Ալեկոծված աշխարհը 2016 թվականին

Անցնող տարին աշխարհի համար բուռն էր, սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ այն ալեկոծված աշխարհ էր: Ահաբեկչություններ, աշխարհաքաղաքական իրադարձություններ գերտերությունների և աշխարհի ազդեցիկ պետություններ, ԴԱԻՇ-ի դեմ պայքար և այլն... Թրամփի հաղթանակը` պատմական իրադարձություն Առանձնացնելով աշխարհի իրադարձությունները, թերևս, սխալված չենք լինի առաջինը նշել ԱՄՆ-ի ժողովրդի կողմից Դոնալդ Թրամփին վստահություն հայտնելն ու Հիլարի Քլինթոնի պարտությունը, որը նա ընդունեց և շնորհավորեց ընտրյալ նախագահին: Միացյալ Նահանգների Ընտրիչների կոլեգիան պաշտոնապես Դոալդ Թրամփին ընտրեց ԱՄՆ-ի 45-րդ նախագահ: Ամերիկյան պատմության վերջին տասնամյակների ամենալարված և դրամատիկ ընտրություններն ավարտվեցին հանրապետական Դոնալդ Թրամփի համոզիչ հաղթանակով: Նա Ընտրիչների կոլեգիայում վաստակեց 276 քվե, հաղթանակի համար անհրաժեշտ էր առնվազն 270: Նրա մրցակիցը՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը, ստացել է 218 քվե: Մինչդեռ համաժողովրդական քվեարկությամբ Քլինթոնը ստացել է մոտ 2 միլիոն 9 հարյուր հազար ձայն ավելի, քան հանրապետական մրցակիցը: Սա ամերիկյան պատմության ընթացքում հինգերորդ դեպքն է, վերջին տասնվեց տարվա ընթացքում՝ երկրորդը, երբ համաժողովրդական քվեարկությամբ հաղթող թեկնածուն չի ստանում ընտրիչների կոլեգիայի ձայների մեծամասնությունը: Տեսականորեն երկու թեկնածուները կարող են ստանալ ընտրիչների հավասար ձայներ: Այդ դեպքում նախագահին ընտրում է Ներկայացուցիչների պալատը։ Այդպես է պատահել 1800 և 1824 թվականներին։ Ամերիկյան ընտրություններում լարվածությունը կրկնապատկվեց այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ամերիկյան հետախուզությունը հայտարարեց, թե Ռուսաստանի կառավարությունը դեմոկրատական կուսակցության դեմ համակարգչային հարձակումների օգնությամբ փորձել է ընտրությունների ընթացքը փոխել հօգուտ Թրամփի: Միլիարդատեր գործարարը ամերիկյան հատուկ ծառայությունների եզրահանգումները անհիմն է որակել, պնդելով, որ չկա հաքերների հետ Ռուսաստանի կապը ապացուցող փաստ, և որ Մոսկվան աջակցել է իր թեկնածությունը: «Սա պատմական ու տպավորիչ ընտրական հաղթանակ էր ամերիկյան ժողովրդավարության մեջ»,- արդյունքների հրապարակումից հետո հայտարարեց Դոնալդ Թրամփը, հավելելով՝ «Սա հնարավոր դարձավ, քանի որ միլիոնավոր ամերիկացիներ ողջ երկրով մեկ համախմբվեցին ու իրենց աջակցությունը հայտնեցին: Հիմա արդեն մենք կարող ենք նայել պայծառ ապագային: Ես եռանդուն կերպով կաշխատեմ՝ միավորելու մեր երկիրը և կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը: Միասին մենք կրկին հզոր կդարձնենք Ամերիկան»: Սոցիալական ցանցերում իր ակտիվությամբ հայտնի ընտրյալ նախագահը նաև «Թվիթեր»-ում է գրառում թողել՝ դարձյալ կոշտ քննադատության ենթարկելով մամուլը: «Շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներին, հենց նոր պաշտոնապես հաղթեցինք ընտրություններում՝ չնայած աղավաղված ու ոչ ճշգրիտ լրատվամիջոցներին»,- գրել է Թրամփը: Ընտրիչների կոլեգիայի կողմից հաստատվելուց հետո, իր առաջին՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հայտարարությունը ևս Թրամփը սոցիալական ցանցի՝ «Թվիթեր»-ի օգնությամբ է տարածել: «Այսօր մենք ականատես եղանք ահաբեկչական հարձակումների Թուրքիայում, Շվեյցարիայում ու Գերմանիայում: Ընդ որում, վիճակը գնալով վատանում է: Քաղաքակիրթ աշխարհը պետք է փոխի իր մտածողությունը»,- գրել է Թրամփը՝ չմանրամասնելով ասելիքը: Ավելի ուշ նրա անցումային թիմը ոչ միայն դատապարտել է ռուս դեսպանի սպանությունը Թուրքիայում, այլև պնդել, որ այն իրականացրել են ծայրահեղական իսլամիստ ահաբեկիչները՝ ոտնահարելով քաղաքակիրթ աշխարհակարգի կանոնները: ««Իսլամական պետությունն» ու մյուս իսլամիստ ահաբեկիչները շարունակաբար կոտորում են քրիստոնյաներին՝ իրենց գլոբալ ջիհադի շրջանակներում: Այս ահաբեկիչներն ու նրանց տարածաշրջանային ու միջազգային ցանցերը պետք է ջնջվեն երկրի երեսից: Դա մի նպատակ է, որին մենք կհասնենք մեր բոլոր ազատատենչ դաշնակիցների հետ»,- հայտարարել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը: Ծանր ժամանակներ Ռուսաստանի ու Պուտինի համար 2016 թվականն, անշուշտ ծանր տարի էր Ռուսաստանի համար: ՌԴ հարաբերություններն արևմուտքի հետ աննախադեպ անկում ապրեցին, Ռուսաստանը պատժամիջոցների ենթարկվեց ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից: Պուտինը մեծ հույսեր է կապում ԱՄՆ նոր նախագահ Թրամփի հաղթանակի հետ: «Ես կհանդիպեմ Թրամփի հետ, երբ նա արդեն ավարտի իր թիմի ձևավորումը: Իսկ մեր առաջին հանդիպման հիմնական հարցը կլինի մեր երկրների հարաբերությունների կարգավորումը։ Թրամփի հաղթանակին ոչ ոք չէր հավատում, միայն մենք»: Եվ իհարկե, եթե Թրամփը Պուտինին հրավիրի Միացյալ Նահանգներ, նա «հրավերը կընդունի»։ Ռուս-ամերիկյան հարաբերություններն այժմ սառեցված են կամ հասցված՝ նվազագույն մակարդակի և ողջ աշխարհը սպասում է Թրամփի քաղաքականությանը` ՌԴ-ի հետ փոխհարաբերություններում: Պուտինը համարում է, որ Եվրամիության հետ հարաբերությունները Ռուսաստանին անհրաժեշտ են: ՌԴ նախագահն սիրիական հարցում, նրա բնորոշմամբ՝ «Հալեպի ազատագրման», հարցում մեծ դեր են ունեցել Իրանի և Թուրքիայի նախագահները, սակայն «առանց Ռուսաստանի ազատագրումը հնարավոր չէր լինի»։ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն այս տարի կրկին բարելավման հանգեցին: Երբ անցած տարի թուրքական ռազմական ուժերը թուրք-սիրիական սահմանին խոցեցին ռուսական ռազմական օդանավը` այդ հարաբերությունները կտրու վատթարացան, ՌԴ-ում մեծ հակաքարոզչություն սկսվեց ընդդեմ Թուրքիայի: Այժմ ռուսական ինքնաթիռի խոցելու հրամանը տրվել է առանց Էրդողանի ցուցման: Մեկ այլ փորձություն էր Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունն Անկարայում: Պուտինը Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը սադրանք որակեց. «Կատարված հանցագործությունը սադրանք է, որն ուղղված է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման և սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացների տապալմանը»։ Մոսկվայում այդ օրը նախատեսված էր Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը Սիրիայի հարցով։ Հարձակվողի ինքնությունն հայտնի է, նա Իզմիրի ոստիկանական ակադեմիայի շրջանավարտ 22-ամյա Մևլութ Ալթինթասն է։ Համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ հարձակվողը արաբերեն լեզվով բղավում է «Ալահ Ակբար», հետո անցնում թուրքերենի և հավելում, որ սա Հալեպում ռուսների գործողությունների պատասխանն է։ Ովքե՞ր են կանգնած այս միջադեպի հետևում, դեռ հայտնի չէ։ Նաև հայտնի չէ, թե ի՞նչ ազդեցություն կունենա այս միջադեպը ռուս-թուրքական մի քանի ամիս առաջ վերականգնված հարաբերությունների վրա։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դեսպան Կարլովի վրա զինված հարձակումը պրովոկացիա է անվանել: «Սա Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը խափանելուն ուղղված պրովոկացիա է, սակայն Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարությունը բավարար