ՀՎԿ-ն Վանաձորում առաջադրելու է քրեական հեղինակությա՞ն

Jan 18, 2017 1 Comment

«Հայկական վերածնունդ»  դարձած «Օրինաց երկիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում առաջադրելու է Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՎԿ-ի ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին՝ Ակային, որը Վանաձորի ընտրություններից հետո ծեծի էր ենթարկել Վանաձորի Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին։ Այս մասին մամուլի հրապարակման մասին Hayeli.am-ը զրուցեց ՀՎԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանի հետ․

Պարոն Առաքելյան, մամուլում այսօր տեղեկություններ կային, որ խորհրդարանական ընտրություններում Լոռիում  ՀՎԿ-ն որպես պատգամավորի թեկնածու է առաջադրելու Արկադի Փելեշյանին, սա համապատասխանո՞ւմ է իրականությանը։

-Ամենայն հավանականությամբ կառաջադրվի, բայց վերջնական որոշումը կկայացնի կուսակցության ղեկավար մարմինը։

Կուսակցության համար խնդիր չէ՞ր վերջին սկանդալային պատմությունը Փելեշյանի անվան հետ կապված։

-Դե, գիտեք, մարդն ինչ-որ խնդրի մեջ է ընկել, հարթվել, գնացել է արդեն, կողմերը համաձայնության են եկել, հաշտվել են, միջադեպը հարթվել է։

-Հաշտվել են, քանի որ մյուս կողմը հոգեւորական էր եւ ներեց, ինչպես ինքը հայտարարեց, բայց ծեծ եղե՞լ է չէ։

-Դե անկախ նրանից հոգեւորական է թե է ոչ, ներողամտություն է, բոլորս քրիստոնյա ենք, քրիստոնեական կարեւոր սկզբունքների մեջ է մտնում ներողամտությունը։ Մարմնական մեծ վնասվածներ չէր եղել․ միջադեպ էր եղել, հաշտվեցին, գործը փակվեց, գնաց։

-Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ մի ամբողջ կուսակցություն հանրապետության երրորդ քաղաքում չունի այլ ներկայացուցիչ, որ ամեն անգամ Վանաձորում հայտնի  քրեական հեղինակության անուն է  շրջանառվում։

-Արկադի Փելեշյանը քրեական հեղնակություն երբեք չի եղել ու չէ, Արկադի Փելեշյանը հայտնի ճանաչված մարդ  է Վանաձորում,  եթե լինեք Վանաձորում կհամոզվեք, ծերանոցներից սկսած մինչեւ բանակին օգնություն, սրանով է հայտնի։ Փելեշյանն իր գործունեության ընթացքում միշտ օգնել ու աջակցել  է մարդկանց, ու դա կապ չի ունեցել ընտրությունների հետ, եթե որոշ մարդիկ այն անում են նախընտրական շրջանում, Փելեշյանը միշտ է արել։

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններից հետո Արկադի Փելեշյանը, հոկտեմբերի 4-ի երեկոյան ներխուժելով Վանաձորի Ավետարանական եկեղեցի, ծեծի է ենթարկել Ռաֆայել Գրիգորյանին՝ ընտրություններում իր օգտին չքեարկելու համար։ Արկադի Փելեշյանը դեպքերից հետո նախ բերման ենթարկվեց, ապա ստորագրությամբ ազատ արձակվեց․ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր  քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով։ Սակայն, Փելեշյանի՝ հրապարակային ներողություններից հետո, Ռաֆայել Գրիգորյանը հրաժարվեց իր դիմումից, ինչի հետեւանքով գործը կարճվեց։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց

Մեկ անդրադարձ “ՀՎԿ-ն Վանաձորում առաջադրելու է քրեական հեղինակությա՞ն” հրապարակմանը

  1. Կարինե Հակոբյան says:

    Ինչ է նշանակում ծեծի’ է ենթարկել. մի քանի հոգով մեկի դե՞մ: Եթե մենակ է եղել, ուրեմն պետք է ասել, որ նա կռվի է բռնվել այսինչի հետ: Այդ կռվում նա հաղթել է, թե պարտվել է դա արդեն ուրիշ հարց է: