Հռոմի պապի Հայաստան այցի բոլոր միջոցառումները կհեռարձակվեն ուղիղ եթերում
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանում կլինի հունիսի 24-26-ը: «Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան լուսաբանելու համար հավատարմագրվել է 600-ից ավելի լրատվամիջոց: Այդ լրատվամիջոցների կեսը հայաստանյան լրատվամիջոցներն են, կեսը՝ միջազգային: Հանրապետության այն վայրերում, որտեղ նախատեսված են միջոցառումներ, ստեղծված են բոլոր պայմանները՝ լրատվամիջոցների արդյունավետ աշխատանքի համար: Ստեղծված են մամուլի կենտրոններ, որպեսզի բոլորը հնարավորություն ստանան ունենալ լիարժեք տեղեկատվություն և կարողանան արդյունավետ լուսաբանել Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը: Բոլոր միջոցառումներն ուղիղ եթերում կհեռարձակվեն հայաստանյան հեռուստաալիքներով»,- տեղեկացրեց նա:
