«Ցանկացած բռնություն պարզապես հետաձգում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը». Ռիչարդ Հոգլանդ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ռիչարդ Հոգլանդն անհամբերությամբ սպասում է տարածաշրջանային այցին` լսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հակամարտող կողմերի դիրքորոշումները: Այս մասին համանախագահը հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում` նշելով, որ մտադիր է սերտորեն աշխատել Մինսկի խմբի իր գործընկեր համանախագահների հետ՝ խրախուսելու կողմերի կառուցողական ն երգրավվածությունը` կարգավորման հետագա ուղին նախանշելու հարցում: -Պարո՛ն Հոգլանդ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ի՞նչ մոտեցումներ ունեք: -Ես մտադիր եմ սերտորեն աշխատել Մինսկի խմբի իմ գործընկեր համանախագահների հետ՝ խրախուսելու կողմերի կառուցողական ներգրավվածությունը հետագա ուղին նախանշելու հարցում: Իմ մասով ուզում եմ փաստել, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ համանախագահ երկրների միջնորդությամբ խաղաղ կարգավորում ապահովելու իր հանձնառությանը: -ՄԽ համանախագահները հունվարի 9-ին տարածած հայտարարության մեջ խուսափեցին հասցեական գնահատականներ տալ դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտ Ադրբեջանի սանձազերծած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ: Որքանո՞վ են անհասցե հայտարարությունները նպաստում հակամարտության կարգավորմանը: – Մինսկի խմբի համանախագահները հունվարի 9-ի հայտարարությամբ կողմերին կոչ արեցին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և խստիվ հետևել 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին: Ցանկացած բռնություն պարզապես հետաձգում է կարգավորումը և երկարաձգում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների տառապանքները: Վերջնական նպատակը պետք է լինի խաղաղությունն ու բարեկեցությունը տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: -Հնարավոր համարո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ընդգրկումը բանակցային գործընթացում` որպես բանակցող լիարժեք կողմ: – Անձամբ ես մոտ ապագայում որևէ արմատական փոփոխություն չեմ կանխատեսում: Ուզում եմ շեշտել, որ Համանախագահները նախկինում նշել են, որ մենք հասկանում ենք հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումները լսելու կարևորությունը: Իսկ այն, թե այդ դիրքորոշումներն ինչպես են ներառվելու բանակցություններում, մի հարց է, որ Համանախագահները շարունակում են քննարկել կողմերի հետ: –Առաջիկա ամիսներին համանախագահները ծրագրո՞ւմ են այցելել տարածաշրջան: – Իմ գործընկեր համանախագահները և ես խորհրդակցում ենք տարածաշրջան մեր հաջորդ այցի համար առավել հարմար ժամանակ գտնելու շուրջ: Անձամբ ես, անհամբերությամբ սպասում եմ այդ այցին, որպեսզի կարողանամ լսել բոլոր դիրքորոշումները: –Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում ե՞րբ է ծրագրվում: – Համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ ցանկացած ձևով, որը կարող է տևական կարգավորման հանգեցնել: Մենք շարունակում ենք խրախուսել նախագահներին ու արտաքին գործերի նախարարներին հանդիպել հնարավորինս շուտ՝ շարունակելու հիմնական հարցերի, այդ թվում՝ հրադադարի պահպանման կարևորության և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների լիարժեք կատարման համար քայլերի ձեռնարկման շուրջ կարևոր քննարկումները: Հարցազրույցը` Արաքս Կասյանի
