Աղմկոտ բացահայտում. նախկին նախարարին կձերբակալե՞ն
Քննչական կոմիտեն այսօր ձերբակալել է Առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանին, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանին, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանին՝ 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Armtimes.com-ի տեղեկություններով, այս քրեական գործը հարուցվել է դեռեւս ամիսներ առաջ: Նույն այդ տեղեկությունների համաձայն՝ կեղծ ուղեգրերի միջոցով բյուջեից մեծ գումարներ են կորզվել: Նշենք նաեւ, որ 2012-2014թթ. առողջապահության նախարարը Դերենիկ Դումանյանն էր: Ընդ որում, Սարո Ծատուրյանին այդ պաշտոնին է նշանակել հենց Դերենիկ Դումանյանը 2012թ. սեպտեմբերին: Ի դեպ Դումանյանը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է: Վերոնշյալ ձերբակալությունների կապակցությամբ կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ Դերենիկ Դումանյանից: - Պարոն Դումանյան, Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել, եւ հարուցված քրեական գործի շրջանակներում քննվում են հենց ձեր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած չարաշահումները: - Ես տեղյակ չեմ եղել: - Խոսքը հենց ձեր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած լայնածավալ չարաշահումների մասին է: - Սպասենք, տեսնենք, թե ինչի մասին է խոսքը, այդ ժամանակ էլ մեկնաբանություն կանենք: - Այդ գործով ձեզ հարցաքննության կամ փորձաքննության չե՞ն հրավիրել: - Իհարկե, ոչ: - Պարոն Դումանյան, փաստորեն դուք այդքան անուշադի՞ր եք եղել, որ ձեր ղեկավարման ներքո նման չարաշահումներ են տեղի ունեցել: - Ես չգիտեմ: Դուք էլ չգիտեք, թե ինչ է տեղի ունեցել: Ինչո՞ւ եք հիմա եզրակացություններ անում: Երբ ամեն ինչ կավարտվի, նոր դուք էլ կիմանաք, մենք էլ: - Այո, բայց քրգործ է հարուցված, որը լուրջ հիմքեր է ունեցել: Հակառակ պարագայում այդ պաշտոնյաները չէին ձերբակալվի: - Անմեղության կանխավարկած կա, սպասենք, տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Ես նոր եմ կայքերից տեղեկացել, որ նման բան է տեղի ունեցել:
