Որ ընդգծի քրիստոնյաների միասնությունը
National Catholic Register պարբերականն անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարելիք այցին՝ նշելով, որ Պապը գալիս է ընդգծելու քրիստոնյաների միասնությունն ու ընդհանուր արմատները: «Մի ժամանակաշրջանում, երբ հրապարակումների գլխագրերը լի են բռնության, զայրույթի և անհաշտության մասին նյութերով, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եռօրյա այցով ուղևորվում է Հայաստան՝ ընդգծելու քրիստոնյաների միասնությունն ու ընդհանուր արմատները»-Panorama.am-ի փոխանցմամբ՝ գրում է պարբերականը: Պարբերականը նկատում է, որ Հայաստան այցը Պապի համար պարզապես սովորական այց չէ՝ նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտության շուրջ ապրիլյան իրադարձությունները: «Այս ամենն է պատճառ, որ Պապը Քրիստոսի սերը կտարածի իր այցով՝ այն սկսելով դեռ Հռոմեական կայսրությունից էլ առաջ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստան երկրից»,- գրում է պարբերականը: Շարունակելով, պարբերականն անդրադառնում է հայ ժողովրդի պատմությանը՝ նշելով, որ հայերի՝ աշխարհով մեկ սփռված լինելու հանգամանքը պայմանավորված է հայ ժողովրդի նկատմամբ իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանությամբ: Անդրադառնալով Պապին Հայաստանում հյուրընկալելու հայկական կողմի նախապատրաստական աշխատանքներին՝ պարբերականը գրում է, որ այդ աշխատանքներն իրենց ծավալայնությամբ իրապես զարմանալի են: Միաժամանակ պարբերականը հանգամանալից անդրադարձ է կատարում Հայաստանում Ֆրանցիսկոս Պապի մասնակցությամբ սպասվող միջոցառումներին: Պարբերականի հետ զրույցում ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ինչպես նաև Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը բարձր են գնահատել Ֆրանցիսկոս Պապի այցի նշանակությունը՝ ընդգծելով, որ դեռ Բուենոս Այրեսում ծառայության ժամանակ ապագա Պապը պատվել և գնահատել է հայկական մշակույթը, իսկ հայ ժողովրդի տառապանքներին էլ չափազանց կարեկցանքով է վերաբերվել: Պարբերականը հիշեցնում է, որ Ֆրանցիսկոս Պապը առաջինն է Պապերի շարքում, ով 1915 թվականին հայ ժողովրդի կոտարածները բնութագրել է որպես ցեղասպանություն:
