Ժիրայր Սէֆիլյանի Ամանորյա խոսքը. գաղութային վարչակազմը խելքի գալու ոչ մի նշան ցույց չի տալիս և շարունակում է իր սև գործը
« 30 » դեկտեմբերի 2016թ. «Արմավիր» ՔԿՀ Սիրելի զինակիցնե՛ր Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մեր ժողովրդի ու պետականության համար կենսական նշանակություն ունեցող նոր՝ 2017թ. շեմին ուզում եմ ձեզ՝ պայքարի առաջամարտիկներիդ, հրապարակավ խոսք ասել արվածի և անելիքի վերաբերյալ: Մի քիչ ավելի ուշադիր կերպով դիտարկելով 1988-ից սկսված գործընթացները, կտեսնենք, որ ամեն ինչ արվել է այսպես կոչված երրորդ հանրապետությունը մեր ազգային և մարդկային-քաղաքացիական իղձերի ու պատկերացումների իրականացման գործիքի փոխարեն վերածվի դրանք խորտակող ու մեզ կրկին ռուսական սապոգի տակ վերադարձնող մեխանիզմի՝ հեռանկարում մատնելով մեզ պետականության կորստի, ցեղասպանության և վերջնական հայրենազրկման: Արցախյան ազատամարտի ժամանակ նույնպես ներքին հակամարտություն կար, ինչի արդյունքը եղան ամենաբարձր մակարդակի կառավարիչներ դառնալու ներուժ ունեցող մեր ռազմաքաղաքական գործիչների սպանությունները չպարզված հանգամանքներում, Արցախի այսօրվա անորոշ կարգավիճակն ու մասամբ ազատագրված տարածքը: Հետագայում արդեն գաղութային վարչակազմի վերածված պետական կառավարման համակարգը ծրագրված կերպով շարունակեց և հետզհետե ավելի բացահայտ ձևերով ձգտում է ավարտին հասցնել մեր ուժազրկման նպատակով իրականացվող սոցիալ-տնտեսական ու իրավական կեղեքման, դրա միջոցով՝ մարդաթափության աստիճանի արտագաղթի և Հայկական պետության ու բանակի ինքնուրույնության զիջման քաղաքականությունը: Բնականաբար՝ մեր ժողովուրդը պայքարել է, պայքարում է և պայքարելու է՝ մինչև կստեղծի իր արժանապատիվ իղձերին ու պատկերացումներին համապատասխանող պետություն: Արցախյան ազատամարտի թատերաբեմում և Երևանի փողոցներում ու հրապարակներում արդեն 90-ականների սկզբից տարբեր ձևերով սկիզբ առավ հայության արժանապատվությունն ու ազատագրված հողը հանձնելու դեմ ընդվզման գործընթացը: Ի դեպ՝ Արցախի այսօրվա թեկուզ մասամբ ազատագրված տարածքը այդ ընդվզման արդյունքն է: Հրադադարից հետո այն տարբեր դրսևորումներով հասավ մինչև ազատագրված տարածքները չհանձնելու և, ավելին՝ Կուր-Արաքսյան հանրապետություն ստեղծելու մեր նախաձեռնություններին: Դրանք թեպետ կասեցվեցին մեր բանտարկությամբ, սակայն բավարար ծիլեր տվեցին ժողովրդի, առաջին հերթին՝ երիտասարդության շրջանում: Այնուհետև եղան 2008-ի իրադարձությունները՝ Մարտի 1-ի հանգրվանով: Եվ արդեն հետմարտիմեկյան Հայաստանում ազգային-ազատագրական պայքարը մենք նոր շնչով վերսկսեցինք «Սարդարապատ», «Նախախորհրդարան» «Հիմնադիր խորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնությունների միջոցով: Անշուշտ, մենք միակը չէինք: 2013թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների քաղաքացիական ընդվզումը: Սակայն արտաքին տիրոջ ծրագրով գործող գաղութային վարչակազմը, որ մինչ այդ արդեն բանտարկել էր արժանապատվության մարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, ոչ միայն դասեր չքաղեց այդ ընդվզումից, այլև ուժեղացրեց բռնությունն ու բանտարկեց նաև Շանթին ու նրա ընկերներին:
