Հռոմի Պապի այցը երկու եկեղեցիների եղբայրության եւ համագործակցության նոր վկայություն է. Գարեգին Բ

Այսօր՝ հունիսի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիոսկոս Պապի մասնակցությամբ Հրաշափառի Բարիգալստյան արարողության ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն նշել է. «Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ այսօր Միածնաէջ այս սուրբ տաճարում եղբայրական սիրով ու աղոթքով ողջունում ենք Ձերդ Սրբությանը և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը: Խորապես զգացված ենք, որ Մեր հրավերին ընդառաջ՝ այցելեցիք Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Հինավուրց այս տաճարը Աստծո հետ մեր ժողովրդի կնքած սրբազան ուխտի խորախորհուրդ վկայությունն է: Նվիրական այս սրբավայրում իջավ Հիսուս Քրիստոս և Իր Սուրբ Աջով հաստատեց  Սուրբ Էջմիածինը՝ սրբություն սրբոցը համայն հայության: Աստվածային նախախնամությամբ հայոց երկրորդ Լուսավորիչ, առաքելապատիվ սուրբ Գրիգոր հայրապետի տեսիլքով ու անխոնջ ջանքերով նորոգվեցին սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ մեր ժողովրդի սրտում վառված հավատքի կանթեղները: Այդ օրից ի վեր Սուրբ Էջմիածնից ճառագող լույսը միավորում է մեր ժողովրդին տապանակիր Արարատի շուրջ սփռված իր հայրենիքով, իր սրբություններով, իր պատմությամբ: Անչափ ուրախ ենք, որ այսօր միածնաէջ այս սուրբ տաճարում ի փառս Աստծո միավորվում են սուրբ Պետրոս և սուրբ Թադեոս ու սուրբ Բարդուղիմեոս առաքյալների Աթոռների գահակալներիս աղոթքները՝ հայցելով մեր հավատացելոց և ողջ աշխարհի համար խաղաղություն, սիրո ու եղբայրության ամուր ոգի և համագործակցության արգասավորում: Այս պահին ջերմ զգացումներով ենք հիշում  2001 թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով սուրբ Հովհաննես Պողոս Բ Պապի այցը Հայաստան: Այն սուրբ Պետրոսի Աթոռի Գահակալի առաջին այցելությունն էր մեր երկիր, որը մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերություններում գործակցության նոր խթան հանդիսացավ: Մեր  Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների առավել սերտացման գործում նշանակալի ավանդ եք բերել նաև Դուք՝ Ձեր ծառայագործության հանգրվաններում առանձնակի ջերմություն դրսևորելով Հայ Եկեղեցու և մեր ժողովրդի նկատմամբ: Ձերդ Սրբության այցելությունը նոր վկայություն է մեր Եկեղեցիների եղբայրության և գործակցության, որը երկուստեք զորացնում է հայ առաքելական ու կաթոլիկ հավատացյալներին և տոգորում լավատեսությամբ, որ մեր կյանքում առավել զգալի պիտի լինեն քրիստոնեական սիրով շաղախյալ մեր հավատքի վկայությունները: Մեր ժողովրդի զավակները երախտագիտությամբ են հիշում Սուրբ Պետրոս Մայր Տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած Ձեր հանդիսավոր պատարագը՝ ցեղասպանությունը դատապարտող պատմական ճառով: Գոհություն ենք հայտնում Աստծուն, որ այսօր այստեղ Ձերդ Սրբության, Կաթոլիկ Եկեղեցու զավակների, Ձեր այցի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմաթիվ հայորդյաց ու հայրենաբնակ մեր ժողովրդի հետ միասնաբար կարող ենք աղոթել և հայցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսությունը, որոնց արյան վկայությունը ոչ միայն հայոց, այլ նաև քրիստոնեական ընդհանուր հավատքի հաղթանակի հավաստիքն է:  Ինչպես առաքյալն է ասում՝ շատերի գոհությամբ առատացած շնորհը ավելանում է ի փառս Աստծո (Հմմտ. Բ Կորնթ. Դ15): Հայոց ցեղասպանության և խորհրդային աստվածմերժության տարիների ավերներից հետո այսօր հայրենի անկախ պետականության պայմաններում մեր Եկեղեցին հոգևոր նոր զարթոնք է ապրում՝ ազատորեն իրականացնելով տերունավանդ իր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Մեր Եկեղեցին նաև առավել մասնակցություն է բերում համաքրիստոնեական կյանքին՝  խորին համոզումով, որ աշխարհում առկա հոգևոր, քաղաքական, տնտեսական ու մարդասիրական ճգնաժամերի խորացման այս ժամանակաշրջանում առավել քան կարևորվում է Քույր Եկեղեցիների միասնական աղոթքն ու գործակցությունը հանուն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության արգասավորման, աշխարհում հոգևոր-բարոյական արժեքների պահպանման ու արժևորման, մերձավորի հանդեպ սիրո զորացման, որոնցով կյանքում կարող են մարմնավորվել ապահովության և բարօրության իրական արդյունքները: Աղոթք ենք բարձրացնում Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հաստատունության և պայծառության, մեր Տիրոջ պարգևած սիրո ու հաճության ոգու տարածման և աշխարհում խաղաղության ու համերաշխ կյանքի ամրապնդման համար: Հայցում ենք Ձերդ Սրբությանը Տիրոջ զորակցությունը և մաղթում ընդ երկայն աւուրս քաջառողջ, արդյունազարդ գահակալություն՝ ի պայծառություն Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու և ի մխիթարություն հավատացելոց: Բարի եք եկել աստվածաշնչյան երկիր Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը թող լինեն մեզ հետ և ամենքի. ամեն:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am