Գյուլենական դպրոցները Մարոկկոյում փակվում են
РИА Новости-ն հայտնում է,որ Մարոկկոյի իշխանությունները հրահանգել են փակել բոլոր այն դպրոցները, որոնք կապ ունեն թուրք ընդդիմադիր գործիչ, նախկին իմամ եւ մահմեդական քարոզիչ, վտարանդի Ֆեթուլլահ Գյուլենի հետ:Առաջիկայում կփակվեն յոթ դպրոցներ, որոնք ունեն ընդհանուր առմամբ 2,5 հազար աշակերտներ, հիմնականում մարոկկացիներ: Մարոկկոյի իշխանությունները հայտարարել են, որ գյուլենական դպրոցները կրթական համակարգը օգտագործում են տարածելու համար այնպիսի գաղափարներ, որոնք հակասում են երկրի կրթական եւ կրոնական գաղափարախոսությանն ու սկզբունքներին: Հիշեցնենք,որ Գյուլենին պաշտոնական Անկարան մեղադրում է Թուրքիայում անցյալ տարվա հուլիսին պետական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ:
