Թող երգեն, թող պարեն, ֆոկուսներ ցույց տան, բայց ընտրեն մտածելով

Apr 01, 2017 Comments Off on Թող երգեն, թող պարեն, ֆոկուսներ ցույց տան, բայց ընտրեն մտածելով

Մարզահամերգային համալիրում այսօր ՀՀԿ-ի գալա համերգին տեղական աստղիկներից բացի ելույթ ունեցողների թվում էր նաև Հարութ Փամբուկչյանը` Ձախ Հարութը:Նա կատարել է դաշնակցական երգեր ու իջնելով բեմից` խոնարհվել է Հանրապետական կուսակցության լիդերների առջև՝ հարուցելով հանրության վրդովմունքը: Այս եւ ընտրություններին արտիստների ներգրավվածության մասին զրուցեցինք Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ:

-Պարոն Բաբայան, ինչ անուն տալ Ձախ Հարութի՝ ՀՀԿ-ի համերգին մասնակցությանը, եթե հայաստանյան երգիչ-երգչուհիները մեկնաբանում են, որ իրենք կաշկանդված են, որ իշխող ուժի քարոզարշավներին չմասնակցելը կարող է ծանր նստել իրենց վրա, իրենց առջեւ կփակվի բեմը, հեռուստաեթերը, ապա դրսի արտիստներին կարծես թե չի սպառնում նման բան: Հասկանալի է, որ ՀՀԿ-ն կցանկանա վերջին շանս օգտագործել, նման արտիստների քողի տակ սեփական դեմքը փրկել, բայց ինչ բացատրություն ունի մյուս կողմի պահվածքը:

-Ես չգիտեմ Ձախ Հարութով ինչպես կարելի է դեմքը փրկել, կամ չփրկել, ճիշտն ասած, որ ասեմ, թե ես մեծ երկրպագու եմ Ձախ Հարութի երգերի, իհարկե ոչ: Իրեն պետք է տալ այդ հարցը, ինքը գիտի՝ ինչու է մասնակցել: Կարծում եմ՝ ինչքան շատ մեր հանրապետությունում երգեն եւ ինչքան քիչ կռվեն, այնքան լավ: Ով ում համար ուզում է, թող երգի, ես այդտեղ պրոբլեմ չեմ տեսնում: Կարծում եմ ընտրությունը պետք է կատարվի մտածելով, այլ ոչ թե էմոցիոնալ դաշտի վրա եւ այլն: Ես անձամբ այս մեկ ամիսը բոլորին լսել եմ, որպեսզի կարողանամ ինձ համար ընտրություն կատարել: Ընտրողը այս մեկ ամսվա ընթացքում պետք է լինի լսողի դերում, թող կուսակցություններն իրար հետ կռվեն, վիճեն, մերժեն, առաջարկեն, մենք էլ փորձենք գնահատել ու անել սեփական եզրակացությունը: Որովհետեւ մեր՝ հասարակ ընտրողներիս, այդ թվում եւ իմ հիմնական ֆունկցիան է գիտակցված ընտրություն կատարելը: Գիտակցելու համար ինչ-որ մի պահ հարկավոր է լռել ու կարողանալ վերլուծել այն, ինչ լսել ես, ինչպես նաեւ համեմատել անցած տարիների հետ: Այնպես որ թող երգեն, թող պարեն, ֆոկուսներ ցույց տան:

-Այդուհանդերձ, նման իրադարձությունները արվեստագետների հանդեպ վերաբերմունք չի փոխում:

-Նայած արվեստագետ, ամեն մեկն ինքն է ընտրում՝ ինչ անել, ինչ չանել: Ի վերջո արվեստագետ դեռ չի նշանակում մտավորական, քաղաքացի, ես անկեղծ դժվարանում եմ պատասխանել: Ես անձամբ չեմ մասնակցում որեւէ բանի, թույլ չեմ տալիս, որ թատրոնի պատուհաններին պաստառներ փակցնեն, համարում եմ, որ մենք այդ շրջանակներից դուրս պետք է լինենք: Ընտրությունները քաղաքական պայքար են, ես կողմնակից եմ քաղաքացիական կողմնորոշմանը:

-Իսկ մեր հասարակությունը, ընտրողը պատրա՞ստ է Ձեր նշած չափորոշիչներով կատարել իր ընտրությունը:

-Այստեղ մենք ունենք մի մեծ պրոբլեմ, որը չի լուծվում մեկ օրում, ոչ իշխանափոխությամբ, պրոբլեմը կրթական է, գաղափարական, ավելի շատ՝ քաղաքակրթական: Այդ բոլոր դիֆերամբները, որ հնչում են ժողովրդի հասցեին…Վերջիվերջո, ժողովուրդը հո աբստրակտ հասկացողություն չէ, ժողովուրդը կազմված է մարդկանցից, անհատներից, իսկ այս պարագայում մենք տեսնում ենք, ցավոք սրտի, մակարդակի ահավոր իջեցում: Այն քաղաքական ուժերը, որոնք Հայաստանը տեսնում են ուրիշ քաղաքակրթական դաշտում, ուրիշ արժեքային համակարգում, պետք է առաջին հերթին պետք է զբաղվեն հասարակությունով: Ընդ որում սա նաեւ վերաբերում է ինձ որպես իմ գործունեության տիրույթում: Մեր հասարակության այս ոչ ադեկվատ վիճակի մեջ նաեւ սեփական մեղքն եմ տեսնում: Որովհետեւ եթե իմ հասարակությունը, իմ ժողովուրդը իսկական արժեքները մի կողմ թողած վազում է կոշիկ համբուրելու կամ մուրացկանություն անելու հետեւից, կա իմ թերացումը , գուցե ավելի շատ, քան որեւէ քաղաքական գործիչի: Ի վերջո, իրենք օգտագործում են այն նյութը, որն ունեն: Հասարակություն պատրաստելը մեր գործն է, եթե մենք մեզ կոչում ենք մտավորականներ, չենք կարող հանգիստ քաշվել մի կողմ, ասենք, դե, ինչ անենք, ժողովուրդը սա է ուզում: Ուրեմն մենք ենք բերել այն վիճակին, որ ժողովուրդը բացարձակապես չի ուզում զբաղվել պետականաշինությամբ, չի տարբերակում, թե ինչ է նշանակում արժեքային համակարգ, գիտություն, կրթություն, այլ պարզապես օրվա հացն է ման գալիս: Մշտապես արդարացումներ ման գալն էլ չեմ համարում ճիշտ, մարդը փող է վերցնում, բա ինչ անի, փող չունի: Արդարացումներ միշտ էլ կան: Շատ քաղաքական ուժեր հայտարարեցին գումարը վերցրեք, բայց գնացեք ձեր խղճին համաձայն ընտրեք: Ես ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞ր խղճի մասին է խոսքը.խիղճը այնպիսի բան չի, որ մեկ արթնանում է, մեկ քնում, կամ դու վաճառում ես խիղճը, կամ չես վաճառում, եւ ով ասաց, որ նա գնա քվեարկի խղճի համաձայն, լավ կլինի, եթե մարդը փող է վերցնում, խիղճը ին՞չ պիտի թելադրի:

-Իսկ այս իրավիճակից ելքը ինչպես ու երբ եք պատկերացնում, ինչը ազդակ պիտի լինի, որ յուրաքանչյուրս իր տեղում լծվի ու իր թերացումը շտկի:

-Գուցե միամիտ բաներ եմ ասում, բայց երբ կլինեն ազատ, արդար ընտրություններ եւ մենք կընտրենք ոչ թե ազգանուններին, այն ժամանակ կսկսենք մեղավորությունը ման գալ մեր մեջ, հասկանանք, որ պրոբլեմը ոչ թե կեղծելու մեջ է, թեպետ դա էլ է պրոբլեմ, այն նրա մեջ, թե ում ենք մենք ընտրում, ինչ կողմնորոշում ենք մենք ընտրում: Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցան ապրիլյան դեպքերը եւ ստիպեց շատ շատերին ավելի լուրջ վերաբերվել մեր շատ ու շատ հարցերին, մի քիչ սթափեցնող, ցմցուղի պես մի բան էր:Արդար ընտրությունները մեզ պետք են ոչ թե լավ իշխանություն ունենալու համար, այլ որպեսզի մենք պատասխանատվություն կրենք այդ իշխանության համար, որ ընտրել ենք, որպեսզի ինքներս մեզ հարց տան՝ եթե ժողովրդի մեծամասնությունը արդար, ազնիվ, փակ, գաղտնի ընտրություններով ընտրել է անարժաններին, ուրեմն մեր բոլորիս մեղքն այստեղ կա, թերացում կա ընդհանուր վիճակի մեջ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: