Քննչական մարմինը փորձում է կոծկել Արմինե Առաքելյանի նկատմամբ իրավապահների կողմից հանցագործություն կատարելու փաստը
Արմինե Առաքելյանի նկատմամբ անցած տարվա հունիսին Երևանի Հանրապետության հրապարակում իրավապահների, ապա հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի 2016թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ: Քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Մաթևոսյանը որոշումը հիմնավորել է հանցակազմի բացակայությամբ՝ նշելով, որ հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից Արմինե Առաքելյանին ծեծի ենթարկելու մասին ապացույցներ ձեռք չեն բերվել, իսկ դրանք ձեռք բերելու հնարավորությունները սպառվել են: Ընդ որում՝ Արմինե Առաքելյանին բռնությամբ հիվանդասենյակ տեղափոխելու, նրան կապելու՝ բուժաշխատողների գործողությունները քննչական մարմինը գնահատում է օրինաչափ՝ «հաշվի առնելով Ա. Առաքելյանի ագրեսիվ վարքագիծը»: Հավելենք, որ Ա. Առաքելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը բազմիցս դիմել է քննչական մարմնին՝ հաշվի առնելով պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու հանգամանքը՝ գործը ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը հանձնելու հարցով: Սակայն քննչական մարմինը անընդհատ հետաձգում է հարցի լուծումը՝ փորձելով կոծկել իրավապահների կողմից հանցագործություն կատարելու փաստը, իսկ Քննչական կոմիտեի կողմից գործը քննելը տվյալ դեպքում համարում ենք անօրինական: ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի 2016թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ տեղեկացնում են նաև, որ քրեական գործն ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն՝ քրեական գործը ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը քննարկելու նպատակով: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
