Ադրբեջան. կեցցե՛ ստրուկների տոնը

Ադրբեջան. կեցցե՛ ստրուկների տոնը Թմրանյութերի հետ կապված մեղադրանքների պատրվակով ձերբակալվել են նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանը պղծած երիտասարդները: Հեղինակ՝ Սամիրա Ահմեդբեյլի Փորձագետների խոսքով՝ Հեյդար Ալիեւի արձանը պղծած երկու ակտիվիստների ձերբակալությունը եւ դաժան վարմունքը նրանց հետ առաջին պլան են մղում հետզհետե ավելի ու ավելի ավտորիտար դարձող Ադրբեջանում աճող անձի պաշտամունքը: Բայրամ Մամեդովը եւ Գիասադին Իբրահիմը՝ NIDA ժողովրդավարական երիտասարդական շարժման անդամները, ձերբակալվել են Բաքվում, մայիսի 10-ին թմրանյութ պահելու մեղադրանքով: Ձերբակալությունից մի քանի ժամ առաջ, երկու երիտասարդները անգլերեն եւ ադրբեջաներեն գրություններ էին թողել արձանի պատվանդանին՝ «Կեցցե՛ ստրուկների տոնը» եւ «Կորչի համակարգը»: Պայմանականորեն այսպես թարգմանված եւ հայհոյանք պարունակող գրառումների լուսանկարներն այնուհետեւ հայտնվել էին սոցիալական ցանցերում: 2004 թվականից սկսած, ամեն տարի՝ մայիսի 10-ին, Ադրբեջանի նախկին նախագահ, գործող նախագահի հայր Հեյդար Ալիեւի ծննդյան օրը նշվում է որպես «Ծաղիկների տոն»: Սակայն Ալիեւի հուշարձանի պատվանդանին արված «Կեցցե ստրուկների տոնը» գրությունը ոչ միայն ակնարկ է այդ տոնին, այլեւ բառախաղ. ադրբեջաներենում ծաղիկ եւ ստրուկ բառերը գրեթե նույն կերպ են գրվում եւ արտաբերվում: Ակտիվիստների հեղինակությանն ակնհայտ վնաս հասցնելու նպատակով քրեական հետապնդումները սովորական երեւույթ են Ադրբեջանում: Ֆինանսական զանցանքները, օրինակ, հաճախ են որպես պատրվակ օգտագործվում նման դեպքերում: Ձերբակալությունից հետո, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ երիտասարդների բնակարանների խուզարկության ժամանակ 2 կիլոգրամ հերոին է հայտնաբերվել։ Ապրիլի 12-ին Բաքվի դատարանը չորս ամսվա կալանք սահմանեց երիտասարդների նկատմամբ, սակայն որոշումը բողոքարկվեց նրանց փաստաբան Էլչին Սադիգովի կողմից: Դատարանը մերժեց բողոքարկման դիմումը մայիսի 20-ին, որից հետո Մամեդովը հացադուլ հայտարարեց: azerbaijan-heydar_aliyev_statue-shahin_rzayev Թմրանյութ պահելու համար առաջադրված մեղադրանքներով երիտասարդներին 12 տարվա ազատազրկում է սպառնում։ «Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են անձի ազգային պաշտամունք եւ պատժում են բոլոր նրանց, ովքեր դիպչում են նրան», – ասում է NIDA շարժման ղեկավար անդամ Ուլվի Հասանլին IWPR- ին՝ հավելելով, որ Ադրբեջանում տիրող քաղաքական իրավիճակը «հնարավորություն չի տալիս մարդկանց իրենց բողոքն արտահայտել ավանդական եղանակներով: Հետեւաբար, անհրաժեշտ է դիմել բողոքի արտահայտման նման ոչ սովորական մեթոդներին»: Հասանլիի խոսքով՝ երիտասարդների տարածած լուսանկարները սոցիալական ցանցերում հարյուր հազարավոր դիտումներ են ունեցել, իսկ տասնյակ հազարավոր օգտատերեր նույնպես տարածել են դրանք: «Ահա թե ինչու ռեժիմն այսպես ագրեսիվ ու հիստերիկ ձեւով արձագանքեց», – ասում է նա: Փաստաբան Ֆարիզ Նամազլին նշում է, որ ակտիվիստներին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանք էր առաջադրվել, քանի որ հուշարձան պղծելն Ադրբեջանում քրեորեն պատժելի արարք չի համարվում: «Հեյդար Ալիեւի արձանը մշակութային ժառանգություն չի համարվում: Սա սովորական հուշարձան է, որը մեծ նշանակություն չի ներկայացնում երկրի բնակչության համար, – ասաց նա IWPR-ին՝ հավելելով, որ հուշարձանն այնպես չի վնասվել, որ վերանորոգման կարիք ունենա, – Ներկը պարզապես մաքրեցին, եւ այսքանով ամեն ինչ ավարտվեց: Այստեղ առավելագույնը կարելի է խոսել վարչական զանցանքի մասին»: Միաժամանակ, ակտիվիստների փաստաբան Սադիգովը Ֆեյսբուքի իր էջում տեղադրեց Մամեդովի հայտարարությունը, որտեղ նկարագրվում է, թե ինչ դաժան վարմունքի է նա ենթարկվել: «Քաղաքացիական հագուստով երեք անձինք ինձ բռնի ուժով մեքենա նստեցրին՝ սպիտակ ջիպ, եւ տարան ոստիկանության 12-րդ բաժանմունք: Այնուհետեւ ինձ տարան բաժանմունքի պետի սենյակ, որտեղ քաղաքացիական հագուստով եւս ութ տղամարդ կար: Նրանք սկսեցին ինձ ծեծել՝ բռունցքներով եւ ոտքերով հարվածներ հասցրեցին: Ինձ հարցնում էին, թե ինչ նպատակով էի լուսանկարել արձանը», – գրել էր Մամեդովը: Մամեդովին շարունակել էին ծեծել ոստիկանության բաժանմունքում, որից հետո նրան եւ Իբրահիմին այլ վայր էին տեղափոխել, որտեղ նրանց խոշտամգումների էին ենթարկել: Մամեդովն ընդգծել էր, որ իր ձեռքերն ու ոտքերը շղթայված են եղել, երբ նրան դաժան ծեծի էին ենթարկում: Ոստիկանության աշխատակիցները սպառնացել էին բռնաբարել նրան ռետինե մահակներով եւ պահանջել էին, որպեսզի երիտասարդներն ընդունեն թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ իրենց առաջադրված մեղադրանքը: Մամեդովը գլխին ստացած հարվածներից կորցրել էր գիտակցությունը եւ ուշքի եկել միայն այն ժամանակ, երբ դեմքին ջուր էին ցանել: «Այնուհետեւ ինձ մի գեներալի մոտ տարան եւ ասացին, որ եթե հուշարձանին ծաղիկներ դնեմ, հարցազրույց տամ [պետական] «AzTV» հեռուսատաընկերությանը եւ ներողություն խնդրեմ, ինձ բաց կթողնեն: Երբ հրաժարվեցի, ինձ տարան ու նորից ծեծի ենթարկեցին», – գրում է Մամեդովը: Ադրբեջանի լրատվական ցանցի հաղորդմամբ՝ ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Էհսան Զահիդովը հերքել է Մամեդովի այս մեղադրանքները: Այնուամենայնիվ, ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ եւ նախկին քաղբանտարկյալ Յադիգար Սադիգովը նշում է, որ թմրանյութեր պահելու մեղադրանքներով իշխանությունները փորձում են վրեժխնդիր լինել: «Անձի պաշտամունքի խնդիրն ակնհայտ է այստեղ: Չնայած իշխանության օղակներում տեղի ունեցած որոշ փոփոխություններին՝ Հեյդար Ալիեւի թիմը, որը լայնորեն տարածել է անձի պաշտամունքը երկրում, պահպանվում է: Ռեժիմի բնույթը չի փոխվում», – ասում է նա IWPR-ին: ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ Կարծիքներ կան, որ իշխանությունների արձագանքը հուշարձանի պղծման փաստին ավելի ագրեսիվ էր, քան կարող էր լինել Խորհրդային տարիներին: Բաքվի 44-ամյա բնակիչ Սուլթան Գասիմովը հիշում է, թե ինչպես էր իր համադասարանցին պղծել Լենինի կիսանդրին, ինչի հետեւանքով նրան հեռացրել էին Կոմմունիստական կուսակցության երիտասարդական թեւից: Պատանուն նաեւ նկատողություն էին արել, իսկ նրա ծնողները ստիպված էին եղել նոր արձանի գումարը վճարել: «Ահա եւ ամբողջ պատիժը: Բայց հիմա իրադրությունը շատ ավելի բարդ է, որովհետեւ գործող նախագահի հոր անձը պաշտամունքի առարկայի է վերածվել: Այս պաշտամունքի դեմ կատարվող ցանկացած քայլ ընկալվում է որպես անձնական վիրավորանք եւ խստորեն պատժվում է», – ասում է Գասիմովը: Հեյդար Ալիեւի կերպարն ամենուր է Ադրբեջանում, եւ ամենամյա Ծաղիկների տոնն անցկացնելիս իշխանությունները գումար չեն խնայում: Քաղաքներն առատորեն զարդարվում են ծաղիկներով, իսկ հրապարակներում համերգներ են կազմակերպվում: «Ամեն տարի անցկացնում են այդ անհասկանալի Ծաղիկների կամ «Ստրուկների» տոնը վաղուց մահացած նախագահի ծննդյան օրը: Հսկայական գումարներ են ծախսվում, երբ բնակչության մեծամասնությունն աղքատության մեջ է ապրում», – դժգոհում է բաքվեցի Իսա Յուսիֆովը: Թե որքան գումար է իսկապես ծախսվում Ծաղիկների տոնին, պարզ չէ, սակայն պաշտոնական հայտարարություններից ելնելով, կարելի է ընդհանուր պատկերացում կազմել այդ մասին: 2007 թվականին Բաքվի քաղաքապետարանի հայտարարության համաձայն՝ Ծաղիկների տոնին 15 միլիոն դոլար էր ծախսվել: 2009 թվականին «Նոր Ադրբեջան» կուսակցության նախկին պատգամավոր Գյուլար Ահամդովան նույնպես նշեց, որ նախկին նախագահի ծննդյան օրն անցկացվող միջոցառումների արժեքը կազմել էր 14-15 միլիոն դոլար: Բաքվի քաղաքապետարանի համաձայն՝ 2013 թվականին միայն մայրաքաղաքում անցկացվող միջոցառումների համար 150 տոննա, իսկ 2014-ին՝ 116 տոննա ծաղիկ էր ներկրվել: Այս տարի, սակայն, Ծաղիկների տոնին միջոցառումներ չանցկացվեցին՝ ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի պատճառով: Մայիսի տասին լրանում էր պատերազմի ժամանակ սպանված տասնյակ զինվորների եւ քաղաքացիական բնակչության զոհերի մահվան 40-րդ օրը, որը նշվում է մահմեդական ավանդույթներով: Յուսիֆովի խոսքով՝ իշխանությունները վախեցան, որ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված բողոքի ցույցեր կանցկացվեն, այդ պատճառով էլ որոշեցին հրաժարվել այս տարի Ծաղիկների տոնից: «Այս տղաներն իրենց բողոքն արտահայտեցին՝ արձանի վրա մակագրություն թողնելով: Եթե բնակչության շրջանում անանուն հարցում անցկացվի, ապա չի գտնվի որեւէ մեկը, որ համաձայն չէ նրանց հետ: Բայց ոչ բոլորն են այս տղաների նման քաջ», – ասում է Յուսիֆովը: Մինչ այդ, «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է երիտասարդների ձերբակալության փաստը՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին անաչառ հետաքննություն անցկացնել հնչող մեղադրանքների եւ ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Միջազգային հասարակական կազմակերպությունների «Սպորտը հանուն իրավունքների» կոալիցիան իր հերթին կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին հունիսի 17-19 Բաքվում Ֆորմուլա 1-ի եվրոպական գավաթի առաջնության անցկացման նախօրեին: «Ֆորմուլա 1-ի ղեկավարությունը կարեւոր հնարավորություն ունի Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս հստակ քայլեր ձեռնարկի Բաքվում անցկացվելիք միջոցառման նախօրեին մարդու իրավունքների պաշտպանության միջավայրը երկրում բարելավելու համար», – ասել է «Human Rights Watch»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջեյն Բյուքենենը: Այս տարվա մարտին Ադրբեջանում տասնյակից ավելի քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին նախագահ Ալիեւի՝ ԱՄՆ այցից առաջ: «Քսանչորս քաղաքական եւ կրոնական բանտարկյալների ազատ արձակելուց հետո, Ադրբեջանի իշխանությունները, կարծես, ձգտում են դատարկ բանտախցերը ազատության նոր ջատագովներով լցնել: Ադրբեջանի ռեպրեսիվ օրենքներից ոչ մեկը չի վերացվել: Ժողովրդավարական երկրները պետք է պահանջեն, որպեսզի Ադրբեջանը հարգի մարդու հիմնարար ազատությունները եւ թույլ տա քաղաքացիական հասարակությանն ազատ գործել», – հայտարարել է «Freedom House» կազմակերպության արտակարգ օգնության եւ բազմակողմանի պաշտպանության ծրագրերի գծով փոխնախագահ Ռոբերտ Հերմանը: Սամիրա Ահմեդբեյլին IWPR-ի խմբագիրն է Ադրբեջանում: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» #815 պարբերականից (24-ը մայիսի, 2016թ., Ադրբեջան): a1plus.am

դիտվել է 28 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am