Այսօրվա ամենավտանգավոր միտումը
«Այլընտրանքային նախագծերի խումբ» նախաձեռնության ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը հրապարակել է «Մեծ անորոշության տագնապը» հոդվածի երկրորդ մասը, որում արձանագրել է՝ հեղափոխությունը դեռևս փոփոխությունը չէ: Նա ներկայացրել է այն խնդիրները, որոնցից ո՛չ հնարավոր է փախչել, ո՛չ թաքնվել:
Մաս 2
Հեղափոխությունը դեռևս փոփոխություն չէ. սա մենք ամիսներ առաջ ենք արձանագրել։ Դա փոփոխությունների հնարավորությունն է։ Հայաստանը ուներ և դեռևս ունի էական դրական փոփոխությունների հնարավորություն։ Բայց փոփոխությունները կարող են ունենալ նաև հակառակ որակները։ Մենք ունենք խնդիրներ, որոնցից ո՛չ փախչել է հնարավոր, ո՛չ թաքնվել։ Մենք դրանք պետք է լուծենք, մեղմենք, նվազեցնենք.
Օրեր առաջ հրապարակվեց համաշխարհային բանկի զեկույցը, որը բառացի զգուշացնում է. «Առանց հաստատակամ բարեփոխումների հնարավոր չէ հասնել շոշափելի արդյունքների՝ աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական խնդիրների ավելի հաջող լուծման և ներդրումներ ներգրավելու համար գործարար միջավայրի բարելավման հարցերում։ Նշված արդյունքների ձախողումը կարող է կրկին բորբոքել սոցիալական և քաղաքական լարվածությունը և տնտեսական անորոշության պատճառ դառնալ...»։
Նախապայմանը հետևյալն է. երկրի այսօրվա մթնոլորտը պետք է փոխվի։ Հակառակ դեպքում զարգացում չի լինելու։ Պետք են բարեփոխումների լուրջ ծրագրեր և դրանց իրականացմանը ունակ մարդիկ ու թիմեր։
Մենք ունենք խնդիրներ, որոնցից ո՛չ փախչել է հնարավոր, ո՛չ թաքնվել։ Մենք դրանք պետք է լուծենք, մեղմենք, նվազեցնենք.
ա/անվտանգության խնդիր և պատերազմի ռեալ վտանգ
բ/ դեմոգրաֆիկ խնդիր (արտագաղթ, ծնելիության անկում, բնակչության ծերացում)։ Մեր անմիջական հարևանների բնակչությունն է. Ադրբեջան՝ 9,8 մլն, Թուրքիա՝ 79.8 մլն, Իրան՝ 81.16 Վրաստան՝ 3.7 մլն։ Մենք ունենք, որպես պետություն, ֆիզիկապես մաշվելու հեռանկար։
գ/ չի գտնվում տնտեսության բեկման ճանապարհը։
Այսօրվա ամենավտանգավոր միտումը
Հարցերի, խնդիրների, պատկերացումների պաթոլոգիկ պարզունակացումը։ Որոշ դեպքերում թվում է, թե դա միտումնավոր է արվում, այլ դեպքերում՝ ակնհայտ է ավելիին չտիրապետելը։ Ուղղակի հնարավոր չէ նման ահռելի խնդիրների, նման տարածաշրջանում գտնվելու պարագայում՝ այսքան պարզունակ պատկերացումներով և պարզունակ, երբեմն՝ մանկապատանեական ձևակերպումներով հաջողություն ունենալ։
Ի՞նչ անել
Մարդկայնորեն հասկանալի է նոր իշխանության համոզմունքը և վրդովմունքը, թե՝ տնտեսական հեղափոխությունը յուրաքանչյուրի անհատական հեղափոխությունից պետք է սկսվի, հակառակ դեպքում բան չի ստացվի. ինչո՞ւ եք պասիվ...
Բայց որպեսզի անհատական և հանրային մակարդակով դա տեղի ունենար, պետք էր անել մեկ այլ բան. ապահովել երկրում համապատասխան մթնոլորտ։ Երկրում կառուցելու, աշխատելու մթնոլորտի փոխարեն ստացել ենք մարդ բռնելու, ամեն անկյունում կոռուպցիա փնտրելու հիվանդագին միտում։ Կոնսոլիդացիայի փոխարեն ստացել ենք հասարակությանը անընդհատ բաժանելու և իրար դեմ լարելու մթնոլորտ։ Գործնական իշխանության փոխարեն ստացել ենք անվերջ ելույթների ու լոզունգների իշխանություն։ Զարգացման և գրագետ բարեփոխումների տեսլականների ու ծրագրերի փոխարեն ստացել ենք վտանգավոր գաղափարների փաթեթ։ Փոխենք այս մթնոլորտը, և կմիանա երկրի շարժիչը, երկիրը կսկսի զարգանալ։
Ի՞նչ է մեզ սպասում
Ավելորդ հոռետես կամ ավելորդ լավատես չընկալվելու համար, այս հարցի պատասխանները, պետք է սկսել եթե-ներով։
Եթե մենք ուզում ենք, որ լինեն ներդրումներ, լինի տնտեսական ակտիվություն, ապա իշխանությունը պետք է հրաժարվի «մեղավորության կանխավարկածի», կուլակաթափության և նմանատիպ մյուս գաղափարներից։ Փոխարենը՝ պետք է առաջ քաշի պասիվ կապիտալը ակտիվացնելու, ներդրումներ անելու պայմանով տնտեսական համաներման, տնտեսությունն աշխուժացնելու այլ գաղափարներ։
Եթե մենք ուզում ենք երկիրը վերադարձնել հանդարտ հուն և ոչ թե մխրճվել անվերջանալի դատերի և բոլորը բոլորին մեղադրելու անվերջանալի գործընթացի մեջ, ապա պետք է դուրս գալ ՀՔԾ-ի հորինած իրականությունից, հրաժարվել այդ սցենարի պաշտոնական և ստվերային հեղինակների ծառայություններից։ Ամեն ինչից անկախ՝ պետք է հասկանալ, որ հնարավոր պատերազմի շեմին կամ բարդ խաղաղության բանակցությունների նախօրյակին չի կարելի քրգործերով թուլացնել սպայակազմը և կազմակերպել հաղթանակի հրամանատարների ցուցադրական հեղինակազրկումներ։ Կա նաև շատ ավելի կոնկրետ հարց. քանի դեռ Ռ. Քոչարյանն անազատության մեջ է, Հայաստանի և ՌԴ հարաբերություններում լինելու է «ռազմավարական լարվածություն», իսկ ռուսահայ կապիտալը (Հայաստանի համար կապիտալի հիմնական իրական աղբյուրը) չի գալու Հայաստան. կա՛մ չի ուզելու, կա՛մ չեն թողնելու։
Եթե մենք ուզում ենք բարձրացնել երկրի դիմադրողականությունը արտաքին վտանգների առաջ, ապա օր առաջ պետք է կանգնեցնենք երկրում ներքին անկառավարելիության սողացող պրոցեսը։ Դադարեցրեք երկու կոպեկի համար տարիների հնության թեմաներով գյուղապետերի որսը, դադարեցրեք տասնամյակների պատմություն ունեցող ներգյուղական, ընտանեկան, կլանային բողոքներին և առճակատումներին տոն տալը, խրախուսելը։ Սա մինչև վերջին ատոմը բաժանելու է երկիրը։ Դադարեցրեք չմտածված ձևակերպումներ հնչեցնելը, որոնք բերում են ամենաթողության և ազատությունների ու իրավունքների սխալ ընկալման և կիրառման։ Սա թույլ, ֆեյք պետության տանող ամենակարճ ճանապարհն է։
Ի՞նչ է պետք անել
Կհաջողվի՞ մեզ խուսափել վատագույն սցենարներից, կհաջողվի՞ մեզ հետ վերադառնալ նախնական պոզիտիվ նպատակներին և հույսերին։ Վստահ եմ, որ հնարավորություն դեռ կա։ Բայց դարձյալ, եթե արվեն մի շարք քայլեր.
1. Եթե իշխանության մեջ գտնվող մարդիկ չգնան կարծիքի համահարթեցման ճանապարհով, սկսեն տարակուսանք ու անհամաձայնություն դրսևորել իրականացվող այս կամ այն քայլի ու գաղափարի նկատմամբ։ Իշխանության մեջ անհատի ձայնի ինստիտուտը չափազանց կարևոր գործոն է։
2. Եթե ԱԱԾ-ն շուտ վերադառնա իր հիմնական գործառույթներին, առավելագույնս կենտրոնանա ազգային անվտանգության խնդիրների վրա, հանկարծ բաց չթողնի անկառավարելիության տանող պրոցեսը և ավելի կոշտ պնդի երկրի անվտանգությանը վերաբերող իր իրավացիությունը տարբեր հարցերում (Խաչատուրովի ձերբակալման անթույլատրելիության օրինակով), ապա կայունության որոշակի մակարդակ հնարավոր կլինի ապահովել։
3. Եթե իշխանությունից դուրս գտնվող՝ իմ կողմից ձևակերպված «ոչանտարբերների հանրությունը» կարողանա դառնալ ավելի լսելի, ավելի ազդեցիկ, այդ թվում՝ կառուցվածքային միավորների տեսքով, ապա հնարավոր կլինի լցնել սթափության վակուումը։
4. Եթե ոչ իշխանական կուսակցությունները, ԱԺ-ում ներկայացված և արտախորհրդարանական, կարողանան արագ առողջացման գնալ, վերջապես հասկանան դրա անհրաժեշտությունը, ապա կլինի քաղաքական դաշտի վերակենդանացում, ինչը կտա որոշակի երաշխիքներ՝ խելահեղ սցենարներով չգնալու։
Կա տպավորություն, որ բոլոր չորս կետերում էլ (մի տեղ՝ ավելի շատ, մի տեղ՝ ավելի քիչ) այսօր ունենք խնդիրներ՝ հապաղում, չարվող աշխատանք։
Ձայների որակը Հայաստանում
Վատագույն սցենարներից խուսափելու և երկրում կանխատեսելիության ու հեռանկարայնության մթնոլորտ ձևավորելու համար չափազանց կարևոր է երկրում առկա ձայների որակը՝ դոմինանտ ձայնի որակը։
Հայաստանում կան տեսակետների և գաղափարների տոքսիկ կենտրոններ և տոքսիկ անհատներ, որոնք միայն ատելություն, քեն ու քաոս են գեներացնում։ Դրանց մի մասը հին նախապատմություն ունեն, մի մասը՝ նոր, դրսից ֆինանսավորվող։ Նրանց ամեն նոր գաղափարը, քայլը, նամակը, առաջարկը Հայաստանը Սիրիայի վերածելու հեռանկարն է մեծացնում։ Նրանք ամեն կերպ ձգտում են մեծացնել իրենց ազդեցությունը իշխանության վրա, որոշումների կայացման վրա, երկրում մթնոլորտի ձևավորման վրա։ Իշխանության մեծ շերտի անփորձությունն ու վատ տեղեկացվածությունը նրանց համար պարարտ հող են։ Եթե բաց թողեցինք պահը, վաղը ուշ կլինի։
Ի հակակշիռ սրան՝ Հայաստանում կան շրջանակներ, միմյանցից տարբեր քաղաքական հայացքների և պատկերացումների, որոնք միշտ հրապարակայնորեն ասում են իրենց տեսակետը՝ հիմքում ունենալով օգնելու, զգուշացնելու, առաջարկելու մոտիվացիան, կոպիտ սխալներից և անկայունության տանող սցենարներից երկիրը հեռու պահելու ցանկությունը։ Մեծ հաշվով՝ երկրի հեռանկարը այս երկու որակների մրցակցության մեջ է։ Կախված նրանից, թե ո՛ր որակի ձայնը կհաղթի, կորոշվի, թե ի՛նչ ճանապարհով է գնալու Հայաստանը։ Իշխանության միջի որակյալ ձայները պետք է ավելի «դուխով» լինեն, ինչն այդպես չէ այսօր, իսկ իշխանությունից դուրս որակյալ ձայները պիտի լինեն ավելի բարձր և ավելի կազմակերպված, ինչը դարձյալ այսօր այդպես չէ։
Եվ իհարկե, վերջապես պետք է սկսի գործել այդ առողջ ձայները լսելու և հետևություններ անելու՝ դեռևս չգործարկվող մեխանիզմը։ Դեռ հնարավորություն կա։
Մի բան պետք է փորձենք հստակ պատկերացնել. նժարին կա երկու տարբերակ. կա՛մ Հայաստանը դառնալու է խաղաղ, համերաշխ ու զարգացող պետություն, կա՛մ վերածվելու է Սիրիայի։ Այլ կարգախոսներ ու բարիկադներ փնտրելու կարիք պարզապես չկա։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»