Դուք որսորդն եք՝ իրենք էլ՝ որսն են, ո՞նց անեք, որ բռնեք, չփախնեն. Գուրգեն Արսենյան
ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ իր ելույթում Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ կտրականապես դեմ է ներկայացված նախագծին: «Արդյոք զարմանալի չէ՞, որ և՛ ընդդիմության ներկայացուցիչները, և՛ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները նույն կերպ քննադատում են այս Հարկային օրենսգիրքը: Հիմա հարց է ծագում՝ այս Հարկային օրենսգիրքը քաղաքական մեծամասնությա՞ն օրենսգիրքն է: Սա Հովիկ Աբրահամյանի՞ նոր փիլիսոփայությունն է՝ ՀՀ տնտեսության հետ կապված: Այն քաղաքական հայտարարությունները, որ արվում էին այս ամբիոնից, խոսում էին այլ բանի մասին՝ որ Հայաստանում տնտեսվարողների տնտեսվարման պայմանները պետք է հեշտացվեն, սա պետք է դարձնեն գրավիչ երկիր, որպեսզի մարդիկ ավելի շատ ձգտում ունենան աշխատելու»,- նշեց նա՝ ընդգծելով՝ ՀՀ տնտեսվարողների մասին խոսում են՝ որպես որսի մասին. «Դուք որսորդն եք՝ իրենք էլ՝ որսն են, ո՞նց անեք, որ բռնեք, չփախնեն: Էս Հարկային օրենսգրքով գնում եք նոր ընտրությունների՞, ի՞նչ եք ակնկալում: Սա դիվերսիա է՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ, բերելու է նոր արտագաղթի: Ի՞նչ է նշանակում՝ բերել, ասում են՝ 118 մլն շրջանառության հարկը ժամանակավոր էր, պետք է իջացնենք: Ի՞նչ եղավ, որ պետք է իջացնեք: Գերի՞ են ընկել էս մարդիկ հարկային պլանների կատարման ձեռքը: Գերի՞ են ընկել մարդիկ, որ 10 տարի բերաններս փակում ենք, ասում ենք՝ ամեն ինչ բանակի համար է, որ պարզվի, որ բանակում ամեն ինչ բարվոք չի: Հարգելիներս, դուք էն մարդիկ չեք, որ կարողանաք գերի վերցնեք ՀՀ տնտեսությունը: ՀՀ տնտեսությունը քվեարկում է ոտքով, գնում է երկրից: ՀՀ-ից հեռացել է լավագույն սերուցքը գործ անողների, որը գնացել և այլ երկրում է բարիքներ ստեղծում»:
