«Եթե օլիգարխների հետ կարելի է լավ զգալ, ուրեմն ոչինչ չունեմ սպասելու այդ վարչապետից»․ տնտեսագետ
Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը ակնկալիքներ չունի այն վարչապետից, «որն իրեն լավ, ապահով է զգում օլիգարխների հետ»։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Զոյա Թադեւոսյանը՝ անդրադառնալով այսօրվա ասուլիսում վարչապետ Կարեն Կարապետյանի արտահայտած մտքերին։ «Օլիգարխը միայն հարուստը չէ, այլ նաեւ այն անձը, որ ունի հարստություն եւ իշխանություն, եւ իշխանությունն իրեն օգտագործում է հարստացման նպատակով, այ դա է օլիգարխը։ Կապիտալի մասնավոր սեփականատերը դեռ օլիգարխը չէ, բայց երբ հարուստը ունի նաեւ իշխանության լծակներ եւ օգտագործում է հանուն իր շահերի, օլիգարխ է, ու եթե նման մարդկանց հետ վարչապետն իրեն լավ է զգում, ուրեմն ի՞նչ ասեմ․․․ Ցավում եմ, որ նման մարդկանց հետ վարչապետն իրեն լավ է զգում, եթե նրանց հետ կարելի է լավ զգալ, ուրեմն ոչինչ չունեմ սպասելու այդ վարչապետից»,-ասաց Թադեւոսյանը։ Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ երկրում մոնոպոլիաներ չկան, Թադեւոսյանը նկատեց, որ այն վարչապետի կողմից նախընտարական քայլ է․ «Որովհետեւ նախկինում ասում էր, որ կան մենաշնորհներ, իսկ թե որտեղ են այդ մենաշնորհները, չուզեց պարզաբանել, հիմա հակառակ գնահատականն է տալիս ինչը նշանանակում է, որ կուսակցության հեղինակությունը բարձրացնելու անհաջող փորձ է կատարում»։ Սեդա Ղուկասյան
