Հայկ Խանումյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին

Mar 23, 2017 Comments Off on Հայկ Խանումյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, որը համարվում է Սամվել Բաբայանի մտերիմներից, մամուլից է իմացել վերջինիս ձերբակալության մասին։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Լրատվամիջոցներից իմացա, հետո Սամվել Բաբայանի շրջապատի անձանց հետ զրուցեցի, որոնք հաստատեցին, որ նա ձերբակալված է»,-նշեց Հայկ Խանումյանը:

Մեր հարցին՝ ձերբակալությունն ինչի՞ հետ կարող է կապ ունենալ, Խանումյանն ասաց․ «Ներքաղաքական զարգացումների, Սերժ Սարգսյանի ձեռագիրն է, այդ ձեռագրով նա աշխատել է նաեւ 2007 թվականին «Դաշինք» կուսակցության դեմ, որը եւս Սամվել Բաբայանն էր գլխավորում։ Զարմանալու բան չկա՝ նույն ձեռագիրն է»։

Խանումյանի խոսքով՝ Սամվել Բաբայանը կազմակերպչական մեծ ներուժ է ունեցել Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքում․
«Կարծում եմ՝ հիմնական նպատակն այն է, որ թուլացվեն այդ դաշինքի դիրքերը, եւ դաշինքը խորհրդարան չանցնի»։

Մեր դիտարկմանը, որ քիչ առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել մաքսանենգ եղանակով Իգլա տեսակի զենիթահրթիռային համակարգ ՀՀ տեղափոխելու մասին, արդյոք այն կապ ունի՞ Բաբայանի հետ, Հայկ Խանումյանը պատասխանեց. «Եթե փորձեն Սամվել Բաբայանի հետ կապել, այն կլինի ձերբակալման օպերացիայի տեղեկատվական պատրաստություն»:

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: