Թուրքական ԶԼՄ-ների արձագանքը չուշացավ
Երկար տևած լռությունից հետո թուրքական կայքերն սկսել են արձագանքել Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան այցին: Նշելով, որ Հռոմի պապի այցը կտևի երեք օր, BBC թուրքական ծառայությունը հիշեցրել է նրա ելույթը նախորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը: Լրատվամիջոցը ուշադրության է արժանացրել նաև Հռոմի պապի՝ երեկ հայ ժողովրդին հղած ուղերձը: «Ես ցանկանում եմ ձեզ մոտ գալ՝ որպես խաղաղության սուրհանդակ»,-կայքը մեջբերել է Հռոմի պապի խոսքերը՝ ոգևորություն հայտնելով այն կապակցությամբ, որ այս անգամ նա չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը: «1915 թվականին ուղղակիորեն չանդրադարձած և «ցեղասպանություն» բառը չօգտագործած Պապը նշել է, որ հայ ժողովուրդն ապրել է մարդկության կողմից հիշվող ամենասարսափելի ցավերից մեկը»,- գրել է թուրքական BBC-ն` հիշեցնելով, որ նախորդ տարի «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման պատճառով Թուրքիան ետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին՝ 10 ամիս շարունակ: Ըստ երևույթին՝ թուրքական կողմը հետաքրքրված է այն փաստով, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը աղավնիներ է բաց թողելու դեպի Արարատ լեռը: «Պապի՝ Հայաստան այցի լոգոյի վրա զետեղվել է Աղրը դաղըն (Արարատ լեռը) և Խոր Վիրապ վանքը»,- գրել է կայքը` խոստանալով Պապի՝ ՀՀ այցին մոտիկից հետևել: ԶԼՄ-ն նաև թվարկել է Հայաստանում Ֆրանցիսկոս պապի այցելության վայրերը, այդ թվում՝ Ծիծեռնակաբերդը:
