«Ծախու արարածներ, տականքներ, սա դատարան չէ, սա դատաստան է»
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործարդելու մեղադրանքով կալանավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով այսօրվա դատական նիստը շարունակվեց լարված մթնոլորտում: Դատական նիստի ընթացքում պարբերաբար միջադեպեր էին տեղի ունենում, ինչի արդյունքում նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը մի քանի հոգու հեռացրեց դատարանի դահլիճից՝մեկին` ոտքի չկանգնելու, մյուսին՝ դատական նիստերի կարգը խախտելու համար: Այսօրվա նիստի ընթացքում շարունակվեց այս գործով տուժող, ՀՀ ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանի հարցաքննությունը: Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց դատարանին հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքները: Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը մոտ կես ժամ հրապարակեց այն հակասությունները, որոնք ըստ նրա էական էին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելիս ասաց, որ թեեւ տուժողի ցուցմունքների միջեւ հակասություններ կային, սակայն դրանք էական չէին, ուստի որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը: Օրվա երկրորդ կեսին դատարանում նորից միջադեպեր արձանագրվեցին. տուժող ոստիկանի հարցաքննության ընթացքում, երբ մեղադրող դատախազի պարբերական առարկությունները պաշտպանի հարցերի դեմ, առաջացրեցին դահլիճում ներկա գտնվողների զայրույթը: Նիստին ներկա ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը տեղից բղավեց, ամոթանք տվեց Մնացական Մարտիրոսյանին: Դատավորը տասը րոպե ընդմիջում հայտարարեց՝ դահլիճում ներկա մի քանի քաղաքացիների դուրս հրավիրելու համար։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 22-ին:
