«Մոնումենտի բազմահազարանոց տները գույքահարկ չեն վճարում». փաստում է ՀԱԿ խմբակցության քարտուղարը
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Հարկային նոր օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարեց, որ այն չի անցել որևէ փորձագիտական քննություն և չեն տրվել մասնագիտական գնահատականներ: Անգամ չկա Էկոնոմիկայի նախարարության տեսակետը, հայտնի չէ՝ ի՞նչ խնդիր է լուծելու Հարկային նոր օրենսգիրքը: Ըստ նրա՝ պատգամավորների ելույթները լրիվ կազմակերպված չեն։ «Պատահական չէր, որ անգամ Հանրապետական կուսակցության բիզնեսմեն պատգամավորներն այստեղ հարցեր էին տալիս։ Դուք ասում եք՝ ապրիլ ամսից նախագիծը պտտվում է, բայց ապրիլից ոչ ոք չի քննարկել։ Անգամ ձեր խմբակցության բիզնեսմենները չեն հասցրել իրենց հարցերը տալ: Մոնումենտի վերևի բազմահազարանոց տները գույքահարկ վճարո՞ւմ են, թե՞ ոչ։ Ես գիտեմ, որ չեն վճարում կամ վճարում են սիմվոլիկ։ Հլը բերեք այդքանը մտցրեք հարկային դաշտ, տեսեք՝ որքան մուտքի ավելացում է լինելու»։ ՀԱԿ պատգամավորն արձանագրեց, թե պատահական չէ, որ այսօրվա քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական բիզնեսմեն պատգամավորները հարցեր էին ուղղում: Պատճառն այն է, որ վերջիններիս մոտ բազմաթիվ անհասկանալի ու չպարզաբանված հարցեր կան: «Սա կարևոր նախագիծ է, այն չի կարելի նման արագությամբ ընդունել: Այն ցնցում է իրականացնելու տնտեսական համակարգում: Սա միջազգային փորձաքննություն պետք է անցնի, հասարակության շրջանում լուրջ քննարկումներ պետք է սկսվեն»,- ընդգծեց ՀԱԿ պատգամավորը:
