ԵԽԽՎ-ն քննադատել է Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտները և առաջարկել վերացնել Ցեղասպանության մասին խոսել արգելող հոդվածը
ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով) չորեքշաբթի ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որում մտահոգություն է հայտնել Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների հետ կապված իրավիճակի շուրջ` տեղեկացնելով, որ հետագայում նույնպես մտադիր է հետևել երկրում տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ԵԽԽՎ բանաձևի տեքստում խոսվում է նաև սիրիացի փախստականներին ընդունելու համար Թուրքիայի գործադրած ջանքերի մասին: Փաստաթղթում մեծ ուշադրություն է դարձվում Անկարայի Եվրամիության համագործակցությանը: Բացի այդ, բանաձևում Վեհաժողովն ափսոսանք է հայտնում այն հարցի շուրջ, որ «խաղաղ բանակցությունները քրդական հարցի կարգավորման շուրջ դադարեցվել են 2015-ի ամռանը` վտանգի տակ դնելով քրդական հանրության մշակութային իրավունքների ընդլայնման գործընթացը»: Վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնել` կապված երկրի այլ մասերում տարածում գտնվող հակամարտության հետ: Ինչ վերաբերում է մամուլի ազատությանը, Վեհաժողովը կարծում է, որ «իրավական բազայի կատարելագործումը կնպաստի երկրում կարծիքներ հայտնելու ազատության սահմանափակումները հաղթահարելուն»: ԵԽԽՎ-ն առաջարկում է Թուրքիային չեղարկել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը երկրի նախագահին վիրավորելու մասին և 301-րդ հոդվածը թուրք ազգի վարկաբեկման մասին, որով նաև արգելվում է ազատ խոսել Հայոց ցեղասպանության մասին:
