Իրանը՝ թակարդում. Խոցվա՞ծ Boeing՝ տարածաշրջանային պայթյունով

Երեկ գիշերվանից Կանադայի վարչապետի մեկ հայտարարություն աշխարհը ուշադրության կենտրոնում հայտնեց: Նա դարձավ առաջին պաշտոնյան, ով երեկ հրապարակավ հայտարարեց, թե ապացույցներ կան, որ Իրանն է խոցել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավը:

«Մենք բազմաթիվ անպատասխան հարցեր ունենք և չենք հանգստանա, քանի դեռ չենք գտել պատասխանները», - պնդեց Ջասթին Թրյուդոն` ևս մեկ անգամ ցավակցելով զոհերի հարազատներին:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած այս աղետի հետևանքով զոհվել է 176 մարդ, որոնցից 63-ը` Կանադայի քաղաքացի: «Մենք մի քանի աղբյուրներից, այդ թվում` մեր դաշնակիցներից ու մեր սեփական հետախուզությունից ստացված տվյալներ ունենք, որոնք վկայում են` ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր֊օդ» տեսակի հրթիռով։ Հնարավոր է, որ դա տեղի է ունեցել ոչ դիտավորյալ», - ասաց Կանադայի վարչապետը։

Ժամեր անց Թրյուդոյին միացան Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի վարչապետերը։ «Այժմ հստակ տեղեկատվություն կա, որ օդանավը կործանվել է իրանական հրթիռով», - հայտարարել է Բորիս Ջոնսոնը, կրկին ընդգծելով` աղետն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել ոչ միտումնավոր:

Պաշտոնական այս հայտարարություններից առաջ նույն տեղեկատվությունը տարածել էին ամերիկյան լրատվամիջոցները` հղում անելով Պենտագոնի, ինչպես նաև Միացյալ Նահանգների ու Իրաքի հետախուզության իրենց աղբյուրներին: CBS հեռուստաընկեությունը հաղորդել էր` արբանյակներն արձանագրել են երկու հրթիռների արձակման ինֆրակարմիր հետքեր, ինչին քիչ անց հետևել է պայթյունը: Newsweek֊ի աղբյուրները պնդել էին` ուկրաինական Boeing-ը խոցվել է ռուսական արտադրության «Տոր» հրթիռով:

Պաշտոնական Պենտագոնը մինչ այս պահը չի հերքել, բայց և չի հաստատել այս պնդումները: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, երեկ լրագրողների հետ զրուցում հայտարարեց` արժանահավատ չի համարում պնդումները, թե աղետը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության հետևանքով՝ վարկած, որ աղետից անմիջապես հետո առաջ է տանում պաշտոնական Թեհրանը: «Կասկածներ ունեմ, որ ինչ-որ մեկն այն կողմում սխալմունք է թույլ տվել։ Կատարվածը սարսափելի բան էր», - հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը:

Իրանի պաշտոնական աղբյուրներն անհեթեթ են որակում այս պնդումները։ «Գիտականորեն անգամ անհնար է, որ ինքնաթիռը խոցված լինի հրթիռով, այս մասին ասեկոսեները տրամաբանությունից զուրկ են», - ISNA գործակալությանն ասել է Իրանի քաղավիացիայի ղեկավար Ալի Աբեջադեհը: Իրանցի ակտիվիստ Նարիման Ղարիբը, մինչդեռ, մի տեսանյութ էր տարածել, որտեղ ենթադրաբար երևում է` ինչպես է հրթիռը խոցում ուկրաինական օդանավը:

Միջազգային հետաքննող Bellingcat խումբը, վերլուծելով առկա տվյալները, նախնական եզրակացությամբ պնդել էր` տեսանյութը նկարահանվել է Թեհրանից ոչ հեռու գտնվող Փարանդ քաղաքի բնակավայրերից մեկում: Նույն եզրակացությանն էին եկել նաև The New York Times-ի փորձագետները:

Ամերիկյան հեղինակավոր կազմակերպություններից մեկի` Missile Defense Advocacy Alliance֊ի հիմնադիր Ռիկի Էլիասոնը Reuters լրատվական գործակալության հետ զրույցում սեփական վարկածն է առաջ քաշել։ Փորձագետը փաստել է, որ մինչ օդանավի կործանումը Իրանը հարձակվել էր Իրաքում տեղակայված ամերիկյան բազաների վրա, ինչից հետո երկրի զինված ուժերը բերվել էին բարձր մարտական պատրաստության` ամերիկացիների հնարավոր պատասխանին հակազդելու համար: «Չի բացառվում, որ լարված այդ իրավիճակում ինչ-որ մեկը մարդատար ինքնաթիռը շփոթել է ռազմականի հետ», - կարծիք է հայտնել ռազմական ոլորտի փորձագետը, փաստելով` «երբ հրթիռն արձակված է, վերջ, այլևս անհնար է այն շեղել իր թիրախից»:

Կանադայի վարչապետին, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի վարչապետերին միացան ամերիկացի պաշտոնյաները: Միացյալ Նահանգների պաշտոնյաները կարծում են, որ Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ի կործանման պատճառը իրանական հրթիռն է, որն օդանավը խոցել է սխալմամբ, ըստ «Ազատության»՝ հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։
Ամերիկացի անանուն պաշտոնյաները, հիմնվելով արբանյակային, ռադիոտեղորոշման և էլեկտրոնային տվյալների վրա, վստահություն են հայտնել, թե Boeing-ը պատահմամբ խոցել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը, փոխանցում է ամերիկյան մամուլը։

Այսպես, Newsweek-ը վկայակոչել է Պենտագոնի, ԱՄՆ հետախուզության պաշտոնյաների, ինչպես նաև Իրաքի հետախուզության պաշտոնյայի, որոնք համոզմունք են հայտնել, թե օդանավը խոցվել է ռուսական արտադրության «Տոր» հրթիռով։ CBS News-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզությանը, հաղորդում է, թե արբանյակը հայտնաբերել է երկու հրթիռների արձակման ինֆրակարմիր բռնկումներ, որոնց հաջորդել է պայթյունի բռնկումը։

Նկատենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Օլեքսի Դանիլովն ավելի վաղ հայտարարել էր, որ ուսումնասիրում են հրթիռի հնարավոր հարվածի վարկածը։

Պենտագոնն, մինչև այս պահը, զերծ է մնացել պաշտոնական մեկնաբանություններից։ Եթե Վաշինգտոնը ևս պաշտոնապես այս վարկածը համարի ինքնաթիռի կործանման իրական պատճառ, ապա՝ կարելի է ենթադրել, թե ինչ զարգացումներ կլինեն: Չի կարելի բացառել իրանա-ամերիկյան ավելի կոշտ բախումը: Արդեն գործ կունենանք ոչ միայն ամերիկյան պատժամիջոցների հետ, այլ ավելի լուրջ բախման հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3218 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am