Չկա ադրբեջանական բանակ, կա թուրքական բանակ, որը գործում է Թուրքիայի հրամանով. ՀՀ պաշտպանության նախկին նախարար
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր կայացած «Անդրկովկասը քաոսի և զարգացման միջև. մերձավորարևելյան անկայունության գոտուց դեպի եվրասիական ելք՝ ներդրումների ազատ միջանցք և երկաթյա վարագույր ահաբեկչության համար» խորագրով քննարկման ընթացքում նշեց, որ Հայաստանը գտնվում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ պատերազմական իրավիճակում: «Մեր վերաբերմունքը բոլորովին այլ պետք է լինի, քանի որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ստեղծվում է ոչ թե Բաքվում, այլ Ստամբուլում: Չկա ադրբեջանական բանակ, կա թուրքական բանակ, որը գործում է Թուրքիայի հրամանով: Թուրքիան իր զինվորականներին ուղարկել է Թուրքիա՝ կրթվելու, որտեղ նրանց ոչ թե զինվորական գործ են սովորեցրել, այլ հակահայկական գաղափարախոսություն: Հենց թուրքերն են դրանով զբաղվել»,- ասաց նա` հավելելով, որ տարածաշրջանում ամենահանգիստ վիճակը եղել է Խորհրդային միության ժամանակաշրջանում և ընդգծեց, որ պետք է ուժերի կենտրոնացում լինի` Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում թուլացնելու համար:
