Վարչապետը՝ Ադրբեջանը վրացական գազատարը գնելու մասին.«Մի վախեցեք, լավ է լինելու»
Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեցին,որ եթե ՀՀ վարչապետը չլիներ Կարեն Կարապետյանը, ապա «Գազպրոմը» կգնա՞ր գազի գնի իջեցման, ի պատասխան նա ասաց . «Ընկերական հարաբերություններ կան, անձնական վստահությունը իսկապես գործոն է: Ես չեմ բացառում, որ ես վարչապետ եմ, դրա համար «Գազպրոմը» գնաց այդ գործարքին: Բոլորն ասում են՝ սա նախընտրական շոու է, դա այդպես չէ, ես ընդամենը ուզում եմ, որ տնտեսությունն ակտիվանա: Սա շաբաշ չէ: «Գազպրոմ»-ի ակնկալիքը ո՞րն է. շուկայի ընդլայնման պարագայում ինքը կորուստ չունենա: Մեկ տարվա մեջ եթե չկոմպենսացվեն այդ ծախսերը, նա կգնա՞ր այդ քայլին, կարծում եմ՝ ոչ»: Պատասխանելով հարցին՝ դամոկլյան սրի պես մեր գլխին կախված է այն խնդիրը, որ ադրբեջանական կողմը կարող է ձեռք բերել Վրաստանով անցնող գազամուղը, որն ապահովում է Հայաստան մատակարարվող գազի մի մասը, պատասխանեց. «Այս պահին որեւէ սպառնալիք չունենք, մեր գլխի վերեւը բան կախված չէ, մենք ունենք ալտերնատիվ գազամուղ: 25% ուզում են, թող առնեն, որեւէ վտանգ մենք չունենք: Մեզ պե՞տք է առնել, պետք չէ, այդ գումարը այնքան տեղ ունենք ծախսելու: Մի վախեցեք, լավ է լինելու»:
