Առեղծվածային ու ողբերգական դեպք Վարդենիս քաղաքում. պայթյունի հետևանքով 32-ամյա երիտասարդը տեղում մահացել է
Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վարդենիս քաղաքի Վ. Արզոյան փողոցի տներից մեկի տնակ-խորդանոցում դեռևս անհայտ պայմաններում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել , ինչի հետևանքով 32-ամյա Գրիշա Աշոտի Շաբոյանը տեղում մահացել է: Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Համբարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և Վարդենիսի քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պայթյունի հետևանքով տանը տեղի է ունեցել նաև փլուզում:
