Վատիկանը Հայոց ցեղասպանության պատճառով Թուրքիայի հետ խնդիրներ չի ունենա. Վատիկանի մամլո ծառայություն
Վատիկանի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին կոչ է արել լուրջ խնդիրներ չփնտրել Թուրքիայի հետ հարաբերություններում` կապված Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ, հայտնում է RIA Novosti-ն: Ուրբաթ օրը Հայաստանի նախագահի նստավայրում իր ելույթի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երկրորդ անգամ է արտասանել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: 2015 թվականին ցեղասպանության 100-րդ տարելիցին Ֆրանցիսկոսը պատարագ է մատուցել զոհերի հիշատակին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում և ողջ մարդկությանն ուղղված իր դիմումում նշել է, որ հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է: «Սուրբ Աթոռի և Թուրքիայի միջև հարաբերությունները լավ են: Ես չեմ համարում, որ այստեղ պետք է դիտարկել լուրջ խնդիրներ»,- ասել է Լոմբարդին Գյումրիում մամլո ասուլիսի ժամանակ` մեկնաբանելով Թուրքիայի հիվանդագին արձագանքը Ֆրանցիսկոս պապի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործմանը:
