մասնավոր պարգև է, ինչը որևէ կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։ Դա անհամարժեք է, որովհետև ՀՀ-ն այդպիսի պարգև այդպիսի պարագայում տալ չի կարող»։