կամք ունի, որպեսզի չտրվելու այս պրովոկացիային», - հայտարարել է Թուրքիայի նախագահը: Այնուհետև Անկարան փորձեց հիմնավորել ռուս դեսպանի սպանության գյուլենական հետքի մասին պնդումը: Սպանության բացահայտմամբ զբաղվող հատուկ հանձնաժողովն ուսումնասիրել է մարդասպան Ալթընթաշի հեռախոսազրույցներն ու պարզել, որ վերջինս պարբերաբար կապի մեջ է եղել գյուլենականների սոցիալական ցանցի 8 օգտատիրոջ հետ: Թուրքական իշխանությունները շարունակում են պնդել, որ Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության հետևում գյուլենական կառույցն է կանգնած: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խոսքով` դեսպանին սպանած Մևլյութ Մերթ Ալթընթաշի անցյալի և ունեցած կապերի ուսումնասիրությունը հենց այդ ուղղությունն է մատնանշում: Մինչդեռ ինքը Գյուլենը ոչ միայն հերքում է իր մասնակցությունը այդ սպանության կազմակերպմանն, այլև դատապարտել է տեղի ունեցածը: 2017-ին ակնկալվում է Ռուսաստանի դիրքերի աննախադեպ հզորացում Atlantico ֆրանսիական վերլուծական կայքն այս օրերին հրապարակում է փորձագետների կանխատեսումները գալիք տարվա կարևոր զարգացումների և միտումների վերաբերյալ: Ֆրանսիացի քաղաքագետ և հրապարակախոս Ալեքսանդր Դել Վալի կարծիքով, 2017-ին կարող ենք դառնալ միջազգային մեծ ասպարեզ Ռուսաստանի վերադարձի և աննախադեպ հզորացման ականատեսը: «Կարծում եմ, Ռուսաստանը միջազգային ասպարեզում կգրավի ամենաբարձր դիրքը, 2015-ին արդեն սկսվել է վերադարձի ընթացքը»,- ասել է Դել Վալը: Ռուսները զբաղվում են Սիրիայի մի հատվածը ջիհադականներից մաքրելու հարցով, ինչն ընձեռում է բանակցությունների վրա մեծ ազդեցություն գործելու և սեփական օրակարգը պարտադրելու հնարավորություն: Սիրիայում անցումային շրջանի հաստատումը հետզհետե դառնում է ավելի իրատեսական, և, ամենայն հավանականությամբ, հենց ռուսներն են այնտեղ վճռորոշ դեր կատարելու: Բացի այդ, ըստ Դել Վալի, շատ կարևոր տեղաշարժ է Ատլանտյան օվկիանոսից անդին՝ հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը ստանձնելու է Ամերիկայի նախագահի պաշտոնը, ինչը կհանգեցնի արևմտյան երկրների միջև նոր ձևաչափի համաձայնության, որը, հավանաբար, բարենպաստ կլինի Ռուսաստանի համար: Ռուսաստանը կհզորանա այն աստիճանի, որ միջազգային ասպարեզում Ամերիկայի հետ կապահովի դիվանագիտական հավասարակշռություն: Մոսկվայի հետ մերձենալու Թրամփի ձգտումը հիրավի հեղափոխական երևույթ է Ամերիկայի համար: Բացի այդ, նավթի գնաճը կշարունակվի, և դա Ռուսաստանին կտա սարսափելի տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն: Գուցեև կչեղարկվեն Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցները, դա ոգևորիչ օրինակ կդառնա պատժամիջոցների նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող և ռուսամետ հայացքներով հայտնի Ֆրանսուա Ֆիյոնի համար, ով ունի Ֆրանսիայի նախագահ ընտրվելու հնարավորություն: «Ուստի, նավթի գնաճը, Սիրիայում վիճակի կտրուկ փոփոխությունը, Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբեռնավորում իրականացնելու Թրամփի և Ֆիյոնի պատրաստակամությունը 2017 թվականը կարող են դարձնել Ռուսաստանի տարի», - նշել է ֆրանսիացի վերլուծաբան Ալեքսանդր Դել Վալը: Սիրիական ճգնաժամն ու Մոսկվայի` խաղի մեջ մտնելը Սիրիական ճգնաժամի համար կարևոր իրադարձություն էր այն, որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության եկան Սիրիայի ողջ տարածքում զինադադարի հաստատման ճանապարհային քարտեզի շուրջ։ Հալեպ քաղաքի կենտրոնական հատվածի արևելյան մասում զինադադարի հաստատումից և բնակչության