Համայնքների խոշորացումը ժամանակավրեպ է եւ բերելու է նոր խնդիրներ. Նաիրա Զոհրաբյան
«Մենք իրավասու չենք առանց բնակիչների կարծիքը լսելու՝ նման որոշում կայացնելու»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Մենք տեսանք, որ տեղական հանրաքվեները որոշ համայնքներում բացասական արդյունք տվեցին, բայց նաեւ տեսանք, որ եղան դրական արդյունքներ, օրինակ՝ Սյունիքի մարզում: Բայց ես չեմ հավատում այդ արդյունքներին: Սյունիքում այնպիսի մթնոլորտ է, որ ինչ էլ դրվի հանրաքվեի, որ եթե պետք լինի Մոզամբիկը ճանաչել դեմոկրատիայի կղզյակ, 100-տոկոսանոց դրական արդյունք կլինի»,- նշեց նա: Զոհրաբյանի խոսքով՝ համայնքների խոշորացումը ժամանակավրեպ է եւ բերելու է նոր խնդիրներ: Նա հայտարարեց, որ իրենց խմբակցություն ևս զանգել են Բերդավանի և Կողբի բնակիչները. «Նրանք գնալու են ամենածայրահեղ քայլերի, եթե դուք գնաք այդ խոշոր համայնքները միաձուլելու ճանապարհով: Հիմա նայեք, թե ինչ վիճակում են մեր միջհամայնքային ճանապարհները: Այդ ճանապարհներում կարելի է առանց որևէ ավելորդ մասովկայի քարե դարի վերաբերյալ ֆիլմ նկարել: Ո՞նց եք պատկերացնում՝ նման ոչնչացված ենթակառուցվածքներով գնանք համայնքների խոշորացման»: Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կառավարությունը խոստացել է առանձին քննարկել այս երկու համայնքների խոշորացման հարցը:
