Սերժ Սարգսյանը նոր առաջարկ է արել Գագիկ Ծառուկյանին
Հայկական ժամանակ թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականություն չմտնելու համար փոխհատուցում է առաջարկել. խոստացել է բոլոր փեսաներին պաշտոն տալ կամ նրանց թողնել իրենց պաշտոններին:Օրինակ, խոստացել է, որ փեսաներից Կարապետ Գուլոյանին՝ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդուն, կթողնի նույն՝ Կոտայքի մարզպետի պաշտոնում: Մյուս փեսային՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին էլ կընդգրկի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում, որ պատգամավոր դառնա, եթե, իհարկե, նման ցանկություն լինի: Հակառակ պարագայում Արգամ Աբրահամյանը կարող է մնալ քաղաքապետի իր պաշտոնում: Իսկ Ծառուկյանի երրորդ փեսային՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդուն՝ Դավիթ Մանուկյանին, ռեյտինգային ընտրակարգով նույն Կոտայքի մարզից նորից պատգամավոր կդարձնի: Հակառակ պարագայում Գագիկ Ծառուկյանին, ըստ նույն աղբյուրների, հասկացրել են, որ փեսաները պաշտոն չեն ունենա»:
