Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցում են ՀՀ Նախագահ Սեւժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ` նախատեսվում է բարեխոսության կարգ: Ըստ արարողակարգի` նախատեսվում է, որ Պապը ծաղիկներ կխոնարհի սուրբ նահատակների հիշատակին անմար կրակի մոտ, եղևնի կտնկի Ծիծեռնակաբերդի Հիշատակի պուրակում: Այս մասին գրում է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը: 2001 թվականին Հայաստան կատարած իր այցի ժամանակ Հռոմի Հուվհաննես Պողոս Երկրորդ Պապը ևս այցելել է Ծիծեռնակաբերդ: Հուշահամալիրի մոտ պսակ դնելուց հետո, հավերժական կրակի մոտ Նորին Սրբությունը և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հռոմի կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ, հոգեհանգստյան պաշտոն են կատարել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Արարողության ընթացքում Շառլ Ազնավուրը կատարել է «Ավե Մարիա» երգը: Ավարտին արտիստը մոտեցել և համբուրել է սուրբ քահանայապետի աջը: Արարողությունից հետո Սրբազան քահանայապետն օրհնել է համալիրի պուրակում իր անունից տնկվելիք եղևնին, որի կողքին պապական հետևյալ մակագրությունը կա. «Հիշիր, Տեր, այս ազգի որդիների տառապանքները եւ օրհնիր Հայաստանը: Հովհաննես Պողոս Երկրորդ Պապ»:
