«Ներողություն». Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ռուսական «Սու-24» օդաչուի մահվան համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը ուղերձ է ստացել Թուրքիայի նախագահ Էրդողանից, որտեղ թուրք նախագահը հայտնել է իր շահագրգռությունը իրավիճակի կարգավորման հարցում՝ կապված ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման հետ: Էրդողանը խորը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և ընդգծել պատրաստակամությունը՝ անել հնարավոր ամեն ինչ՝ վերականգնելու Թուրքիայի և Ռուսաստանի ավանդական բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև համատեղ արձագանքել տարածաշրջանի իրադարձություններին, պայքարել ահաբեկչության դեմ»,- ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ Էրդողանը ուղերձում ցավակցել է զոհված ռուս օդաչուի հարազատներին ու ասել է «ներողություն»:
