Իսկ կլինի՞, որ գոնե ձեր իսկ հայտարարած դրությանը լուրջ վերաբերվեք

Իմ պատանեկության շրջանում մի այդպիսի կենցաղային սրախոսություն կար. հատուկ ընդգծելու համար, որ որևէ հարցում կամ գործում վիճակը լուրջ է, կես կատակ ասում էինք՝ «դրությունը պալաժենի ա»:

Արդեն 2 (երկու) օր է, ինչ կորոնավիրուսի վարակի ու դրան շաղկապված զարգացումների հետ կապված Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրություն: Սահմանվել է, որ գործում է պարետատուն, կա պարետ՝ ի դեմս փոխվարչապետ Ավինյանի: Արտակարգ դրությունը, ինչպես արդեն առիթ է եղել թեթևակի նշելու, ամենից առաջ ենթադրում է արտակարգ պատասխանատվություն: Ըստ որում, պատասխանատվություն վերից՝ վար:

Եվ ի՞նչ ենք տեսնում. արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ իսկ օրը երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ միացման տարբերակով շրջում է խանութներով, սուպերմարկետներով, և նկատելի է, որ նրա ներկայությունը ոչ միայն վիրտուալ հետաքրքրություն է հարուցում, այլև միանգամայն կոնկրետ՝ մարդիկ են հավաքվում:

Մի կողմից պարոն Փաշինյանի աշխատասենյակային վերջին մեկ-երկու լայվերը խոսքի տոնայնության առումով նախորդներից անհամեմատ հանդարտ են, առանց նյարդային ելևէջների: Դա լավ է:

Բայց մյուս կողմից էլ, երևի ձգտելով մարդկանց տագնապները հանդարտեցնել, նորից դատողություններ է անում կորոնավիրուսի ոչ այնքան վտանգավոր լինելու մասին, հետո էլ, թե՝ կուզենար, որ վարակված-առողջացած լիներ՝ ինքն էլ դրանից անտեղյակ մնալով ու նմանօրինակ բաներ: Եթե դա այդքան անլուրջ բան է, էլ ինչո՞ւ եք արտակարգ դրույթուն հայտարարել:

Համարեք սա բարեկամական հորդոր. պարոնայք «թավշյա», իսկ այս պահին նաև «արտակարգ դրության» ղեկավարներ, մանավանդ՝ պարոն Փաշինյան: Կլինի՞, որ Ձեր իսկ հայտարարած արտակարգ դրությանը դուք ավելի լուրջ վերաբերվեք: Արտակարգ դրության ՀՀ հարգելի պարե՛տ, կլինի՞ Դուք հետևեք ու նաև հորդորեք, որ ՀՀ բոլոր քաղաքացիները, անկախ պաշտոնից ու դիրքից, հետևեն համապատասխան կանոններին:

Ինչի՞ մասին է խոսքը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին 7 օրում արդեն երկու անգամ նշված վարակի հետ կապված թեստ է հանձնել, բարեբախտաբար՝ բացասական ելքով ու վարակ չի հաստատվել: Բայց դա նաև նշանակում է, որ նա որոշակի ռիսկային գոտում է: Գոնե կրկնակի թեստ հանձնելու այդ անհրաժեշտությունը պիտի՞ հուշեր, որ հետայդու պետք է ավելի զգույշ և ուշադիր լինել, մանավանդ՝ մարդկանց կուտակումների ու շփումների պահով: Իսկ այսպես, վարչապետը՝ թիկնապահների ուղեկցությամբ, շրջում է խանութներով...
Այնքան խոսուն պատկեր է, որ նույնիսկ լրացուցիչ մեկնաբանության կարիք չի զգում:

Հա, արտակարգ դրության պայմաններում էլ առողջապահության նախարարն է ուղիղ եթեր մտնում ու խոսում... իրեն վերաբերվող դատարանի որոշումը չկատարելու մասին:

Կներեք, էլի, դուք առհասարակ հասկանո՞ւմ եք դրա հետևանքները: Դե, եթե նախարարը հայտարարում է, որ դատարանի որոշումը չի կատարելու, ապա այդ ինչի՞ց վերցրեցիք, որ մնացած բոլորը պարտավոր են կատարել, ասենք, արտակարգ դրության պահանջները: Դա՞ է պատասխանատվության ձեր զգացման ընկալման աստիճանն ու օրինակը:

Արտակարգ դրություն եք հայտարարել, լավ եք արել, բարի եղեք ձեզ այդ դրությանը համարժեք պահել: Իսկ ի՛նչ ասել է՝ համարժեք:

Տողերիս հեղինակի համեստ ընկալմամբ դա նախ նշանակում է, որ ԱԴ Պարետը կամ Պարետատունը 4 կամ 5 ժամը մեկ կամ օրը 2 անգամ հանդես է գալիս տեղեկատվական հայտարարությամբ, որը պարունակում է տեղեկություններ վարակվածների, մեկուսացվածների, իրենց ձեռնարկած քայլերի մասին:

Արտակարգ դրությունը նշանակում է, որ պետք է գործնական քայլեր կատարել 20 հոգուց ավելի չկուտակվելու պահանջը կատարելու համար, կարգավորել նաև խոշոր առևտրային հաստատությունների ելումուտը: Ի՞նչ իմաստ ունի փակել կինոները, եթե սուպերմարկետի դրամարկղերի մոտ մինչև 50-60 հոգի է կուտակվում հերթի մեջ:

Արտակարգ դրություն նշանակում է, որ նախապես մշակված հրահանգաթերթիկ պիտի լինի՝ ուղղված բնակչությանը և այդ հրահանգները պիտի պարբերաբար հաղորդվեն բոլոր տեսակի ԶԼՄ-ներով, հեռուստատեսային և ռադիո ալիքներով, անհրաժեշտության դեպքում՝ բարձրախոսակիր մեքենաներով թաղեթաղ շրջելով: Այնպես, որ բոլորին հասանելի լինի և յուրաքանչյուրի ականջին հասնի:

Արտակարգ դրության պայմաններում մարդիկ կարոտ են կոնկրետ տեղեկությունների, վստահություն հաղորդող լուրերի և քայլերի: Մարդիկ պիտի վստահություն ունենան, որ մեկ ամիս հետո սոցիալական ու ֆինանսական դաժան իրողությունների առաջ չեն հայտնվելու, ու ոչ թե սպասեն որևէ կոմերցիոն կառույցի բարեհոգույթանը, այլ իմանան՝ կա՛ կառավարույթան համապատասխան որոշում: Եվ այդ ամենի ազդակներն առաջին հերթին, բնականաբար, իշխանությունից պիտի գան: Եթե պետք է ցույց տալ, որ խանութներում ապրանքներ կան ու ամենևին իրար խառնվելու, 4-5 տարվա պաշար կուտակելու կարիք չկա, դրա համար պարտադիր չէ, որ անձամբ վարչապետը «լայվ» անի: Լրատվամիջոցներ կան, պատգամավորներ կան, ծայրահեղ դեպքում: Էլ ո՞ր օրվա համար են առասպելական աշխատավարձեր ու պրեմիաներ ստանում...

Արտակարգ դրությունն, ինչպես ինձ է թվում, հայտարարվել է այն բանի համար, որ այդ գրողի տարած վարակն ու դրա տարածման կանխումը, դրա հաղթահարումը լինեն ուշադրության կենտրոնում, այլ ոչ թե այս կամ այն պետական պաշտոնյան:

7or.am

Արմեն Հակոբյան

դիտվել է 1817 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am