Այն հասարակությունը, որտեղ մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել․ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթին
-Մարտի 1-ի գործի քննությունն ու դատավարությունն այլեւս դուրս են եկել իրավական սահմաններից, անգամ՝ երկրի սահմաններից, հարցը հասել է ՍԴ, Վենետիկ ու ՄԻԵԴ։ Ըստ Ձեզ, ի՞նչ շարունակություն կարող է ունենալ այս գործի քննությունը։
-Այս քրեական գործն առաջին իսկ օրվանից իրավական սահմաններից դուրս էր: Մեղադրանքն ինքնին աբսուրդային է եւ ոչ մի ընդհանուր բան չունի թե՛ իրավունքի եւ թե՛ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների հետ: Սրան ավելացրեք նաեւ դատավարական նորմերի համատարած խախտումները, դատարանների վրա կոպիտ եւ անթաքույց ճնշումը: Իմ կալանավորման մասին խայտառակ հեռախոսազրույցի արտահոսքը, վարչապետի կոչով դատարանների արգելափակումը, դատավոր Դավիթ Գրիգորյանի քրեական հետապնդումը, Սահմանադրական դատարանի որոշման արհամարհումը եւ այդ որոշմանը հաջորդած ՍԴ-ի եւ նրա նախագահի հանդեպ հարձակումը, ՍԴ նախագահի սանիկների անհեթեթ կալանավորումները եւ նրա ընտանիքի անդամների շանտաժը, եւ սա իշխանությունների կողմից ամբողջ արդարադատության համակարգի ճնշմանն ուղղված ակնհայտ հանցագործությունների ամենեւին ամբողջական ցանկը չէ: Վստահ եմ, որ բոլոր այս գործողությունների համար ոչ հեռու ապագայում պետք է պատասխան տրվի:
Շինծու գործը չի կարող իրավական հեռանկար ունենալ: Սակայն, հաշվի առնելով իրավական ամենաթողությունը, ներկա իշխանությունների օրոք այս քրեական գործով վերջնական հանգուցալուծմանը կարելի է սպասել ՄԻԵԴ-ի միջամտությամբ:
-Հասարակության մի շերտ շարունակում է մեղադրել Ձեզ, դեմ է Ձեր կալանքը վերացնելուն։ Այդ տրամադրություններն ինչո՞վ եք բացատրում՝ միմիայն գործող իշխանությունների վարած քաղաքականությա՞մբ, թե՞ Ձեր նախկին գործունեության մեջ էլ եք փնտրում պատճառները։ Ձեր կարծիքով, այդ վերաբերմունքի ո՞ր մասն է օբյեկտիվ, որը՝ սուբյեկտիվ եւ ուղղորդված։ Ի՞նչ է անում Ձեր թիմն այս էմոցիաներն ու իրավական գործընթացն իրարից տարանջատելու համար։
-Համաձայն Gallup-ի վերջին հարցումների՝ 140 հետազոտված երկրների մեջ Հայաստանի բնակչությունն ամենազայրացածն է: Առաջ ենք անցել նույնիսկ պատերազմից ավերված Իրաքից: Դա իշխանությունների ուղղակի «վաստակն» է, որ արմատավորում են ատելությունն ու չարությունը՝ որպես քաղաքական գործիք: Չարացած վիճակում գտնվող մարդիկ ավելի են ենթակա մանիպուլյացիաների եւ պատրաստ են իրենց դժգոհությունը կյանքից ուղղել ցանկացած մեկի վրա՝ մնում է միայն մի հակահերոս նշանակել: «Կծեփենք պատերին եւ կփռենք ասֆալտին» բանաձեւը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության եւ ցնծացող «պողոսների» թերարժեք հոգեվիճակի մասին:
Դա ցանկացած «հեղափոխական» պրոպագանդայի պտուղներից մեկն է եւ լավ ուսումնասիրված է սոցիալական հոգեբանության կողմից: Մարդկանց իռացիոնալ վարքում բանական պատճառահետեւանքային կապեր փնտրելն անիմաստ է: 1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին եւ ընդհանրապես՝ ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ: Ցանկացած նախագահ ունի քաղաքական հակառակորդներ, որոնք կարող են իրենց կողմնակիցներին ապակառուցողական էմոցիաներ հաղորդել: Սակայն այդպիսի էմոցիաներն արդյունքում շրջվում են հենց այդ տրամադրությունները ստեղծողների դեմ: Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել:
Իմ նախագահության առողջ քննադատությանը ես պատրաստ եմ: Հեգնանքը նրանում է, որ մեղադրանքները, որպես կանոն, ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Այն, ինչի համար ինձ կարելի է եւ արժե քննադատել, չի հիշատակվում ընդհանրապես:
Մենք համբերատար բացատրում ենք մարդկանց տեղի ունեցողի էությունը: Մեր գնահատականներով՝ մարդկանց վերաբերմունքը բառացիորեն օրըստօրե փոխվում է: Եկել է տեղի ունեցողի սթափ վերաիմաստավորման եւ վերագնահատման փուլը, իսկ իշխանությունների ապաշնորհությունն այդ գործընթացի լավագույն խթանիչն է:
-2018-ի դեպքերից հետո շատ դժվարությամբ է հայաստանյան քաղաքական դաշտը վերակառուցվում։ Փաստ է, որ ընդդիմադիր դաշտը կազմավորված չէ։ Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, եւ ի՞նչ է պետք անել, որ երկրում ուժեղ ընդդիմություն ձեւավորվի։
-2018-ի ապրիլին տեղի ունեցած եւ իշխանափոխության բերած մասսայական ցույցերն իսկական «քաղաքական ցունամի» էին, որի ալիքը քշեց երկրի սովորական քաղաքական լանդշաֆտը: Նման բուռն գործընթացներն ուժեղ իներցիա ունեն, եւ հասարակությանը ժամանակ էր պետք ռացիոնալ վիճակին վերադառնալու համար: Էյֆորիան եւ դրա հետ մեկտեղ՝ քաղաքական գործիչների սպասողական վիճակն անցել են, եւ հիմա ապագա քաղաքական դաշտի նոր գծապատկերի ակտիվ ձեւավորում է ընթանում:
Ներուժն այստեղ ահռելի է, քանի որ հասարակության ինտելեկտուալ ռեսուրսը կենտրոնացած է հիմնականում խորհրդարանից դուրս, որտեղ եւ ծավալվում է հիմնական քաղաքական դիսկուրսը: «Վերնատան» քննարկումը ցույց տվեց երկիրը ղեկավարելու իշխանությունների անկարողության վերաբերյալ լայն կոնսենսուսի եւ գործուն ընդդիմության կազմավորման անհրաժեշտության առկայությունը: Մեկ տարի առաջ այդպիսի քննարկումն անհնար կլիներ: Այնպես որ, թմրության եւ տակտիկական սպասման փուլն անցել է, հասարակությունը մտնում է ակտիվ գործողությունների փուլ: Առավել ակտիվները եւ աշխույժներն առաջատար դերեր կստանձնեն նոր քաղաքական դասավորվածության մեջ:
Զգացում կա, որ իրավիճակի նույնական գնահատական ունի նաեւ խորհրդարանական ընդդիմությունը, ինչն արտացոլվեց նրա ակտիվացմամբ:
-Ձեր ազատ արձակման ի՞նչ ուղիներ եք տեսնում՝ բացառապես քաղաքակա՞ն պայքարի միջոցով, թե՞ կարծում եք, որ իրավական ուղին դեռ սպառված չէ։ Ինչո՞ւ միջազգային կառույցները, ԵԽԽՎ-ն, ՄԻԵԴ-ը, ՌԴ իշխանությունները, արեւմտյան գերտերությունները չեն փորձում միջամտել Ձեր ճակատագրի հարցում։
-Եվրոպական կազմակերպություններն ավանդականորեն դանդաղկոտ են եւ արագանում են միայն խոշտանգումների եւ առողջական վիճակով պայմանավորված կյանքին սպառնացող վտանգների պարագայում: Դրա հետ մեկտեղ, նրանց ժամանակ է անհրաժեշտ՝ հասկանալու, որ Հայաստանում տեղի ունեցածն անարյուն իշխանափոխություն էր եւ ժողովրդավարական էություն չունի: Կարծում եմ, որ շուտով մենք կլսենք նաեւ եվրոպացիներին, քանի որ իշխանությունների գործողություններն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները:
Ռուսաստանը բազմիցս եւ բավականին պարզ ցույց է տվել իր վերաբերմունքը տեղի ունեցողին:
-Կարելի՞ է արդարություն ակնկալել Հայաստանի դատարաններից։
-Դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության բիրտ ճնշման տակ: Դատավորներն առաջին հերթին գնահատում են իրենց խոցելիության աստիճանը եւ միայն դրանից ելնելով են վճիռներ կայացնում: Դա արդարադատություն չէ, այլ դատավորների կողմից անձնական ռիսկերի գնահատում:
Կոռուպցիայով կեղտոտված դատավորները եւ դատախազներն ավելի հնազանդ են ռեժիմին: Իհարկե, կան նաեւ դատավորներ, ովքեր պահպանել են արժանապատվությունը եւ մասնագիտական պատիվը, ովքեր պատրաստ են պայքարել իրենց անկախության համար: Իմ հարցով դրական որոշումներն ընդունվել են հենց այդպիսի դատավորների կողմից՝ ի հակառակ դատախազական բեսպրեդելի:
-Հայաստանում իրավական առումով կասկածելի պրոցեսներ են ընթանում։ Միայն Սահմանադրական դատարանի եւ նրա նախագահի դեմ ձեռնարկված արշավը նախկինում բավարար կլիներ, որ իրավապաշտպանները խիստ հայտարարություններ անեին, միջազգային հստակ արձագանք լիներ։ Ինչո՞վ եք բացատրում քաղաքացիական հասարակության այս ինֆանտիլությունը։ Ինչպե՞ս փոխել իրավիճակն այս հարցում։
-Պարզվեց՝ Հայաստանի իրավապաշտպան համակարգի նախկին կառուցվածքը ֆեյք էր, եւ այն ամբողջովին փլուզվեց: Ըստ էության, այն ստեղծվում եւ ֆինանսավորվում էր որոշակի ուղղվածության ընդդիմադիր ուժերի սպասարկման համար: Իրենց կոչմանը հավատարիմ քիչ իրավապաշտպաններ մնացին: Այսօր իրավապաշտպան գործունեությանն անկեղծ նվիրված մարդկանցից նոր հանրույթ է ձեւավորվում, որոնք ունակ են վեր կանգնել իրենց քաղաքական հակումներից: Իմիջիայլոց, նրանց ինտելեկտուալ եւ բարոյական մակարդակն անհամեմատելի բարձր է պրիմիտիվ եւ ծուլացած գրանտակերների մակարդակից:
-Առաջիկայում Արցախում ընտրություններ են, բանակցային պրոցեսը մտել է փակուղի։ Ի՞նչ պետք է անի Արցախի ղեկավարությունը, եւ ո՞ւմ եք տեսնում Արցախի նախագահի պաշտոնին՝ որպես այս փուլում արժանի իրավահաջորդի։
-Փաշինյանի այն լոզունգը, թե լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձեւ։ Դա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան: Բրատիսլավայում կայացած բանակցությունների վերջին շրջափուլը եւ դրա շուրջ զարգացող իրադարձությունները ցույց տվեցին մեր իշխանությունների բանակցային ռազմավարության բացարձակ սնանկությունը (եթե, իհարկե, այդպիսի ռազմավարություն ընդհանրապես գոյություն ունի)։ Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի եւ հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ: Միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետեւանքներից: Ընդ որում, Արցախը պարտավոր է հենվել իր Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության վրա՝ չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից:
Իշխանության հռչակված իրավահաջորդի բացակայությունը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման: Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսեւորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը: Ժողովրդավարության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ, ոչ թե հակառակը: Ընտրություններին արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների միակցումը հարցեր է առաջացնում: Այդպիսի կազմակերպություններ եւ պացիֆիստական կրոնական աղանդներ Արցախում չպետք է լինեն ընդհանրապես: Տեղի ունեցողն ավելի վտանգավոր է, քան շփման գծում գրանցվող ռազմական միջադեպերը, քանի որ դրանով ոչնչացվում են հենց այն արժեքները, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք: Կցանկանայի սխալվել, բայց իմ աչքերում սա Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երեւում, եւ թվում է, որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ:
Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար եւ թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետեւանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի:
-Ի՞նչ եք կանխատեսում 2020 թվականին, ի՞նչ սցենար եք տեսնում Հայաստանի համար։
-Իշխանությունը, որի լեգիտիմությունը հանգուցված է մեկ անձի վրա, չի կարող կայուն լինել, անկախ պատգամավորական մանդատների քանակից: Երկիրը ղեկավարելու անունակությունը, աշխատանքում համակարգվածության բացակայությունը խթանել են իշխանությունների ակտիվ ապալեգիտիմացումը: Վարչապետը մոլեռանդ կողմնակիցներ գործնականում այլեւս չունի: Տնտեսական եւ սոցիալական քաղաքականության հստակ ուղղվածության բացակայությունը չի ապահովում այդ քաղաքականության շահառու սոցիալական խմբերի աջակցությունը: Ակնառու է երկու տրամագծորեն հակառակ ուղղվածության արագացող գործընթացների բախումը: Մի կողմից՝ արբեցնող էյֆորիայից հետո վերականգնվում է հասարակության ադեկվատությունը: Մյուս կողմից՝ իրեն Հիսուս Քրիստոս երեւակայող անձնիշխան վարչապետը կորցնում է ադեկվատությունը: Դա բազմապատկում է նրա ժողովրդականության անկման արագությունը եւ թույլ է տալիս վստահ լինել, որ այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով: Ի դեպ, շատ բարձր է հավանականությունը, որ դա տեղի կունենա արդեն մյուս տարի։ Դա կախված է ընդդիմության՝ ջանքերը միավորելու ունակությունից եւ վճռականությունից: