Ռոկոկո ունիտազներ՝ Գագիկ Խաչատրյանի համար
Այսօր ԱԺ արտահերթ նիստում մտքերի փոխանակման ժամին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՕՊ հայ-ռուսական համաձայնագրին, նշեց, որ ՀՕՊ զորքերի պետ Արման Վարդանյանն ասել է, որ առայժմ կործանիչ ավիացիա չունենք: «ՀՕՊ զորքերի պետ Արման Վարդանյանը հունիսի 10-ին Հ1-ի լրատվական հաղորդման եթերում ասաց, որ առայժմ կործանիչ ավիացիա չունենք: Ինչպես ասում են՝ կանգնացրեք ֆայտոնը, ստեղ իջնող կա: Կործանիչ ավիացիա չունենք, քաղավիացիա չունենք, տրանսպորտային ավիացիա չունենք, բա 26 տարվա պետությունն ինչո՞վ է զբաղված եղել»,-ասաց Փաշինյանը: Պատգամավորի խոսքով՝ այն գումարներով, որոնք ծախսվում են պետական հիմնարկների վրա, կարելի էր բնակարան գնել զինծառայողների համար: «Մարդը 20 տարի ծառայի իր բանակին ու սոցիալական պրոբլե՞մ ունենա: Կենտրոնական բանկի էդ անհեթեթ շենքը, հարկային տեսչության հանգստյան տունը՝ ռոկոկո ունիտազներով Գագիկ Խաչատրյանի համար: Կարող էին հարյուրավոր սպաների բնակարաններով ապահովել, բայց չեն արել»,- հայտարարեց նա:
