Աղետից տուժած արթիկցիները պատրաստվում են դիմել ծայրահեղ միջոցների
Երեկ՝ հունիսի 27-ին, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզում: Արթիկ քաղաքում հունիսի 24–ին տեղի ունեցած բնական աղետի հետևանքով փողոցում հայտնված բնակիչները՝ ի նշան բողոքի, պատրաստվում են փակել Երևան-Գյումրի ավտոճանապարհը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին. «Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արթիկ, տեղի իշխանությունները կուրծք ծեծելով հայտարարում էին, թե՝ մենք բնակիչներին միայնակ չենք թողնի, կկատարենք անհրաժեշտ գործողություններ՝ թեթևացնելու բնակչի հոգսը: Վարչապետի գնալուղ հետո ոչինչ չփոխվեց. քաղաքապետն ու իր ենթակաները «պռատակոլնի ներկա ստանալուց» հետո հեռացան ու մեկ էլ էն տեսնենք, որ քաղաքապետ Արսեն Աբրահամյանը ֆեյսբուքով ինչ-որ հայտարարություններ է տարածում: Եթե քաղաքապետարանը այդքան բյուջե չունի, վարչապետն իր ոտքով էկել էր մեր դուռը, տուն առ տուն շրջել, տեղում ծանոթացել աղետի վնասների չափին, էդ ժամանակ քաղաքապետը թող բարի լիներ՝ հայտարարեր, որ մենք չունենք այդքան ֆինանս ու հաստատ կառավարությունը մի բան կաներ: Իսկ հիմա մի քանի անգամ նույնիսկ գնում ենք քաղաքապետարան, որպեսզի հանդիպենք նրան, ներքևից ասում են՝ տեղում չէ: Թե երբ է քաղաքապետը տեղում եղել, որ հիմա էլ տեղում լինի»: Բնակիչների խնդրանքն այն է, որ գոնե տեխնիկայով ապահովեն. «Տներում արդեն հասունանում է խոլերա, եթե կարճ ժամանակում հետևություններ չանեն, ապա մենք այլ ելք չունենք՝ դիմելու ենք ծայրահեղ միջոցների»:
