«Խոսքը 4.5 միլիոն դոլարի մասին է». Նաիրա Զոհրաբյանը՝ Դավիթ Հարությունյանին
Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների գործընթացները ցույց են տվել, որ 16 միլիոն եվրոյի 11.5-ը կա: «Խոսքն աստղաբաշխական թվերի մասին չէ, որ չկարողանան այդ գումարը գտնել, խոսքը 4.5 միլիոն դոլարի մասին է, ի՞նչն է խանգարում գտնել այդ գումարները և լուծել մի կարևորագույն խնդիր, որ սա չնմանվի սիզիփոսյան աշխատանքի: Ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, որոնք ձեռք բերված համաձայնությունը համարում են տեխնիկաինժեներական, մենք սա համարում ենք քաղաքական համաձայնություն և տեր ենք մեր ստորագրությանը»,- ասաց նա: Ն. Զոհրաբյանը հայտնեց, որ իրենք Վենետիկի հանձնաժողովին առաջարկել են՝ օգտագործելով լծակները, հորդորել դոնոր կազմակերպություններին՝ այդ գումարը տրամադրել: Սակայն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ չգիտի, թե որտեղից են Ն. Զոհրաբյանի տվյալները:
