Դավիթ Սանասարյանը գործարք առաջարկեց Նիկոլ Փաշինյանին ու նաև սպառնաց

Դավիթ Սանասարյանի գործով Նիկոլ Փաշինյանը շատ ծանր վիճակում է հայտնվել։ Սա այն դեպքն է, երբ «ժողովրդի վարչապետը», պատկերավոր ասած, աջ գնա՝ գլուխը կկորցնի, ձախ գնա՝ մարմինը կկորցնի, առաջ գնա՝ անդունդի մեջ կհայտնվի, իսկ հետ գնալ պարզապես չի կարող։

Փաշինյանին ձեռնտու չէ Սանասարյանի պատմությունը, քանզի պայթում է «թավշյա հեղափոխականների» հակակոռուպցիոն կերպարի մասին փչված փուչիկը։ Ձեռնտու չէ, բայց արդեն բանը բանից անցել է։ Սա շանս է հեղափոխական աբիժնիկների համար՝ Նիկոլին թուլացնելու համար։ Սա շանս է «ծռերի» ու «սորոսականների» համար Դավիթի գործն օգտագործելու ու դեմագոգիայով զբաղվելու համար։

Հեղափոխությունը խժռում է իր օրինական ու խորթ զավակներին

ՊՎԾ ղեկավար նշանակված Սանասարյանի անմեղության կանխավարկածը չխախտելով հանդերձ՝ նկատենք, որ եթե նրա դեմ փաստեր ու ապացուցողական հիմնավոր բազա չլիներ, ապա Փաշինյանը թույլ չէր տա քրգործ հարուցել, քանզի այս գործով թիվ մեկ քաղաքական տուժողն ինքն է, ընդ որում՝ անկախ հետագա ընթացքից։

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն աներկբայորեն հայտարարեց, որ կան հիմնավոր ապացույցներ, և գործ «կարելու» մասին խոսք չի կարող լինել։

Փաշինյանը, թերևս, կուզենար փակել Սանասարյանի գործը նույնիսկ 100–տոկոսանոց ապացույցների դեպքում, բայց քանի որ իշխանության մեջ կան տարբեր թևեր, ու այդ թևերից մի քանիսի մոտ Փաշինյանը կապալեգիտիմացվեր, եթե թույլ չտար մեղադրանք առաջադրել Սանասարյանի դեմ, ուստի նա տեղի է տվել ու ընկել կրակը։ Փաշինյանը, թերևս, նաև չի պատկերացրել, որ այս ամենը կարող է այսպիսի զարգացում ունենալ։ Բացի այդ, եթե հիմնավոր ապացույցների դեպքում Փաշինյանը թույլ չտար Սանասարյանի դեմ գործ հարուցել, ապա կստացվեր, որ հեղափոխականները և թմբուկ զարկողները թալանի ու պաշտոնեական դիրքի չարաշահման «լիցենզիա» ունեն և «հակակոռուպցիոն» կոչված պայքարը վերաբերում է միայն այս իշխանության դուդուկի տակ չպարողներին։

Իսկ եթե Սանասարյանի դեմ գործը կանգնեցվի, ապա կստացվի, որ ճիշտ են ասում Սանասարյանն ու իր փաստաբանը, որ Հայաստանում գործեր են «կարվում», որ Սանասարյանի դեմ «կարում» էին գործը, քանի որ նա «քիթը մտցրել» էր որոշակի ոլորտներ ու կարող էր ինչ–ինչ բացահայտումներ անել։ Իսկ այդ դեպքում կստացվի, որ Հայաստանում կոռուպցիա ու հովանավորչություն կա, որ գործ «կարողը» Փաշինյանն է, քանզի իրավապահներն իր անմիջական ենթակայության տակ են։ Կստացվի, որ դրանից հետո պետք է հարվածի տակ հայտնվեն ԱԱԾ–ն ու դատախազությունը։ Կստացվի նաև, որ գործեր, առավել ևս, «կարվում» են ոչ յուրայինների դեմ։ Համ էլ՝ կստացվի, որ Նիկոլը վախեցավ Դավիթի շանտաժից ու աչք փակեց նրա արածների վրա (եթե այդպիսիք եղել են, իհարկե)։

Մի խոսքով, Նիկոլն «էն բանի» մեջ է հայտնվել։ Եկել է մի փուլ, երբ հեղափոխությունը խժռում է իր զավակներին։ Լինեն նրանք օրինակա՞ն, թե՞ խորթ զավակներ։

Կերենսկու ռեինկարնացիան

Սանասարյանի գործի պատրվակով իրար դեմ հիմա կռիվ են տալիս պայմանական «սորոսականները» և հեղափոխության խորթ զավակները։ Փաշինյանը հայտնվել է սրանց արանքում։ Դե, իսկ հակաիշխանական ճամբարի քննադատությունն «էն գլխից» կար։

Նա քննադատության խաչաձև տարափի տակ է հայտնվել ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի ժամանակավոր կառավարության առաջնորդ Կերենսկին։ Վերջինս շատ արագ ոչ լեգիտիմ էր դարձել ինչպես ծայրահեղ հեղափոխական ու Ռուսաստանի հակառակորդ Գերմանիայի կողմից ֆինանսավորվող բոլշևիկների (այն ժամանակվա «սորոսականների» ու «ծռերի»), այնպես էլ էսեռների մի մասի համար։

1917թ. փետրվարյան հեղափոխության սկզբում Կերենսկին հեղափոխության սիրելին էր։ Ուներ գերբարձր վարկանիշ։ Բայց սկսեց բոլորին միաժամանակ դուր գալու ու բոլորին միաժամանակ վնասելու քաղաքականությունը և կորցրեց ամեն ինչ՝ վերջում հեռացվելով իշխանությունից ու կանացի շորերով փախչելով Ռուսաստանից։

Կերենսկու ոչ լեգիտիմ դառնալուն մեծապես նպաստեց նրա քաղաքական որոշումը՝ տնային կալանքի տակ պահել ցար Նիկոլայ 2–րդին։ Նա այդպիսով ամբողջությամբ զրոյացավ պետականակենտրոն մտածողություն ունեցող շերտերի համար։

Փաշինայնն այժմ Կերենսկու օրն է ընկնում։ Նա արդեն օտար է դառնում ոչ միայն օտարների, այլ նաև յուրայինների համար։

«Ժողովրդի վարչապետը» խախտեց «թավշյա հեղափոխության» հռչակած սկզբունքները, բացեց «Պանդորայի արկղը» և հիմա հնձելու է այն, ինչ ցանել է։

Սանասարյանի գործը շարքայինից վերածվում է ջրբաժանայինի։ Սա ջրբաժան է հեղափոխականների թիմում։ Սա ներտեսակային կատաղի պայքարի հրապարակային դրսևորում է։ Սա նաև հեղափոխության առաջնորդին արմատականների կողմից ֆեյք հեղափոխական հռչակելու փուլ է։

Ներկայիս նեոբոլշևիկյան շրջանակների, այսինքն՝ «սորոսականների» ու «ծռերի» համար սա առիթ է Փաշինյանից հեղափոխությունը խլելու և այն յակոբինյան փուլ մտցնելու համար։ Ի դեպ, տնաբույծ այս նեոբոլշևիկների ձեռքերով շագանակներ են ուզում հանել արևմտյան կառույցների «շվաքի» տակ գործող թուրք–ադրբեջանական շրջանակները, բայց այս մասին մեկ այլ հոդվածով կանդրադառնանք։

Դավիթը կմերժի՞ Նիկոլին

Իր ասուլիսում Դավիթ Սանասարյանը գործարք առաջարկեց Նիկոլ Փաշինյանին։ Ճիշտ է, նա ԱԱԾ ղեկավարին էր քննադատում ու կոչ անում Վանեցյանին չխոսել այս թեմայով, բայց նրա խոսքերի իրական հասցեատերը Փաշինյանն էր։

«Չեմ կասկածում, որ էս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը: Եթե այլ կերպ գնաց, բավականին լուրջ ու նոր պայքար է սկսվելու նոր Հայաստանում՝ իրավական դաշտը մաքրելու»,– հայտարարել է Սանասարյանը։

Նա, փաստորեն, ընտրել է «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» տարբերակն ու գործարք է առաջարկում Փաշինյանին։ Ասում է՝ եթե իմ դեմ գործը կարճվի, ապա ես ձայնս կկտրեմ, իսկ եթե ոչ, ապա կկիրառեմ նույն այն ստի, պոպուլիզմի ու դեմագոգիայի տեխնոլոգիան, որը Նիկոլն էր սիրում կիրառել։

Նկատենք, որ սա ոչ միայն գործարքի առաջարկ է, այլ նաև սպառնալիք։ «Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին» ոճի սպառնալիք, որը բացահայտում է արմատական հեղափոխական կոչվածների փարիսեցիական ու դեմագոգիկ, ինչպես նաև կոռուպցիային հակված լինելու էությունը։ Փաստորեն, ստացվում է, որ եթե գործը կարճեն, ապա Դավիթը կմոռանա, որ նոր Հայաստանում արդարադատություն չկա։ Իսկ եթե դատվի, ապա կպայքարի Նոր Հայաստանում իրավական դաշտը մաքրելու համար։ Ահա այսպիսի «դիշովկեք» են Հայաստանում եկել իշխանության և խոսում օրինականությունից ու իրավունքից։

Կրկին չխախտելով Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ նկատենք, որ նրա նմանները միշտ ամենաբարձրն են գոռում՝ «բռնե՛ք գողին», ու նրա նման հեղափոխականները գալով իշխանության՝ դառնում են ամենամեծ թալանչիները։ Համաշխարհային փորձից է հայտնի, թե ինչպես իրենց պահեցին սկզբում ազնիվ թվացող, իսկ հետագայում թալանով զբաղվող հեղափոխականները 1789–ից հետո Ֆրանսիայում (Դանտոնը, Ռեշֆորը, դե Մուլենը և մյուսները), ինչպես իրենց պահեցին շատ ու շատ բոլշևիկներ։

1988–ի Ղարաբաղյան շարժումից հետո իշխանության եկած հարթակային ու մերձհարթակային հեղափոխականներից շատերն էլ իշխանության գալով՝ այնպիսի թալանչիներ ու կոռուպցիոներներ դարձան, որ բոլորը մինչև այսօր հիշում են նրանց։

Այնպես որ, այս ամենը հին է՝ ինչպես աշխարհն ու մարդկությունը։

Այն, որ Նիկոլենք իրար ուտելու են ու հետագայում փաթեթով լքելու են ասպարեզը, կասկած չկար։ Մնում է հուսալ, որ այդ ընթացքում երկիրը «վարի» չեն տա։ Մինչև որ կլինի հայկական թերմիդորը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Բազմիցս ենք համոզվել, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է երկակի ստանդարտներով։ Դրա ականատեսն ենք նաև Դավիթ Սանասարյանի գործի հետ կապված։

Ինչպես հայտնի է, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հիմնավորումն այն է, որ նա ազատության մեջ գտնվելով՝ կխոչընդոտի քննությանը։ Հիմա քննությունն ավարտվել է, ու գործն ուղարկվել է դատարան, բայց նրան կրկին կալանքի տակ են պահում։ Մեղադրող կողմի ներկայացուցիչներից մեկը դատական փակ նիստերից մեկի ժամանակ նույնիսկ որպես «հիմնավորում» էր ներկայացրել այն, որ Քոչարյանը ազատության մեջ գտնվելով՝ կարող է հարցազրույցներ տալ ու խանգարել իրենց աշխատանքին։

Թե ինչպես է Քոչարյանը խոչընդոտելու քննությանը, մեղադրող կողմը չի հիմնավորում։

Բոլորին է հայտնի, որ Քոչարյանը 2008–ից հետո հեռացել է իշխանությունից, ու հիմա էլ քայլարածների իշխանություն է։ Այսինքն՝ նա իր պաշտոնական դիրքը կամ կապերը չէր կարող ու հիմա էլ չի կարող օգտագործել քննությանը խոչընդոտելու համար։ Իսկ ահա կոռուպցիայի մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանն, օրինակ, կարող է։

Սանասարյանը կարող է և խոչընդոտում է քննության ընթացքին։ Նա նույնիսկ հրապարակավ գործարք է առաջարկում Փաշինյանին, իր փաստաբանների հետ ճնշում դատախազությանը, օգտագործում իր հեղափոխական լինելու փաստարկը, ասուլիսներ ու հարցազրույցներ տալիս, բայց նրան չեն կալանավորում ու չեն ասում, որ քննությանը խանգարում է, իսկ ահա Քոչարյանին կալանավորում են։ Ահա այսպիսի «թավշյա» արդարադատություն և երկակի ստանդարտներ։

7or.am

դիտվել է 2028 անգամ
Լրահոս
«Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am