Գագիկ Ծառուկյանը կաշկանդված չէ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ չի շտապում քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարել։ Ինչպես Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, Գագիկ Ծառուկյանը դեռ չի հայտարարել իր վերադարձի մասին․«Ես որեւէ հստակ տեղեկատվության չեմ տիրապետում, պարոն Ծառուկյանն ասել է, որ հանդես կգա հայտարարությամբ, եւ ես ունեմ միայն այդ տեղեկությունը, որեւէ այլ տեղեկատվության այս պահին չեմ տիրապետում»,-ասաց նա։ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը «կաշկանդված չէ իր դիրքորոշումներն արտահայտելու հարցում»․ «Բազմիցս ասել եմ, որ պարոն Ծառուկյանն իր դիրքորոշման մասին կաշկանդված չէ որեւիցե կերպ խոսել»,-ասաց նա՝ հավելելով, որ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի հարցը չի քննարկվել կուսակցությունում։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը եւս տեղեկացված չէր կուսակցության հիմնադրի քաղաքական ապագայի մասին․ «Տեղյակ չեմ, իրենից հարցրեք, մեզ մոտ ոչ մի քննարկում չի եղել, սպասում ենք»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ տարեվերջին ԲՀԿ-ն քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ հրավիրեց, որի ժամանակ կուսակցության անդամներն ու համակիրները «Ծառուկյա՛ն, վերադարձիր» պահանջով ակցիա իրականացրեցին Ծառուկյանի առանձնատան դիմաց։ Այստեղ էլ Ծառուկյանը խոստացավ որոշ ժամանակ անց պատասխանել՝ կվերադառնա, թե ոչ մեծ քաղաքականություն։
