Տնտեսական բարեփոխումների մեկնարկն ուշանում է

168 ժամը գրում է. Հայաստանում ակնկալվող տնտեսական բարեփոխումների մեկնարկը, որը մեծապես կապվում է Հարկային օրենսգրքում նախատեսվող վերանայումների հետ, հետաձգվում է ևս մի քանի ամսով։ Կառավարությունը պատրաստ չէ հարկային օրենսդրության փոփոխությունները կիրառել նույնիսկ տարվա կեսից։ Մինչդեռ հասարակությունն անհամբեր սպասում է, թե, ի վերջո, երբ է հեղափոխության խոստացած տնտեսական ու սոցիալական արդյունքները հասանելի դառնում նաև իրեն։ Քաղաքական փոփոխություններից հետո Նիկոլ Փաշինյանը հաճախ է խոսում երկրում տնտեսական բարեփոխումներ, ինչո՞ւ չէ, նաև տնտեսական հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտության մասին։ Ու չնայած դրա կարևորությանը, այդ գործընթացը շատ դանդաղ է առաջ գնում։ Այս տեմպերով շարժվելու դեպքում կասկած չկա, որ դեռ երկար ժամանակ անհրաժեշտ կլինի քաղաքական հեղափոխությունը տնտեսականի վերածելու, առավել ևս՝ տեսանելի արդյունքներ ցույց տալու համար։ Տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար կառավարությունը մի տեսակ շատ երկար է պատրաստվում։ Շուտով կլրանա իշխանափոխության մեկ տարին, իսկ այդ գործընթացը դեռևս չի մեկնարկել։ Եթե հաշվի առնենք, որ տնտեսական բարեփոխումները կապվում են հիմնականում հարկային օրենսդրության վերանայումների հետ, ապա դժվար չէ պատկերացնել, թե դա ընդհանրապես երբ կարող է լինել։

Բավական երկար դեգերումներից հետո օրերս, ի վերջո, շրջանառության մեջ դրվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։ Սա այն փաստաթուղթն է, որով կառավարությունը մտադիր է դնել Հայաստանում տնտեսական բարեփոխումների հիմքերը։ Թեև դեռ հարց է, թե այն որքանո՞վ կծառայի իր նպատակին և ցանկալի արդյունք կտա՞։
Չնայած այդքան կարևորելուն, այնուհանդերձ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արեց տնտեսական բարեփոխումների մեկնարկը Հայաստանում ևս մի քանի ամսով հետաձգելու համար։ Առանց որևէ բարդության Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կարելի էր ընդունել նաև նախորդ խորհրդարանում։ Մի բան, ինչը հնարավորություն կտար օր առաջ սկսել ակնկալվող տնտեսական բարեփոխումները։ Բայց ոչ, դա կառավարության ծրագրերի մեջ չէր մտնում։ Ու հիմա հասարակությունն ու տնտեսական հատվածի մասնակիցները ստիպված են ևս մի քանի ամիս սպասել խոստացված բարեփոխումների մեկնարկին։ Մինչև վերջերս ակնկալվում էր, որ այդքան ձգձգումից հետո Հարկային օրենսգրքի փոփոխությունները կգործեն հուլիսից։ Բայց պարզվում է՝ այդպես չէ։ Լավագույն դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերին։ Այլ կերպ ասած, տարվա ավարտից ընդամենը չորս ամիս առաջ։ Առանձին դեպքերում դա էլ չի լինելու։ Մասնավորապես՝ միկրոբիզնեսին վերաբերող օրենքի կարգավորումները նախատեսվում է գործողության մեջ դնել միայն հաջորդ տարվանից։ Ու դեռ պարզ չէ, թե այս տեմպով գնալու պարագայում որքանո՞վ հնարավոր կլինի պահպանել նաև այս ժամկետները։ Մի բան հստակ է, որ Հարկային օրենսգիրքի փոփոխություններն անկյունաքարային են կառավարության համար տնտեսական բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Ընդ որում, դրա հետ է կապվում ոչ միայն՝ տնտեսական, այլև՝ սոցիալական խնդիրների լուծումը։ Եկամտային հարկի և շահութահարկի համահարթեցմամբ ակնկալվում է բարձրացնել բիզնես միջավայրի գրավչությունը` ներդրողների և ընդհանրապես տնտեսական գործընթացների մասնակիցների համար։ Իսկ միկրոբիզնեսի գործունեության համար արտոնյալ պայմանների ստեղծմամբ կառավարությունը հույս ունի թեթևացնել երկրում սոցիալական իրավիճակը: «Մենք պատրաստվում ենք ստեղծել նոր սեկտոր տնտեսության մեջ. դուք գիտեք՝ գոյություն ունի փոքր բիզնես, միջին բիզնես, և մենք պատրաստվում ենք ստեղծել իրավականորեն նոր սեկտոր՝ միկրոբիզնես, և այդ բիզնեսն ազատել բոլոր հարկերից: Այդ ճանապարհով մենք պատրաստվում ենք խրախուսել մեր մարդկանց` քայլեր ձեռնարկել` սկսելու որոշակի բիզնես գործունեություն և օգնելու կառավարությանը հաղթահարել աղքատությունը, որն ամենամեծ խնդիրն է Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Այսքանից հետո տարօրինակ է, որ կառավարությունը չի շտապում հնարավորինս շուտ մարդկանց տալ այդ հնարավորությունը, եթե, իհարկե, համոզված է, որ այն իսկապես կծառայի իր նպատակին։ Որ այդ նախաձեռնության արդյունքում ոլորտում որոշ տեղաշարժեր իսկապես կլինեն, կասկածից վեր է։ Բայց ավելին անիմաստ է սպասել։ Ակնկալիքները՝ դրա հետ կապված, խիստ չափազանցված են։ Խնդիրը նույնիսկ շրջանառության այն շեմը չէ, որն առաջարկվում է։ Միկրոբիզնեսի գործունեության շրջանակը Հայաստանում շատ սահմանափակ է։ Անգամ ամսական 2 մլն դրամ շրջանառությունը, որը կառավարությունը պատրաստվում է տալ միկրոբիզնեսին, գործունեության բազմաթիվ տեսակների դեպքում ավելին է, քան պետք է։ Ասենք` նույն կոշիկի կամ ժամացույցների վերանորոգման ծառայությունը, որոնց ամսական շրջանառությունը հազիվ թե կարող է հասնել 2 մլն դրամի։ Ուստի, անկախ նրանից՝ շեմը կբարձրանա՞, թե՞ կիջնի, քիչ բան կարող է փոխել։ Ավելին, կառավարությունն ակնկալում է միկրոբիզնեսի դաշտ բերել գործունեության այնպիսի տեսակներ, որոնք, առանց այդ էլ՝ ազատված են հարկերից։ Բնական է, որ դա ոչինչ էլ չի տալու բիզնեսի այդ տեսակներին։ Ինչևէ, մինչ կառավարությունը լուրջ հույսեր է կապում Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ, գործընթացն առայժմ շատ դանդաղ է տեղից շարժվում։ Դրանից տուժում է տնտեսությունը, որն առանց այդ էլ՝ չի փայլում ակտիվությամբ։ Ու եթե ևս մեկ տարի պիտի այդպես շարունակվի, դժվար չէ պատկերացնել դրա հետևանքները։ Առանց այն էլ իշխանափոխությունից հետո Հայաստանի տնտեսության նկատմամբ հետաքրքրությունները ոչ միայն չավելացան, այլև խորացան մտահոգությունները։ Ընդ որում, թե՛ ներքին, և թե՛արտաքին հատվածի կողմից։ Պատահական չէ, որ իշխանափոխությունից անգամ ամիսներ հետո տնտեսական գործընթացները, գրեթե բոլոր ոլորտներում, շարժվում են դանդաղման ուղղությամբ։ Շատ քիչ առումներով կարելի է դրական տեղաշարժեր գտնել։ Սա պետք է որ ազդակ լիներ կառավարության համար` ակտիվացնելու այդքան չարչրկված բարեփոխումները։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Իշխանափոխությունից անցել է ինը ամիս, սակայն մինչև հիմա կառավարությունը չի ներկայացրել նույնիսկ տնտեսական քաղաքականության սեփական հայեցակարգ։ Ուստի զարմանալ պետք չէ, որ տնտեսության մեջ շատ բան դեռ անորոշ է։    

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am