տարհանումից հետո կողմերը նպատակադրվել են զինադադարի ռեժիմը տարածել ողջ երկրում՝ ներառյալ կառավարական և ընդդիմադիր ուժերի բախման շրջանները։ Այս ճանապարհային քարտեզը ներկայացվելու է հակամարտող կողմերին։ Անկարան և Մոսկվան ջանքեր են գործադրելու, որպեսզի զինադադարն ուժի մեջ մտնի այսօր կեսգիշերին։ Նշվում է, որ համաձայնությունը չի վերաբերում ահաբեկչական խմբավորումներին։ Դեկտեմբերին Մոսկվայում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները Սիրիայի հարցով համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ հայտնելով պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցությունների երաշխավորի դերը ստանձնելու պատրաստակամության մասին։ Սիրիայի բանակը հայտարարեց, թե ամբողջությամբ հսկողության տակ է վերցրել Հալեպը: Բոլոր զինված ընդդիմադիրները երեկվա դրությամբ արդեն լքել են քաղաքը: Նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է, որ Հալեպի գրավումը շրջադարձ է Սիրիայում 6 տարի տևող քաղաքացիական պատերազմի ընթացքում: «Այս հաղթանակը բեկումնային է»,- ասել են սիրիացի բարձրաստիճան զինվորականները և աջակցության համար շնորհակալություն հայտնել Ռուսաստանին ու Իրանին: Ռուսաստանի օդուժը հարյուրավոր մարտական թռիչքներ է կատարել, իսկ իրանցի շիա-զինյալները ցամաքային գործողություններին են մասնակցել: Քաղաքի արևմտյան հատվածում, որը պատերազմի ընթացքում մշտապես եղել է Ասադի բանակի հսկողության տակ, ըստ ականատեսների, բնակիչները հաղթական կրակահերթերով և հրավառությամբ, պարերով ու երգերով են տոնում զինված ընդդիմադիրների հեռացումը: Մարդիկ փողոցներ և հրապարակներ են գալիս Սիրիայի պետական դրոշներով ու նախագահ Ասադի լուսանկարներով: Զինված ընդդիմությունը խոստովանել է, որ Հալեպում պարտություն է կրել: «Դա մեծ կորուստ է: Հալեպը հիմա Ռուսաստանի և Իրանի ուժերի հսկողության տակ է»,- ասել է «Ահրար ալ-Շամ» ընդդիմադիր խմբավորման խոսնակ Ահմեդ Քորրա Ալին և հավելել. - «Մենք այս օրը երբեք չենք մոռանա և չենք ների: Թող ամբողջ աշխարհը տեսնի, թե ինչեր է արել Բաշար Ասադը, թող իմանա, որ նա է ավերել Հալեպը, սպանել և վտարել է մարդկանց, այդ հաղթանակի գինը՝ հալեպցիների արյունն է»: Բաշար ալ-Ասադն ընդունել է, որ 2011-ին սկսված և մոտ 300 հազար մարդու կյանք խլած պատերազմը բնավ չի ավարտվել: Եվ, այնուամենայնիվ, Հալեպի գրավումն ունի ռազմավարական կարևոր նշանակություն: Բանակը այդպիսով հսկողության տակ է վերցրել Սիրիայի բոլոր հինգ խոշոր քաղաքները՝ Դամասկոսը, Հալեպը, Հոմսը, Համան և Լաթաքիան: Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձն ու 100 հազարավոր մարդկանց ձերբակալությունները Թուրքիայում հուլիսի 17-ի ռազմական հեղաշրջման փորձը տապալվեց այն բանից հետո, երբ նախագահ Էրդողանը կոչ արեց իր կողմնակիցներին դուրս գալ փողոց և աջակցել «ժողովրդավար» Թուրքիային: Այդ իրադարձությունից հետո գյուլենականների դեմ արշավ սկսվեց, բանտերում հայտնվեցին տասնյակ հազարավոր մարդիկ` դասախոսներ, իրավաբաններ, լրագրողներ, իրավապաշտպաններ, պետական կառույցների ծառայողներ: Հաջորդ տարվա գարնանից Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ պայքարը նոր թափ կստանա: Թուրքիայում շարունակվում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների և ղեկավար կազմի ներկայացուցիչների ձերբակալությունները, որոնց շարքում են նաև պատգամավորներ: Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում թուրքական ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է իրականացնում նաև սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում: Թուրքիայի ներքին գործերի նախարարության օրերս հրապարակած տվյալների համաձայն` վերջին վեց ամսվա ընթացքում 3710 մարդ բերման է ենթարկվել սոցկայքերում «հասարակության մեջ ատելություն սերմանող, ահաբեկչություն քարոզող, պետության ամբողջականությանն ու քաղաքացիների անվտանգությանը սպառնացող» գրառումներ անելու համար: Սոցցանցերի 1656 օգտատերերի նկատմամբ կալանավորման որոշում է ընդունվել: Նախարարության զեկույցի համաձայն` վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրականացված գործողությունների արդյունքում Քուրդիստանի բանվորական կուսակցությանն օժանդակելու կասկածանքով 508 մարդ է ձերբակալվել, որոնցից 78-ը կալանավորվել են: Մեծ Բրիտանիան ու «Բրեքսիթը» ԵՄ-ում առկա ճգնաժամը մի կողմից` փախստականների հարցով մյուս կողմից  Եվրոպական միությունը լքելու Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեն, որը տեղի ունեցավ հունիսին, ողջ աշխարհն ալեկոծվեց: Բրիտանացիները կիսվել էին երկու գրեթե հավասար մասերի, բրիտանացիների 52 տոկոսը կողմ էր Եվրոպական միությունը լքելուն, որը համարում է «անբնական» քաղաքական ու տնտեսական գոտի: Մեծ Բրիտանիայում հանրաքվեն, ինչպես գիտենք, խուճապ առաջացրեց ֆոնդային բորսայում, ինչպես նաև հանգեցրեց ֆունտ ստերլինգի նկատելի անկմանը։ Միաժամանակ թուլացել է նաև եվրոն։ Ներդրողները անցել են «ապահով» արժույթի՝ առաջին հերթին ԱՄՆ դոլարի և ճապոնական իենի։ Հանրաքվեի արդյունքներին արձագանքեցին և ապրանքային բորսաները։ Համաշխարհային առևտրում գործարքների մոտ 80 տոկոսն իրականացվում է ԱՄՆ դոլարով։ Արդյունքում հավասար պայմանների դեպքում այդ երկրների համար ներմուծումը թանկանում է, և համաշխարհային շուկայում պահանջարկը նվազում է։ Այդ առումով ամենախոցելին հումքն է՝ նավթը, ինչպես նաև այն, ինչը հետաքրքիր է մեր երկրի համար, հանքաքարն է և մետաղի խտանյութը։ Սակայն հանրաքվեի հետևանքները թերագնահատելը սխալ կլիներ։ ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը աշխարհում անորոշության և անկայունության  հերթական գործոնն էր թե քաղաքական, թե տնտեսական բնագավառում։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ջերմուկի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին մահացել է Ամբակում Գրիգորյանը այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները. ՔԿԾ #ՀԻՄԱ․ Հրթիռներն արձակված են․ Իրանը խիստ զգուշացրել է Ալիևին․ Ռոբերտ Մարգարյան (video) Աղվան Վարդանյանը «հոգեխանգարմունքի» հասցրեց Փաշինյանին (video) Խաղաղ հավաքին ընդառաջ ԱԱԾ հայտարարության տարածումը երկու նպատակ ունի. Քրիստինե Վարդանյան Qatar Airways-ը չեղարկել է միայն դեպի Երևան նախորդ գիշերվա թռիչքը. Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը Երևանում դպրոցականից գումարի շորթման դեպքի հանգամանքները պարզվում են, ձեռնարկվել են միջոցներ Լարված իրավիճակ Փաշինյան-Արծվիկ Մինասյան հարցուպատասխանին (video) Ես անձամբ դժգոհ չեմ Գրիգորի Մինասյանից․ Խաչատուր Սուքիասյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Փաշինյանն արձագանքեց Ալիևի հայհոյանքներին (video) «Արմ Կոնսուլը» պահանջում է պատասխանատվության ենթարկել պատգամավոր Գագիկ Մելքոնյանին Աշոտիկին փողոցում տեսե՞լ եք․ մենք բոլորս Աշոտիկ ենք․ Արա Վարդանյան (video) Թրամփը պետք է հաղթի, ես չեմ կարող 4 տարի տեսնել ու լսել Քամալային. Մասկ Արմավիրում բախվել է 2 VAZ մակնիշի ավտոմեքենա․ կան տուժածներ ՀՀ նախագահը Գրիգոր Մինասյանին ազատեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am