ՀՀՇ-ին չեք կարողանում մոռանալ. Քոքոբելյանը՝ Ռուբիկ Հակոբյանին
ԱԺ-ում համայնքների խոշորացման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց. «Տարիների փորձը ցույց է տվել, որ հիմնականում ընտրությունները կեղծվում են փոքր համայնքներում. առաջ շտաբի պետ էին դառնում ՀՀՇ-ի համար, այսօր՝ ՀՀԿ-ի: Եթե որոշ համայնքներում սպրդում են ոչ ՀՀԿ-ական թեկնածուներ, հետագայում դառնում են հանրապետականի «ուկլոնով» այլ կուսակցության ներկայացուցիչներ»: Սրան արձագանքեց նախկին ՀՀՇ-ական, այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը՝ նշելով. «Փոքր գյուղերի կեղծիքը շատ չի ազդում, որովհետեւ թիվը փոքր է, հետո էլ՝ ՀՀՇ-ին չեք կարողանում մոռանալ, լավ հետաքրքիր հիշողություն ունեք»: Նա նկատեց, որ չի կարելի համայնքների հարցը քննարկել նրանց մեծ կամ փոքր լինելու տեսանկյունից. «Նույն Տաթեւը կամ Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղը, սրանք փոքր գյուղեր են, բայց 1000-1500 տարվա պատմություն ունեն: Խոսքը վերաբերում է բացի խոշորացման, սովորական արհեստական ծախսերին, այլ նաեւ մշակույթին: Իմ նշած համայնքում 5-րդ դարի եկեղեցի կա: Ես առաջարկում եմ, որ պետությունը սա դիտարկի նաեւ մշակութային խնդիր եւ չխուսափի փոքր գյուղեր պահելուց, սա դպրոց պահելու պես բան է»:
