Հարկային օրենսգիրքի կետերը կարող են ազդել տնտեսվարողների վրա
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՕ առաջին ընթերցման ժամանակ ՀՅԴ ձեռնպահ քվեարկությունը, նախ նշեց, որ Հարկային օրենսգիրքը 700 էջանոց կարևոր փաստաթուղթ է, որտեղ կան և մի շարք խնդիրներ, որոնք ուղղակի կարող են ազդել տնտեսվարողների վրա:Այնուհետև փաստեց. «Կան էական խնդիրներ, որոնք վերաբերում են հարկային մարմիններին տրվող նոր լիազորություններին, որոնք ևս կարող են կամայականորեն օգտագործվել ոչ ի շահ տնտեսվարողների, շատ է խոսվում եկամատահարկի և այլ հարցերի մասին»: Այնուհետև հայտնեց մեկ այլ խնդիր՝ այստեղ դերակատարություն ունեն նաև միջազգային ֆինանսական կառույցները, այլապես օրենսգիրքը, որը պետք է ուժի մեջ մտնի 2018թ. հունվարի 1-ից, այսպես արտահերթ ռեժիմով չէր գա, և չէր նախատեսվի արդեն աշնանն ունենալ ընդունված օրենսգիրք: «Ես կողմնակից չեմ ամբողջ Հարկային օրենսգիրքը մեկ գրչի հարվածով ջնջելու: Հսկայական գործ է կատարվել, բայց կան էական խնդիրներ, որոնք վնասելու են տնտեսությանը: Մեր առաջարկն է՝ լավ բանը թող մնա լավ, որը վատ է, կառաջարկենք փոխել»,- ասաց Վարդանյանը:
