Գեներալ Սոլեյմանիի դուստրը «սև օրեր» է խոստանում ԱՄՆ-ին. Արթնացել ենք վտանգավոր տարածաշրջանում

Թեհրանում հրաժեշտ են տալիս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասեմ Սոլեյմանիին: Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելել է գեներալի ընտանիքին՝ ցավակցելու: Գեներալի դուստրը՝ Զեյնաբ Սոլեյմանին, հուղարկավորության ժամանակ ԱՄՆ-ին զգուշացրել է «սև օրերի» մասին, հաղորդում է են միջազգային գործակալությունները: «Խելագար Թրամփ: Չկարծես, թե ամեն ինչ կավարտվի հորս տառապալի մահով», ասել է Զեյնաբ Սոլեյմանին:

«Ամերիկացիներն իսկապես չեն գիտակցում՝ ինչ լուրջ սխալ են թույլ տվել»,- ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել և ասել է, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերի վրա է Սոլեյմանիի և մյուս տառապյալների արյունը:
Ամեն ինչ սկսվեց այսպես...

Դեկտեմբերի 27-ին ավելի քան 30 հրթիռ էր արձակվել Քիրկուկ քաղաքի մերձակայքում գտնվող իրաքյան ռազմաբազայի ուղղությամբ, եղան զոհեր: Դեկտեմբերի 29-ին Միացյալ Նահանգները ռմբակոծեց «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման դիրքերը, որոնց իրենք պատասխանատու են համարում հարձակման համար՝ Իրաքում և Սիրիայում:

Դեկտեմբերի 31-ին Բաղդադում խմբավորման կողմնակիցները երթ կազմակերպեցին դեպի ամերիկյան դեսպանատուն և մեկ օրով խաթարեցին դրա աշխատանքը:
Այնուհետև ԱՄՆ-ի նախագահի հրամանով ամերիկյան օդուժը Բաղդադում սպանեց Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկին՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանիին: Հունվարի 3-ի առավոտյան Բաղդադի օդանավակայանի մոտակայքում իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի և Հեզբոլլահի մի քանի բարձրաստիճան հրամանատարների մեքենաներ օդից հարձակման էին ենթարկվել:

Սոլեյմանին ավելի քան 20 տարի գլխավորում էր Հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ ստորաբաժանումը՝ «Ալ Կուդսը», որը գաղտնի գործողություններ է իրականացնում Իրանի սահմաններից դուրս և ենթարկվում անմիջապես գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին: 62-ամյա բարձրաստիճան զինվորականը համարվում էր զինված ուժերի գորշ կարդինալը, ով առաջ էր տանում Իրանի շահերը Մերձավոր Արևելքում: Արևմտյան լրատվամիջոցները հաճախ նշում էին, որ հենց նա է համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին միջամտել սիրիական ներքաղաքական պատերազմին, ինչն ամբողջովին փոխեց ուժերի դասավորությունը տարածաշրջանում: Հաստատելով ազդեցիկ գեներալի սպանության լուրը՝ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ Ռամեզան Շարիֆն պատասխանել է՝ այդ քայլն անպատասխան չի մնա. - «Ամերիկացիների ու հրեաների ուրախությունը երկար չի շարունակվի և շուտով կվերածվի սգի: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, Իրանի ժողովուրդը և իսլամական աշխարհը շուտով հաշվեհարդար կտեսնի»: Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հզբոլահ» խմբավորումն իր հերթին կոչ է արել աջակիցներին դիմակայության դուրս գալ ողջ աշխարհով մեկ և վրեժ լուծել կատարվածի համար:

Նկատենք, որ ամերիկյան օդուժի հատուկ գործողությունը տեղի ունեցավ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ծայրաստիճան լարված հարաբերությունների ֆոնին: Դեկտեմբերին 27-ին հարձակման էր ենթարկվել Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանը, զոհվել էր ամերիկացի պայմանագրային մի զինծառայող, Վաշինգտոնը մեղադրել էր Թեհրանին: Ամերիկյան օդուժի պատասխան գործողության զոհ էին դարձել իրանամետ զինյալ խմբավորումներից մեկի 25 ներկայացուցիչներ: Հաջորդ օրը հարյուրավոր ցուցարարներ գրոհել էին Բաղդադում ամերիկյան դեսպանատունը և երկու օր այն պահել պաշարման մեջ: Վաշինգտոնը հավելյալ 750 զինվոր էր ուղարկել տարածաշրջան, պաշտպանության նախարար Մարկ Էսպերն էլ պնդել էր՝ խաղի կանոններն այլևս փոխվել են:

«Բաղդադում իրականացած գործողության նպատակն էր կանխել Իրանի հետագա հարձակումները», նշեց Պենտագոնը՝ մանրամասնելով՝ «գեներալ Սոլեյմանին ակտիվորեն ծրագրում էր հարձակումներ ամերիկացի դիվանագետներ և զինվորականների դեմ Իրաքում և ողջ տարածաշրջանում: Դրանք կանխելու հատուկ գործողությունն իրականացվել է նախագահ Թրամփի հրամանով»:

Փորձագետները փաստում են, որ սա Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարված հարաբերությունների ամենալուրջ միջադեպն է վերջին մի քանի տասնամյակում, ինչը մտահոգությունների ալիք է բարձրացրել ողջ աշխարհում: «Վերջին շաբաթներին սկսված բռնությունների ու սադրանքների ալիքին պետք է վերջ տրվի, հետագա լարվածությունը՝ ամեն գնով կանխվի», նկատել է ԵԽ նախագահ Չարլզ Միշելը: Ռազմական գործողությունը քննադատել են նաև Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք եվրոպացիների հետ փորձում էին պահպանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին ստորագրված պայմանագիրը. - «Կոչ ենք անում կողմերին, հատկապես Միացյալ Նահանգներին զսպվածություն պահպանել իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար», հայտարարեց Չինաստանի ԱԳՆ-ն:

Ռուսաստանը պնդում է՝ Սոլեյմանիի սպանությունն անխոհեմ քայլ էր. «Տարածաշրջանում լարվածությունը խորացնելուց և միլիոնավոր մարդկանց վնասելուց բացի, այն որևէ այլ արդյունքի չի հանգեցնի», - նշել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք արթնացանք առավել վտանգավոր աշխարհում», - իր հերթին պնդել է Ֆրանսիայի փոխարտգործնախարար Ամելի դը Մոնշալընը՝ մանրամասնելով՝ «տեղի է ունենում այն, ինչից ամենաշատն էինք վախենում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունն էլ ավելի է խորանում»: Ընդ որում, Ֆրանսիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է՝ նախագահ Մակրոնը ծրագրում է խոսել կողմերի հետ՝ լարվածության խորացումը կանխելու համար: Մինչ այդ՝ այսօր առավոտյան, Պետդեպարտամենտը հորդորել է Իրաքում գտնվող ամերիկացիներին հեռանալ երկրից:

Փորձագետները փաստում են, որ դրամատիկ այս զարգացումները կարող են էլ ավելի սրել առանց այդ էլ լարված իրավիճակը Մերձավոր արևելքում: Ամերիկյան օդուժի հարվածներից հետո անմիջապես հետո նավթի գները համաշխարհային շուկայում աճել են չորս տոկոսով: Գեներալի սպանությունից հետո փոխվեց իրավիճակը ողջ մերձավոր արևելյան տարածաշրջանում: Իրաքի խորհրդարանը կողմ քվեարկեց երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը, այդ թվում՝ ամերիկյան զորախմբի. Իրաքում այս պահին տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը հասնում է 5200-ի:
2014թ. սկսած Իրաքի կառավարության հրավերով այդ զորախումբը միջազգային կոալիցիայի շրջանակներում աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերթ Օ՛Բրայենը հայտնել է, թե Սպիտակ տունը շատ կհիասթափվի, եթե Բաղդադը նման որոշում ընդունի: Իրաքցի պատգամավորները, ովքեր նիստը սկսել են «ո՛չ Ամերիկային, ո՛չ Իսրայելին» վանկարկումներով, «կառավարությանը պարտավորեցրել են վերջ դնել հանրապետությունում օտարերկրյա ուժերի ներկայությանը և դադարեցնել աշխատանքները անվտանգության հարցով համաձայնագրերի շրջանակներում, որոնք կնքվել են միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի հետ»: Բացի այդ, Իրաքի կառավարությունը պետք է պաշտոնական բողոք ներկայացնի ՄԱԿ՝ ԱՄՆ-ի գործողությունների կապակցությամբ, որոնք ինչպես նշվում է փաստաթղթում, «լրջորեն խախտել են Իրաքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը»:

Իրաքի խորհրդարանի արտահերթ նիստը գումարվել է երկրում իրավիճակի կտրուկ լարվածության ֆոնին, որին նախորդել է Իրաքի տարածքում ամերիկյան ուժերի գրոհը: Հարևան Իրանի հետ ավանդաբար սերտ կապեր ունեցող Իրաքի կառավարությունը, որը նաև դաշնակցային հարաբերություններ ունի Վաշինգտոնի հետ, խստորեն դատապարտել է թե՛ իրանցի բարձրաստիճան զինվորականի սպանությունը, թե՛ իրեն հերթական հակամարտության մեջ ներքաշելը:

Նկատենք, որ վերջին օրերին Բաղդադում բազմամարդ ցույցերը նոր թափ են առել ինչպես ընդդեմ ԱՄՆ-ի՝ իրանցի գեներալի սպանության կապակցությամբ, այնպես էլ ընդդեմ Իրանի։ Դեռևս անցած տարի հազարավոր իրաքցիներ շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներ էին իրականացում՝ պահանջելով Իրանից հանգիստ թողնել իրենց երկիրն ու չփորձել Իրաքում լուծել սեփական խնդիրները: Իրաքցիներից շատերի համոզմամբ՝ իրանամետ շիա գործիչներից կազմված քաղաքական էլիտայի կոռումպացվածության պատճառը Թեհրանն է: Անցած ամիսներին Իրաքում գտնվող իրանական ներկայացուցչությունները բազմիցս ցուցարարների կողմից հարձակումների թիրախ են դարձել:

Ինչ դիրքորոշում ունի Վաշինգտոնը... Թրամփը գեներալի սպանությունից հետո նախ Թվիթերում ԱՄՆ դրոշ հրապարակեց, ապա սկսեց գրություններ թողնել:
Սպիտակ տան ղեկավարը Թվիթերում գրել է, թե գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությանն ի պատասխան Թեհրանի կողմից ամերիկացիների կամ ամերիկյան կառույցների վրա հարձակման դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է հարվածներ հասցնել Իրանի 52 թիրախների վրա։ «Այդ թիրախների և Իրանի վրա հարձակումները կլինեն շատ հզոր և արագ: ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում սպառնալիքներ», - գրեց Թրամփը:
Նրա խոսքերով, հնարավոր թիրախներից մի քանիսը Իրանի համար նշանակալից են, դրանց թվում կան մշակութային կառույցներ: 52 թիվը, ըստ նախագահ Թրամփի, պատահական չէ. տարիներ առաջ նույնքան ամերիկացի Իրանի կողմից գերեվարվել են: Խոսքը 1979թ. նոյեմբերի 4-ին Թեհրանում Միացյալ Նահանգների դեսպանատանը տեղի ունեցած իրադարձությունների մասին է: Այն ժամանակ իրանցի ուսանողների խումբը ներխուժել էր դեսպանատուն և պատանդ վերցրել մի խումբ դիվանագետների:

Երիտասարդները Վաշինգտոնից պահանջում էին հանձնել շահին՝ Մոհամեդ Ռեզա Փահլեվիին: Ամերիկացի 52 պատանդները գերության մեջ էին մնացել շուրջ երկու տարի:
Իրանն արդեն պատասխանել է ԱՄՆ-ին: Արդեն իսկ հայտնի է, որ Իրանը կշարունակի կրճատել իր պարտավորությունները աշխարհի 6 գերտերությունների հետ 2015թ. կնքված միջուկային պայմանագրի հետ կապված: Միևնույն ժամանակ, Թեհրանը կշարունակի համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ: Այս մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով իրանական պետական հեռուստաալիքի փոխանցած պաշտոնական հայտարարությունը: Թեհրանը հայտարարել է, որ դադարում է պահպանել ուրանի հարստացման սահմանափակումները, որոնք նախատեսված են 2015թ. համաձայնագրում: Չեն պահպանի սահմանափակումները, որոնք կապված են այս ոլորտում կատարվող գիտական աշխատանքների հետ:

Այսպիսով՝ Իրանը գրեթե վերջնականապես հրաժարվում է կատարել 2015-ի միջուկային գործարքի պայմանները:

Այսօր Բրյուսելում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի խորհրդի արտակարգ նիստ, որտեղ քննարկվելու է հունվարի 3-ին Բաղդադում ամերիկացիների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունը, ինչպես նաև Իրաքի և Իրանի պատասխան գործողությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4902 անգամ
Լրահոս
Պատգամավորական մանդատը վայր դրած ՔՊ–ականը ասաց՝ ինչ հարցով է դիմել Ալեն Սիմոնյանին (video) Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը ներկա կգտնվի Թրամփի երդմնակալությանը ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև միջուկային թեմայով բանակցություններին Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան Մարգարա-Վանաձոր ճանապարհին մեքենաներ էին բախվել, մարդ էր մաhացել․ նոր մանրամասներ Արարատի համայնքներից մեկի նախկին ղեկավարի հափշտակած անշարժ գույքերը վերադարձվել են #ՈՒՂԻՂ․ Աննա Հակաբյանի հերթական մեռելածին ծրագրերը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ բանաձևով է Նիկոլ Փաշինյանը ընտրում կադրերին․ Մանրամասնում է ինքը՝ Փաշինյանը QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ ՇՏԱՊ․«Ժողովրդավարության բաստիոն»-ում քանդում են ՀՀ քաղաքացու սեփականությունը... (video) ՌԴ-ն գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ և ռեկորդային թվով՝ 188 անօդաչու Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել #ՀԻՄԱ․Խայտառակ թալան է, մեր հաշվին դարձան միլիոներ․ իրազեկման ակցիա` ընդդեմ տրանսպորտի թանկացման (video) Խայտառակ վիճակ․ ջրատարի վթար եւ ջրհեղեղ՝ Տերյան փողոցում (video) Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը Ջո Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Ալիևը զանգահարել է Թրամփին Թուրքիան կաջակցի Պաղեստինին մինչև Գազայի հակամարտության ավարտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am