Վթարի մեղավորը «Շանթ» հեռուստաընկերության հայտնի հաղորդավարն է
Երեկ` հունիսի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում` «Անելիք» բանկի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 62-ամյա Աշոտ Նալբանդյանի վարած «Rover» մակնիշի 55 ՏՏ 575 համարանիշի, Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 27-ամյա Հովակ Հովակիմյանի վարած BMW 13 АА 888 համարանիշի և Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 54-ամյա Երվանդ Ղարիբյանի վարած «Mersedes» մակնիշի 11 ՕՕ 701 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Երվանդ Ղարիբյանը, ով «Mersedes»-ով բախվել է նշված ավտոմեքենաներին: Սակայն ճանապարհային ոստիկանությունը պարզում է տեղեկատվության ճշտությունը: Գ. Շամշյանը հայտնում է, որ «Mersedes»-ի վարորդ Ե. Ղարիբյանը «Շանթ» հեռուստաընկերության «Ավտոշքերթ» հաղորդաշարի հեղինակն ու վարողն է:
