Դոն Պիպոյին կալանավորելու որոշումը բողոքարկվել է
Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ նույն ինքը Արթուր Ասատրյանի նկատմամբ կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, սակայն դեռևս դատական նիստի օր նշանակված չէ: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Արթուր Ասատրյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանից: Նշենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել է հունիսի 19-ին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ, ըստ պաշտպանի, Ասատրյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է: Պաշտպանը գտնում է, որ թե՛ բարոյական, թե՛ իրավական հարթությունում որևէ ողջամիտ արդարացում չկա նախաքննական մարմնի որդեգրած մոտեցումներին, Ասատրյանին առաջադրված անհիմն մեղադրանքին, մերձավոր ազգականների հետ հեռախոսային խոսակցությունները և տեսակցությունները արգելելով փաստացի խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքին:
