Վատիկանի գաղտնի արխիվն աշխարհի ամենամեծ արխիվն է.Ամատունի Վիրաբյան
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ արխիվում բազմաթիվ հիշատակումներ կան Հայոց ցեղասպանության վերաբերյալ և կարեւոր է Հռոմի պապի այցը Հայաստան. «Վատիկանի գաղտնի արխիվն աշխարհի ամենամեծ արխիվն է: Եթե դրա բոլոր փաստաթղթերը իրար կողք շարենք, ապա դրանց երկարությունը կհասնի 85 կիլոմետրի:Որոշ փաստաթղթեր արդեն բաց են մեզ համար, ունենք դրանց պատճենները:Խնդիրը նրանում է, որ դրանք հիմնականում կամ լատիներեն են կամ ֆրանսերեն: Եթե ֆրանսերենն այդքան էլ բարդ չէ, ապա լատիներենը խնդիր է մեզ համար: Փորձում ենք օգտագործել Սփյուռքի մեր ուժերը եւ իրականացնել դրանց թարգմանությունը»: Ազգային արխիվի տնօրենը մտածում է դիմել Պապին, որպեսզի այդ փաստաթղթերն ուսումնասիրվեն. «Վատիկանի գաղտնի արխիվի գլխին Պապն է կանգնած, եւ նա ամեն դիմողի չի աջակցում, բայց ես կփորձեմ բարձրացնել այդ հարցը: Միայն նրա թույլտվությամբ են փաստաթղթերը դրվում շրջանառության մեջ»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ Պապից մերժում չեն ստանա: Ամատունի Վիրաբյանն անդրադարձավ նաեւ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումից հետո ռուսական կողմի արձագանքներին եւ որակումներին՝ նշելով. «Այն, որ Նժդեհը եղել է Բեռլինում, սա փաստ է, այն, որ նա հարաբերվել է գերմանական իշխանությունների հետ, սա եւս փաստ է: Բնականաբար, ռուսական կողմը դա դիտում է որպես համագործակցություն ֆաշիզմի հետ: Բայց Նժդեհը գնաց Գերմանիա, քանի որ 1930-ական թվականներին հայերն այնտեղ համարվում էին սեմիտական ժողովուրդ եւ կարող էին արժանանալ հրեաների նույն բախտին: Նժդեհը կանխեց դա»,-ասաց Ազգային արխիվի տնօրենը՝ հավելելով, որ այս ամենը ռուսներին դժվար է բացատրելը:
