«Լեոպոլդ» կատվի մասին հայտնի մուլտֆիլմից «եկեք համերաշխ ապրենք» ոճով վարչապետի «Լեռան քարոզը» բացարձակապես ադեկվատ չէր. Ռ.Քոչարյան

2rd.am-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Yerevan.Today»-ին տված հարցազրույցը /մաս 1-ին/

- Տարին սկսվեց տարածաշրջանում լարվածության աճով, որի պատճառն իրանցի գեներալ Սուլեյմանիին սպանելու՝ ամերիկացիների քայլն էր։ Ինչպե՞ս եք գնահատում իրադարձությունները և մեր իշխանությունների արձագանքն այդ իրադարձություններին:

- Տեղի ունեցող իրադարձությունները գլոբալ աշխարհակարգի վերաֆորմատավորման գործընթացի հետևանք են, ինչի մասին խոսել եմ վերջին հարցազրույցներից մեկում։ Տարածաշրջանային խաղացողների ազդեցության աճին հակազդում է գլոբալ առաջնորդը, որն արդեն չունի գերակայելու համար ռեսուրսներ, սակայն դեռ ունի ընդդիմախոսներին վնաս հասցնելու հնարավորություն։ Գործընթացը չափազանց վտանգավոր է, բայց անխուսափելի, և մենք պետք է պատրաստ լինենք նման դրսևորումներին։ Հայաստանի արձագանքն ամոթալի, ջայլամային էր։ «Լեոպոլդ» կատվի մասին հայտնի մուլտֆիլմից «եկեք համերաշխ ապրենք» ոճով վարչապետի «Լեռան քարոզը» բացարձակապես ադեկվատ չէր։ Խոսքն ինչ-որ մեկի կողմն անցնելու մասին չէ, սակայն պետք էր գոնե նշել տեղի ունեցածի պատճառահետևանքային կապը։ Այսպես՝ կողքից հետևողի դիրքերից, կարող էր արձագանքել Պոլինեզիայի որևէ կղզի պետություն, ոչ թե բարեկամ հարևանը։

- Կիսո՞ւմ եք տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վարչապետի հիացմունքը։ Ինչպիսի՞ն է տնտեսական տարվա ու խնդիրների վերաբերյալ Ձեր կանխատեսումը:

Վարչապետի հիացմունքի պատճառները, հավանաբար, հայտնի են միայն իրեն։ Տնտեսությանն առնչվող հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ, քանի որ կարելի է խոսել նախորդ տարվա որոշ արդյունքների մասին։

ա) Երկու բառ տնտեսության կառուցվածքի մասին:
Հիշեցնեմ, որ կառավարությունը խոսում էր հումքային բաղադրիչը կրճատելու, բարձր արտադրողական գյուղատնտեսություն զարգացնելու, շինարարությունը խթանելու, ինչպես նաև գիտատար արտահանման կողմնորոշում ունեցող ճյուղերը ու թվային տնտեսությունը զարգացնելու հաստատակամ մտադրության մասին։ Նախորդ տարի տեղի է ունեցել հակառակը. տնտեսության ընդհանուր ծավալում հանքաարդյունաբերության մասնաբաժինն աճել է, գյուղատնտեսության մասնաբաժինը՝ նվազել, ներկրման և արտահանման տարբերությունն աճել է, առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է՝ բացառապես խաղային բիզնեսի և սպառողական վարկավորման, այլ ոչ թե «նոր տնտեսության» հաշվին: Վարչապետի խոստացած շինարարական բումն այդպես էլ չսկսված՝ ավարտվեց. ոլորտն ավելի փոքր տեմպերով աճեց, քան տնտեսությունն ընդհանուր առմամբ։ Բյուջեի ծախսային մասը խիստ թերակատարվել է կապիտալ ծախսերի մասով։ Պետական պարտքն աճել է, ՀՀ-ից մարդկանց արտահոսքը՝ շարունակվել:
Այսպիսով, տնտեսության կառուցվածքը նախորդ տարվա ընթացքում փոխվել է վարչապետի ծրագրերին ի հակառակ։ Նախանշված նպատակների և փաստացի արդյունքների իրարամերժ զարգացումը խոսում է կառավարության մոտ տնտեսական քաղաքականության, կառավարման հմտությունների և նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով կանխատեսելու ունակության բացակայության մասին: Երկրի տնտեսության կառուցվածքը ձևավորում էր պղնձի գները և տոտալիզատորը, այլ ոչ թե՝ կառավարության ծրագրերը։ Սա նախարարների և գերատեսչությունների ղեկավարների մեծամասնության մասնագիտական տարրական անպիտանության արտացոլումն է։

բ) Տնտեսական աճի մասին:
Տնտեսությունն իսկապես աճել է, բայց տնտեսագետների մեծամասնության գնահատմամբ՝ ամենևին ոչ 7,5%-ով: Ըստ Հ. Բագրատյանի՝ աճը կազմել է 3,5 տոկոս, ինչն ավելի նման է ճշմարտությանը։ Վիճակագրությունը կասկածի առիթ է տալիս, քանի որ տնտեսության աճը գործնականում չի ազդել երկրի քաղաքացիների մեծամասնության կենսամակարդակի վրա: Բացի դա, տրանսպորտային փոխադրումների և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը տնտեսական աճի տրամաբանության հետ չի խոսում։
Վիճակագրության դեֆորմացիան տեղի է ունենում նաև տնտեսության մեջ հսկայական «փուչիկի» պատճառով, որն առաջացել է թաքնված վերաարտահանման նպատակով ավտոմեքենաների ներմուծման հետևանքով՝ պայմանավորված ԵԱՏՄ երկրների հետ հարկման տարբերությամբ։ Ներքին շուկայի պահանջարկը շուրջ 30 հազար է, իսկ նախորդ տարի երկիր է ներկրվել 189 հազար ավտոմեքենա։ Դա ուռճացրել է տնտեսության բազային ցուցանիշները, ինչը թույլ չի տալիս օբյեկտիվորեն գնահատել իրական վիճակը: Այդ իսկ պատճառով, առևտրի և ծառայությունների ծավալների թվերը լուրջ վերաիմաստավորման կարիք ունեն: Ակնհայտ է, որ սպառողական վարկերի պորտֆելի կտրուկ աճը մեծապես պայմանավորված է հենց այդ գործոնով։ Դրանով է բացատրվում նաև հարկային մուտքերի գերակատարումը։ Տնտեսության իրական պատկերը հասկանալու համար պետք է հաշվարկել ավտոմեքենաների ներմուծման ազդեցությունը ՀՆԱ-ի ձևավորման վրա՝ հաշվի առնելով դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը։ Ավելին, հավանական է, որ նման բան տեղի է ունեցել մի շարք այլ ապրանքատեսակների մասով, որտեղ հարկման տարբերությունը նույնպես ձևավորել է բիզնեսի սպեկուլյատիվ մոտիվացիա: «Հանրապետական» անցյալից նոր իշխանությունների համար այս յուրօրինակ «բոնուս-նվերը» վերջացավ, թեև դեռ որոշակի իներցիա կլինի ընթացիկ տարվա առաջին ամիսներին։ Արդյունքում լավ է, որ տնտեսությունը, այնուամենայնիվ, աճել է, բայց հիացմունքի առիթ չկա։

գ) Ընթացիկ տարվա կանխատեսումները:
Ընթացիկ տարվա բյուջեով նախատեսվում է ՀՆԱ-ի աճ՝ ընդամենը 4,9%-ով։ Համաշխարհային տնտեսության՝ 3,5 տոկոս աճի կանխատեսումների պարագայում նման բյուջեով իշխանությունները պետք է ամաչեն մարդկանց աչքին երևալ։ Հատկապես՝ տնտեսության «թռիչքային» աճի մասին խոստումներից հետո: Տարին հեշտ չի լինի, խնայված և ներգրավված գումարները կուղղվեն արտաքին տպավորիչ պարտքի գագաթնակետի սպասարկմանը, ուստի ստիպված կլինեն լրացուցիչ միջոցներ ներգրավել: Ներդրումներ չեն լինի, մինչև հեղափոխությունը չդադարի լինել «նոր» Հայաստանի բրենդը, մինչև չվերականգնվի վստահությունը բանկային գաղտնիքի նկատմամբ, չդադարեն արտադատական շորթումները բիզնեսից, չդադարեն սեփականության վերաբաշխման մասին խոսակցությունները, և չփոխվի երկրում տոտալ ատելության մթնոլորտը։ Եկամտահարկի հարթ սանդղակը կմեծացնի աղքատների և հարուստների միջև տարբերությունը, ինչը կհանգեցնի սոցիալական լարվածության աճին: Լավագույն դեպքում մեզ սպասվում է տեղում դոփելու տարի:

- Անցնող տարին հիշվեց նաև հսկայական ու ժողովրդից թաքուն վճարված նախարարական /և ոչ միայն/ պարգևավճարներով․․․

- Ակնհայտ է, որ հասարակության էյֆորիան իշխանությունն ընկալել է իբրև ամենաթողության թույլտվություն, ինչը բերեց հեղափոխական ակտիվիստների կոռուպցիոն ախորժակի մեծացման։ Էյֆորիան անցավ, սակայն պաշտոնյաների ախորժակը մնաց։

Կոնկրետ պարգևատրումների մասով։ Օրենքի շրջանցմամբ խախտվել է պետական ապարատի վարձատրության ամբողջ համակարգը։ Նախարարների և նրանց տեղակալների պարգևավճարներն անցնում են բանականի սահմանները, սրա հետ մեկտեղ՝ առանց էֆեկտիվության առանցքային ցուցիչների ներդրման, որոնք կկապակցեին պարգևատրումը աշխատանքի կոնկրետ արդյունքներին։ Այսպիսի «ձրիակերական մոտիվացիան» այլասերում է կառավարությունը, իսկ իր անարդարության պատճառով բարոյապես քայքայում է ամբողջ պետական ապարատի աշխատանքը։ Վրդովեցնող է, որ այս մսխումը տեղի է ունենում բնակչության համար զգայուն սոցիալական օբեկտների փակման ֆոնին։
Պատկերացրեք․ նորահայտ պաշտոնյաների ահռելի չափերի հասնող պարգևավճարները, նրանց թանկարժեք ճանապարհորդությունների ծախսերի մեծացումը և կառավարական ամառանոցների շքեղ վերանորոգումների միջոցները կբավարարեն բոլոր փակվող գիշերօթիկների, մանկատների, ծննդատների, այլ առողջապահական հիմնարկների և սոցիալական օբեկտների արդիականացմանը և հնգամյա շահագործմանը։ Ինձ համար դժվար է նորմատիվ բառապաշարի շրջանակներում նկարագրել տեղի ունեցողը, այդ իսկ պատճառով թողնում եմ դա ընթերցողներին։

դիտվել է 1120 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am