Նիկոլ Փաշինյանի՝ թքած ունենալու նուրբ արվեստը

Feb 14, 2019 1 Comment

Կառավարության նոր ծրագրին զուգահեռ՝ Կառավարությունը փաստացի փակ ռեժիմով քննարկում էր նաև Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը։ Այդ նախագծի մանրամասները հայտնի չեն, հայտնի է միայն, որ դրանով նախարարությունների թիվը 5-ով կրճատվում է։ Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջնականորեն ավարտվել են ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները:
ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:
Իսկ կառավարության կազմում լինելու են հետևյալ նախարարությունները՝
արտաքին գործերի նախարարություն,
պաշտպանության նախարարություն,
արտակարգ իրավիճակների նախարարություն,
արդարադատության նախարարություն,
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
կրթության, գիտության և մշակույթի նախարարություն,
բնապահպանության նախարարություն,
առողջապահության նախարարություն,
ֆինանսների նախարարություն,
էկոնոմիկայի նախարարություն,
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
Այս ողջ ընթացքում, երբ խոսվում էր նախարարությունների օպտիմալացման մասին, այդպես էլ պարզ չդարձավ, ովքեր են քննարկում այս հարցը։ Դատելով լրահոսից՝ քաղաքական որոշումը կայացվել է իշխանության ուժից։ Կառավարության կառուցվածքի մասին հարցը այս ընթացքում քննարկվել է կառավարությունում, ինչպես նաև Ազգային ժողովի իշխող <<Իմ քայլը>> խմբակցությունում, ընդ որում, քննարկումները եղել են փակ։ Այսինքն՝ քաղաքական որոշումն արդեն կայացվել է, և երբ նախագիծը մտնի Ազգային ժողով, առանց որևէ խոչընդոտի կանցնի՝ հաշվի առնելով, որ իշխող ուժն ունի մեծամասնություն։ Հեղափոխական իշխանությունը անգամ հարկ չհամարեց հարցը քննարկել նաև մյուս խմբակցությունների՝ ԲՀԿ-ի և Լուսավոր Հայաստանի հետ։
Քաղաքական մենաշնորհները վերացնելու, քաղաքական փոքրամասնության կարծիքը հաշվի առնելու կարևորության մասին մինչ իշխանության գալը անընդհատ խոսող Նիկոլ Փաշինյանը փաստորեն շատ հստակ ցույց տվեց, որ թքած ունի քաղաքական փոքրամասնության կարծիքի վրա։ Ի վերջո, խոսքը պետության կառավարման համակարգում կտրուկ փոփոխությունների գնալու մասին է․ 5 նախարարությունները առևտրի կրպակներ չեն, որ միանգամից վերցնես ու փակես։ Այո՛, սա հենց այն եզակի հարցերից էր, որ մինչ նախագիծը վերջնական տեսքի բերելն ու քաղաքական որոշում կայացնելը պետք էր քննարկել առնվազն Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ, էլ չենք խոսում այն մասին, որ նախագիծը սահմանված կարգով անգամ հանրային քննարկման չի դրվել։
Ի՞նչ ստացվեց՝ հեղափոխությունից հետո մենք, քաղաքական համակարգի առողջացման փոխարեն, թավիշով թաթախված նոր տոտալ մենաշնորհ ստացանք, որտեղ չկա քաղաքական բազմակարծություն, չկան քաղաքական բանավեճեր՝ որոշումներ կայացնելուց առաջ։

Փաստորեն, քաղաքական հեղափոխություն ասելով՝ Նիկոլ Փաշինյանը հասկանում էր սեփական թիմին անսահման լծակներով օժտելը։ Այսինքն՝ իրենք 70 տոկոս ձայն են ստացել՝ ինչ կուզեն, ինչպես կուզեն, կանեն։ Նույն բանը ժամանակին անում էր Սերժ Սարգսյանը՝ մի տարբերությամբ, որ նա մյուսներին, նույն Նիկոլ Փաշինյանին թեկուզ ձևական լսում էր։ Հիմա դա էլ չեն անում։

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Նիկոլ Փաշինյանի՝ թքած ունենալու նուրբ արվեստը” հրապարակմանը

Մեկնաբանել