Արամ Առաջինի ընտրության և օծման 21-րդ տարեդարձը նշվել է գոհաբանական աղոթքով
այ Եկեղեցու ավանդության համաձայն, ամեն տարի Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի ընտրության և օծման տարեդարձի առիթվ հայկական եկեղեցիներում տեղի է ունենում Հայրապետական մաղթանքի արարողություններ:
Այս տարի ևս՝ Արամ Առաջինի ընտրության և օծման 21-րդ տարեդարձի առթիվ Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում հնչել է Հայրապետական մաղթանք: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:
Հոգշ. Տ. Նշան Վրդ. Լախոյանը կարդացել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միաբանության ուղերձը՝ մասնավորապես նշելով. «Ինչպես նախորդ հայրապետերը, Դուք էլ Լուսավորչի Սուրբ Աջը Ձեր սրբազան աջի մեջ կենդանացրեցիք 21 տարի շարունակ, այն տարածեցիք մեր ժողովրդի գլխի վերևում՝ ի պահպանություն հայոց ազգի, այն ճոճեցիք այս աշխարհի անարդարությունների դեմ՝ հանուն արդարության»:
Արամ Առաջինը շնորհակալություն է հայտնել Աստծուն, որ իրեն առիթ է տվել անցած 21 տարիներին անընդմեջ ծառայել եկեղեցուն, ժողովրդին և հայրենիքին:
Նա նաև ասել է, թե՝ «Հայրապետական մաղթանքը ծառայական ուխտի վերանորոգումն է, որովհետև հայ հոգևորականն ինչ աստիճանի վրա էլ գտնվի կյանքի ճամփան ու նպատակը ունի ծառայությունը»:
Վեհափառ Հայրապետին են նվիրել նաև իր կիսանդրին, որ հատուկ կերպով պատրաստվել էր վերջին երկու տարվա ընթացքում:
Ավարտին ներկա հավատացյալներն աջհամբույրով ստացել են Հայրապետական օրհնություն և շնորհավորել Արամ Առաջինին ընտրության և օծման 21-րդ տարեդարձը:

