Ֆրանցիսկոս Պապը դարձյալ ասաց «ցեղասպանություն». BBC-ի թուրքական ծառայության անդրադարձը
Հայաստան այցելության առաջին օրը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նախագահական նստավայրում ունեցած իր ելույթում 1915 թվականին տեղի ունեցածը որպես «ցեղասպանություն» է բնութագրել. գրում է BBC թուրքական ծառայությունը: Հռոմի Պապն անցյալ տարի Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ընթացքում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը, ինչը Թուրքիա-Վատիկան հարաբերություններում ճգնաժամի պատճառ էր դարձել: Թուրքիայում Վատիկանի դեսպան Մեհմեթ Փաչաջըն հետ էր կանչվել, դիվանագիտական ջանքերի շնորհիվ պաշտոնին վերադարձել էր 10 ամիս անց: «Հայաստան այցելությունից առաջ Վատիկանից եկած նշանները ենթադրել էին տալիս, որ Պապը խուսափելու է «ցեղասպանություն» ասելուց»,-գրում է լրատվամիջոցը: Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին, անդրադառնալով այդ բառի մասին մեկնաբանություններին, ասել էր, որ «չեն ցանկանում քաղաքական թակարդն ընկնել»: Դրանից հետո հայ ժողովրդին հղած տեսաուղերձում Ֆրանցիսկոս Պապը եզրույթը չէր օգտագործել, ինչի պատճառով տպավորություն էր ստեղծվել, որ նա ցանկանում է խոսափել Թուրքիայի և Վատիկանի միջև դիվանագիտական նոր խնդիրներից: Հայաստանում Հռոմի Պապի ելույթի տեքստի գրավոր տարբերակը բաժանված է եղել հավատարմագրված լրագրողներին: Տեքստում «ցեղասպանություն» տերմինի փոխարեն «Մեծ եղեռն» է գրված եղել: Սակայն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված ընդունելության ընթացքում Ֆրանցիսկոս Պապը շեղվել է գրված տեքստից ու 1915-ի դեպքերը կոչել «ցեղասպանություն»:
