Ինչպես դիմավորեց Գյումրին Հռոմի պապին. լուսանկարներ
Գյումրիում մեծ եռուզեռ է: Դեռ վաղ առավոտից գյումրեցիները սպասում են եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հռոմի Պապին: Պապը Վարդանանց հրապարակում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի աղոթակցությամբ պատարագ կմատուցի լատինական ծեսով, ապա կմոտենա կանգնած մարդկանց, կողջունի նրանց: Tert.am-ի թղթակիցը տեղից փոխանցում է, որ գյումրեցիները սպասում են, որ Պապի նախորդ այցերի պես կմոտենա պատահական մարդկանց, կօրհնի նրանց՝ իր ձեռքը դնելով նրանց գլխին:
Մինչ այդ, առավոտից մարդիկ հերթ էին կանգնած՝ հասնելու գլխավոր հարթակի մոտ, որտեղից Պապը ողջունելու է նրանց: Մի քանի անցակետով ստուգումներ անցնելուց հետո՝ համապատասխան տոմսի ու անձնագրի առկայության դեպքում մարդիկ մուտք են գործում հրապարակ: Երիտասարդ կամավորականները Հռոմի պապի պատկերով գլխարկներ, շարֆեր ու ջուր են բաժանում: Մարդկանց տրվում են նաև գրքույքներ՝ հայերեն ու իտալերեն աղոթքի տեքստերով:
Արդեն իսկ ժամանել են բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Վատիկանից, այդ թվում՝ Պապի պատվիրակությամբ եկած 7 բարձրաստիճան հոգևորականները:
